Դասեր քաղելու ժամանակը

10/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած հիմնականում հիասթափություն եւ ափսոսանք արտահայտող հայտարարություններին աստիճանաբար փոխարինում են համեմատաբար լավատեսական հայտարարություններ:

Վերջին շրջանում տարբեր առիթներով ռամբույեյան բանակցություններից իր հիասթափությունն արտահայտող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նախօրեին արդեն հայտարարել է, թե 2006-ը դեռ ավարտված չէ, եւ հարցի լուծման հնարավորություն դեռ կա: Ավելին, Մանը նաեւ ասել է, թե Ռամբույեի բանակցություններում կողմերը հասել են մեծ առաջընթացի, պարզապես կան մի շարք չլուծված լուրջ հարցեր: Իսկ ահա երեկ էլ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը համոզմունք է հայտնել, թե Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն արդյունավետ է լինելու: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն Ռ. Հարնիշը հայտարարել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ: Ինչեւէ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նաեւ տեղեկացրել է, թե Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակելու նպատակով Ադրբեջան կժամանի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: «Համանախագահները համոզված են, որ բանակցությունները դրական արդյունք են ունենալու, քանի որ նախորդ երկու տարում նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել, եւ 2006-ը կարեւորագույն տարի է»,- ասել է Ռինո Հարնիշը, հավելելով, թե որոշումը պետք է կայացվի այս տարի, քանզի այդ են պահանջում «արդեն կայացած եւ ապագա ընտրությունները»: Ի դեպ, երեկ Հարնիշը եւս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի նախագահի` մարտի 2-ի հարցազրույցին, մասնավորապես ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե եթե բանակցություններն Ադրբեջանի հետ ձախողվեն, ապա Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Կուզենայի կրկնել, որ ԱՄՆ-ը դրական չի ընկալում նման որեւէ հայտարարություն ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի կողմից: Միացյալ Նահանգները դա չի պաշտպանում: ԱՄՆ-ը աջակցում է, որ կողմերը վերադառնան բանակցություններին եւ կարգավորեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Հատկանշական է, որ ըստ որոշ տեղեկությունների` մարտի 13-ին երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանելու նաեւ Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Դենիել Ֆրիդը, եւ նախատեսված են Ֆրիդի եւ Մանի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Չնայած այս ամենին, երեկ հրապարակված վերլուծականում «Economist» բրիտանական հեղինակավոր հանդեսի վերլուծաբանները, ովքեր հերթական վերլուծությունն են հրապարակել Ադրբեջանի մասին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանելի ապագայի մասին բավականին հոռետեսական կանխատեսումներ են արել: Ըստ այդմ, նախ փաստվում է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ փետրվարի կեսերին կայացած բանակցությունների ընթացքում: «2006-2007թթ. հարցի լուծման հավանականությունը փոքր է, քանի որ 2007-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, ինչն էլ, իր հերթին, կդժվարացնի իշխանությունների՝ ղարաբաղյան հարցի փոխզիջումային լուծման անհրաժեշտությունը հիմնավորելու գործը»,- պնդում են «Economist»-ի վերլուծաբանները: Ինչեւէ, ըստ տարբեր դիվանագիտական աղբյուրների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպման գլխավոր նպատակն է` հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ Ռամբույեում, եւ հստակեցնել հետագա անելիքները: Փորձագետների կարծիքով` համանախագահների համար եկել է հստակ հետեւություններ անելու ու դասեր քաղելու ժամանակը: Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը: Վերջինիս խոսքերով` համանախագահները պետք է կարողանան լավ վերլուծել, թե ի՞նչ պատահեց, եւ ի՞նչն էր խնդիրը: «Իրենք պատասխանատվության իրենց չափն էլ ունեն՝ եւ՛ պրոցեդուրալ, եւ՛ ըստ էության: Քաղաքականության վերանայման ժամանակն է: Կարծում եմ, ճիշտ է, որ Պրահայի գործընթացը շարունակելն իմաստ չունի, իսկ Մինսկի խմբի գործը տակավին կա՝ եթե կարողանան մի քանի լավ դաս սովորել այնտեղ»,- կարծում է Ժ. Լիպարիտյանը: Սակայն, ըստ նրա, առանցքային հարցն այսօր ԼՂ-ի բանակցություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրն է: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե Հայաստանի մասնակցությունը բանակցություններին ավելի է ամրապնդում հայկական կողմի դիրքերը բանակցային սեղանի շուրջ, ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդականն ասել է. «Ուղղակի կողմերը Ղարաբաղն ու Բաքուն են: Ի վերջո, այդ զիջումները, այդ շահագրգռությունը Ղարաբաղի պատասխանատվությունն է: Անցյալի փորձն էլ ունենք, որ երբեմն օգտակար է Հայաստան-Ադրբեջան խոսակցությունը, բայց Ղարաբաղի բացակայությունը խնդիր է ստեղծել, երբ Երեւանը համաձայնել է, իսկ Ղարաբաղը չի համաձայնել»: Ժ. Լիպարիտյանն անդրադարձել է նաեւ ԼՂ-ն «դե յուրե» ճանաչելու վերաբերյալ մարտի 2-ին Ռոբերտ Քոչարյանի արած վերը նշված հայտարարությանը: ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդականը Հայաստանի համար այդ քայլից առանձնակի օգուտներ չի ակնկալում, ավելին, նրա խոսքերով` նման հայտարարությունը բավական դժվարություն կստեղծի Ադրբեջանի հետ հետագա բանակցության առումով: «Վստահ չեմ, թե Ղարաբաղին որեւէ առավելություն տա, նաեւ վստահ չեմ, թե եթե նման հայտարարություն եղավ՝ հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Այդ իսկ պատճառով մեծ առավելություն չեմ տեսնում, հակառակը՝ մեծ պրոբլեմներ եմ տեսնում»,- եզրափակել է Ժիրայր Լիպարիտյանը: