Բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսի վերլուծաբանները համոզված են, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը պետական կառավարման համակարգում՝ աստիճանաբար ազդեցիկ իշխանական լծակներից զրկելով իր հոր թիմակիցներին: Փոխարենը, ըստ «Economist»-ի, առանցքային պաշտոններում Ալիեւը կնշանակի անձամբ իրեն հավատարիմ գործիչների: «Ոչ մեծ ռիսկ գոյություն ունի, որ նախագահ Ալիեւի՝ քաղաքական դաշտը վերաձեւելու փորձերը կստիպեն իշխող վերնախավի որոշ անդամների ընդվզել»,- կանխատեսում են «Economist»-ի փորձագետները: Բրիտանական հանդեսը չի սահմանափակվում զուտ քաղաքական իրավիճակի վերլուծությամբ: Lոնդոնյան պարբերականի տնտեսական կանխատեսումներն Ադրբեջանի իշխող վերնախավի համար բավական լավատեսական են: Համախառն ներքին արդյունքի աճն, ըստ «Economist»-ի, 2006-ին կկազմի 28%: Նման աճի գլխավոր բաղադրիչներից մեկը համարվում է ադրբեջանական գազի արդյունահանման սկիզբը: Բացի այդ, փորձագետները պնդում են, թե առաջիկայում Ադրբեջանում կնկատվի ներդրումների աճ: