Համաձայն չէ

10/03/2006

«Արդարություն» դաշինքի պատգամավոր Հրանտ Խաչատրյանի առաջարկի վերաբերյալ, թե լավ կլինի, եթե օմբուդսմենի տեղակալը ընդդիմության ներկայացուցիչ լինի, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը մեր թղթակցին ասել է. «Անընդհատ ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանն անձնավորված ինստիտուտ է: Այդ ամենը նշվում էր նաեւ ԱԺ-ում պաշտպանի ընտրությունների ժամանակ: Իսկ եթե այն անձնավորված ինստիտուտ է, ուրեմն չի կարող քաղաքականացվել: Այդ տեսակետից, այն պնդումը, թե պաշտպանի տեղակալը պետք է ընդդիմությունից լինի, ի սկզբանե հակասում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմքում դրված գաղափարախոսությանը: Շատ քիչ երկրներում կա տեղակալի հասկացություն: Ես միայն Վրաստանը գիտեմ: Իսկ որտեղ էլ կա, տեղակալին նշանակողը, ազատողը եւ նրա լիազորությունները որոշողն ինքը` պաշտպանն է: Սա միջազգային պրակտիկայում կա, եւ ես իմ կարծիքը չեմ ասում: Չեմ կարծում, թե մենք պետք է նոր հեծանիվ հորինենք այս հարցում: Տեղակալը պետք է լինի մեկը, ով կկատարի իմ հանձնարարությունները»: