Հաշմանդամ երիտասարդների չես հանդիպի ոչ համերգային դահլիճներում, ոչ թատրոններում, ոչ սրճարաններում եւ ոչ էլ, առավել եւս, քաղաքային տրանսպորտում ու քաղաքի փողոցներում: Եթե, իհարկե, նման կուլտուրական ժամանցը նախապես նախատեսված ու պլանավորված չի եղել: Հայաստանում սահմանափակ կարողությունների տեր մարդիկ խմբավորվում ու միանում են տարբեր հասարակական կազմակերպությունների տանիքի տակ ու փորձում իրենց տեղն ու անելիքը գտնել: Իսկ բազմաթիվ հասարակական կազմակերպությունները (հ/կ) անում են այն, ինչ կարող են: Հաճախ նրանց մեծ ու հեռանկարային ցանկությունները սահմանափակվում ու արգելակվում են: Շատերը ֆինանսներ չունեն, իսկ ոմանք էլ` ոչ ֆինանսներ, ոչ էլ` կոնկրետ ծրագրեր: Մեր երկրում սահմանափակ կարողությունների տեր մարդիկ վստահ չեն իրենց ապագայի վրա, այդ պատճառով էլ անմարտունակ են: Նրանք ուրախ են ցանկացած օգնություն ստանալով: Եվ, որպես կանոն, նման օգնությունները, ընդ որում` ոչ միայն դրամային, այլեւ` ուսուցողական, ժամանակավոր կամ էլ կարճաժամկետ են լինում:
Շարժվելու, տեսնելու, լսելու խնդիրներ ունեցող մարդկանց ճակատագրով հասարակությունն առիթից առիթ է հետաքրքրվում: Այս շաբաթ նման առիթ դարձավ Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած երկու պարուսույցների այցը, ովքեր 6 օր շարունակ պարային դասընթացներ էին վարում «Կամք ու կորով» ու «Հույսի կամուրջ» հ/կ-ներում ընդգրկված 20 հաշմանդամ երիտասարդների հետ: Հայաստանյան «Բրիտանական խորհրդի» հրավերով Սթինա Նիլսենը եւ Բետտինա Կապրին հայ երիտասարդներին սովորեցնում էին «Քանդուքո» պարի գլխավոր սկզբունքները: Այդ սկզբունքները շատ հետաքրքիր ու գրավիչ են: «Cando.co» նշանակում է can do` դու կարող ես: Այսինքն` կարող ես զգալ, տիրապետել ու կատարելագործել սեփական մարմինը: Եվ մարմնի օգնությամբ մտքեր արտահայտել: Պարը միտված է առողջ եւ հաշմանդամ երիտասարդների համատեղ պարապմունքների շնորհիվ հաղորդակցվելու ու շփվելու հնարավորություն ստեղծելուն: Եթե ոչ` քանդել, ապա գոնե` սասանել գոյություն ունեցող պատնեշը:
Պատմում է ժամանակակից պարերի ու «Այկիդո» մարզաձեւի մասնագետ Բետտինա Կապրին. «Քանդուքո» պարը հիմնված է կոնտակտային շարժումների վրա: Մենք հայերին սովորեցնում ենք այնպիսի պարային շարժումներ անել, որտեղ պետք է սեփական կշիռն օգտագործել: Երիտասարդները դուետներ են կազմում: Եվ այդ դուետները շարժվող նկարների են նման: Նրանք պիետաներ` Մարիամի ու Հիսուսի պատկերներն են կազմում: Մենք հայտնի նկարիչների` Միքելանջելոյի, Կարավաջոյի նկարները շարժման մեջ ենք դնում»: Բացի պիետաներից ստեղծվելու է նաեւ «Խորհրդավոր ընթրիք» անվանումով պարը, որտեղ Հիսուսի կողքին առաքյալներ կլինեն: Սա կյանքն ու մահը, մութն ու լույսն իմաստավորելու փորձ է, որը մեծ նվիրումով ներկայացնում ու ցուցադրում էին պարուսույցները: Լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդները ստեղծում, քանդում ու կրկին էին ստեղծում լուռ պատկերները: Նրանց հետ միասին պարում էին նաեւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները: Անգլուհիները կարողացել էին հաղթահարել լեզվական պատնեշը, քանի որ շարժումը թարգմանության կարիք չի ունեցել: Նրանք հավատացնում են, որ իրենք միայն հուշում ու ներկայացնում են շարժումները, սակայն վերջնական արդյունքը կռահել չեն կարող: Պարն անկանխատեսելի է, իսկ «քանդուքոյի» շարժումները` ոչ պարտադրված: Երիտասարդները պիետաների անհատական տեսակետն են ստեղծում, որը հետագայում պետք է ներկայացման վերածվի: Նման աշխատանք պարուսույցներն արել են մի շարք երկրներում՝ Բրազիլիայում, Հունգարիայում: Իսկ մեր երիտասարդների համար դա նորույթ էր: Նորույթ, որի զարգացումը եւ շարունակությունն անգլուհի պարուսույցների խնդիրը չէ: Նրանք բավականին սթափ են գնահատում հայ իրականությունը եւ հաշմանդամ մարդկանց հանդեպ ստեղծված վերաբերմունքը: «Հասարակությունը անհատականություններից է կառուցված: Հաշմանդամներն ու ոչ հաշմանդամները գոնե այս պարի մեջ հավասար են: Մենք Հայաստան ենք եկել ոչ թե հասարակությունը փոխելու առաքելությամբ, այլ` մեր պարը սովորեցնելու: Բացի ձեզանից ոչ ոք չի կարող սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել: Հետագայում կօգտագործե՞ք մեր պարային շարժումները, թե՞ ոչ. ձեր գործն է: Մենք չենք եկել Հայաստան` Հայաստանը փոխելու համար»,- ասաց Ինտեգրացված պարային կրթության մագիստրոս Սթինա Նիլսենը: Հաշմանդամների խնդիրների մասին նման ազնվությամբ մեր երկրում քչերն են խոսում` գերադասելով ամպագոռգոռ ու վեհանձն բառերի տակ ինչ-որ բան փոխելու սեփական անկարողությունն ու իրական անտարբերությունը թաքցնել: Բացի հաշմանդամ մարդկանցից, ո՞վ գիտի` թե որքա՞ն են նրանք նպաստ ստանում եւ ինչպե՞ս կարող են այդ նպաստով ապրել: