Սանիտարական զտո՞ւմ

10/03/2006

«Հնարավո՞ր է` ԱԺ ընտրություններից առաջ «ԱՄ»-ն որեւէ ուժի` մասնավորապես «Դաշինքի» (հաշվի առնելով Սամվել Բաբայանի հետ ունեցած իրենց նախկին փորձը) հետ դաշինք կազմի» հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանել է. «ԱՄ»-ն այսօրվա դրությամբ, կրկնում եմ, այսօրվա դրությամբ միայնակ է գնալու ընտրությունների, սակայն արդեն ԱԺ-ում չենք բացառում հնարավոր դաշինքների ստեղծումն այն կուսակցությունների հետ, ում ծրագրային հիմնադրույթները, այս իշխանություններին տրված գնահատականները համընկնում են մեր գնահատականներին»: Քանի որ իշխանություններն ունեն իրենց սցենարը եւ այն պատկերը, թե որ ուժերն են լինելու ԱԺ-ում, ուստի Ա. Գեղամյանից հետաքրքրվեցինք` վստա՞հ եք, որ «ԱՄ»-ն եւս կա այդ սցենարում: «Ճիշտ եք, իշխանություններն ունեն իրենց սցենարը, թե որ ուժերին են աջակցելու, որ ընտրակեղծիքների միջոցով հայտնվեն ԱԺ-ում: Ի պատիվ իրենց, ասեմ, որ այդ սցենարի մանրամասներն առանձին կաչաղակների միջոցով լայնորեն տարածում են, խնդիր ունենալով որոշակի զանգվածի թերահավատորեն տրամադրել «ԱՄ» հեռանկարների նկատմամբ: Օգտագործելով առիթը` շնորհակալությունս եմ հայտնում իշխանավորներին «սանիտարական զտումներ» անելու եւ «ԱՄ»-ին տատանվողներից հեռու պահելու համար: Բնականաբար, ձեր հիշատակած սցենարում «ԱՄ»-ն լինել չէր կարող: Գոնե իրենք իրենց հոգու խորքում լավ գիտեն` ով է իրենց իրականում ընդդիմադիր: Ավելին` նրանք իրենց մերձավորների միջոցով տարածելով, որ «ԱՄ»-ն հույսը թող կտրի, որ ԱԺ-ում է լինելու, ասես խնդիր են հետապնդում, որ հիշեցնենք հայկական լավ ասացվածքը` իշտահներիդ քացախ: «ԱՄ»-ն շատ ավելի կազմակերպված ու հզոր է գնալու առաջիկա ընտրություններին, քան եղել է 2003թ.: Այսքան փորձություններից, այսքան ականներ մեր մեջ դնելուց հետո մենք ավելի հզորացանք: Դա են վկայում ոչ մեր կողմից անցկացրած ամենատարբեր հարցումների արդյունքները: Այնպես որ` այդ բախտախնդիր նկարիչներին հորդորում եմ զբաղվել իրենց հիմնական գործով, ոչ թե քաղաքական կանխատեսումներով,- ասաց Ա. Գեղամյանը։ -Վերջին հաշվով, չստացվի այնպես, որ բոլոր այն մականուններին, որոնք կպչում եւ բնութագրում են այս իշխանություններին, ավելանա եւս մեկը, թե նրանք այնքան ճարահատյալ վիճակում են, որ ակամայից ստանձնել են վհուկներին, ջադուներին հոգեհարազատ զբաղմունք` կանխագուշակումներ անելը: Թող հանգստանան իրենց մայր գործով վաղուց ի վեր չզբաղվող պաշտոնյաները, ընտրակեղծիքների մաեստրոները: «ԱՄ»-ն նորընտիր ԱԺ-ում նույնպես կլինի ներկայացված, այն էլ պատգամավորների շատ ավելի մեծ թվով: Հանգստացնեմ բախտագուշակ, բանսարկու իշխանավորներին, որ մենք իրենց նկատմամբ նենգ չենք լինի, ինչպես իրենք են մեր նկատմամբ: Հաղթողը միշտ մեծահոգի է լինում, իսկ մենք հաղթող կուսակցություն ենք»:

Լ.Ս.