Միջազգային հանրությունը կոլորի «քցող տղերքի» ականջները

10/03/2006 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Վերլուծե՞լ եք, թե ինչու Քոչարյան-Ալիեւ երկարատեւ բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, եւ թե ինչո՞ւ Ռամբույեից հետո էլ ավելի սրվեց իրավիճակը: Նկատի ունեմ` Ադրբեջանի նախագահի իրար հաջորդող ռազմատենչ հայտարարություններն ու Ռ. Քոչարյանի պատասխան հարցազրույցը, որն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի գնահատմամբ` էլ ավելի սրեց լարված իրավիճակը:

– Դեռ 2004թ. ապրիլին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին Մինսկի խմբի համանախագահողների հետ, ուր ձեռք էր բերվել սկզբունքային պայմանավորվածություն ԼՂՀ հիմնահարցի լուծման հայեցակարգի մասին, որը 2005թ. մայիսին Վարշավայում ամրագրվեց «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության» կազմակերպության գագաթաժողովում: Իսկ դրանով Հայաստանը պարտավորվում էր ազատագրված տարածքները վերադարձնել: Միաժամանակ բանակցող կողմերը պարտավորվելու էին ստեղծել համապատասխան պայմաններ` թե ադրբեջանցի, թե հայ տեղահանվածների իրենց մշտական բնակության վայրերը վերադարձն ապահովելու համար: Այնուհետեւ տարիներ անց պետք է անցկացվեր հանրաքվե` որոշելու ԼՂՀ կարգավիճակը: Ահա այն սկզբունքային հենքը, որի շուրջ ձեռք էր բերվել պայմանավորվածություն: Վերհիշենք հետագա զարգացումները: Ադրբեջանում 2005թ. նոյեմբերին տեղի ունեցան Միլի-մեջլիսի ընտրություններ, որոնց հաջորդեցին հարյուր-հազարավոր ընտրողների բողոքի ցույցեր: Նույն ամսին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը նույնպես ուղեկցվեց խայտառակ կեղծիքներով: Միջազգային հանրությունն աչքերը փակեց թե՛ ադրբեջանական ընտրությունների, թե՛ ՀՀ-ում անցկացված հանրաքվեի ժամանակ կատարված զանգվածային կեղծիքների վրա: Երկու դեպքում էլ հանդուրժողականության դրսեւորման պատճառը մեկն էր: Հայաստանի պարագայում Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը պատրանք էին ստեղծել, որ ԼՂՀ հարցն ի զորու է լուծել միայն ու միայն այս վարչակազմը, ուստիեւ պետք է նրան «գուրգուրել», պաշտպանել, եթե խնդիր է դրված, որ այս հարցն ընդհանրապես լուծում ստանա: Նույն շարժառիթներով էլ համարժեք գնահատական չտրվեց Ադրբեջանում անցկացված Միլի-մեջլիսի ընտրություններին:

Պատահական չէր նաեւ այն, որ սահմանադրական փոփոխությունների մեջ տեղ էին գտել այնպիսի վտանգավոր հոդվածներ, համաձայն որոնց` ՀՀ նախագահը ոչ միայն անձեռնմխելի է, այլեւ չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Մեկ այլ հոդվածով էլ` ԱԺ վավերացման ենթակայության շրջանակի մեջ են մտցվում սահմանների փոփոխության հարցերը: Այսինքն` արդեն իսկ իրավական հիմքեր էլ ստեղծվեցին ԼՂՀ հարցի նախապես պայմանավորված լուծումների համար: Հայաստանում հիշատակածս ժողովրդավարական կարեւորագույն նորմերի խախտումները հանդուրժելուց հետո հանկարծ Ռամբույեում, փաստորեն, վիժեցվում են 2004թ. Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք 2005թ. հավանության էին արժանացել երկու երկրների նախագահների կողմից: Բնականաբար, նման զարգացումներից հետո միջազգային կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն սկսեցին մտորել, որ բոլոր պայմանները, որոնք հնարավոր դարձրին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրենց պաշտոնները պահպանելու համար, ըստ էության ապահովված էին, մինչդեռ, երբ եկավ «փոխհատուցման» ժամը, այն է` գալ համաձայնության ԼՂՀ հարցի հանգուցալուծման շուրջ (իսկ նախագահների համար գաղտնիք չէր, որ 2006թ. հենց հանգուցալուծման տարի է հայտարարվել), չգիտես ինչու, ետ կանգնեցին իրենց իսկ պարտավորվածություններից: Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, ապա Քոչարյանը դատապարտված է հանդես գալ նման հայտարարություններով այն պարզ պատճառով, որ 1998թ. հունվար-փետրվարին Հայաստանում իրականացված հեղաշրջման ներկայացվող դրդապատճառն ու բացատրությունն այն էր, որ նախորդ իշխանությունների առաջարկած լուծումները, իբր, դավաճանական երանգներ են պարունակում: Հանրությանն էլ համոզում էին, որ կա հարցի կարգավորման շատ ավելի լավ տարբերակ, որի ջատագովը եւ կյանքի կոչողը կլինի հենց նույն Ռ. Քոչարյանը` իր թիմակիցների հետ: Այսինքն` հիմա նա այդ խոստումների (որի շնորհիվ ժողովուրդն այսքան տարիներ նրան հանդուրժեց), իր իսկ քաղաքական ֆիասկոյի ականատեսն է: Ուստիեւ Քոչարյանն ընտրեց ժողովրդի ուշադրությունը շեղելու մարտավարություն` հրապարակ իջեցնելով պատերազմի վերսկսման հնարավոր վարկածը: Դիվանագիտական եւ քաղաքական առումով սրանք հուսահատված մարդու գործելակերպի դրսեւորումներ են: Ես մարդկայնորեն կարող եմ իրեն հասկանալ. երկրի այն ղեկավարը, ով գիտակցում է, որ իր թիկունքին կանգնած չէ ժողովուրդը, ում իշխանավարության տարիների ընթացքում երբեմնի պասիոնար միաբանված ազգը հիմա դարձել է պառակտված, հիասթափված եւ իշխանատյաց մարդկանց զանգվածներ, բնականաբար պետք է դիմեր այսպիսի հուսահատ, ժամանակ շահող քայլերի: Չունենալով մեր ժողովրդի սատարումը` նա միշտ ապավինել է դրսի «բարիդրացիական» վերաբերմունքին, որն էլ պայմանավորված էր ԼՂՀ հիմնախնդրի լուծման շուրջ նրա տված խոստումներով: Այժմ արդեն միջազգային կազմակերպություններն ու երկրները եւս հիասթափվեցին` գիտակցելով նրա խոստումների սնանկությունը, ու ինքը մնաց օդից կախված: Իսկ օդից կախված մարդը վտանգավոր է երկրի, պետության համար: Ահա թե ինչու ստեղծված իրավիճակում վատը չցանկանալով նաեւ պարոն Քոչարյանին, պետք է, այո, մենք` «ԱՄ»-ն, նպաստենք երկրում անցնցում իշխանափոխությանը: Այս իրավիճակում Քոչարյանի համար լավագույն ելքն օր առաջ հրաժարական տալն է, ինչպես նաեւ` ազատ, արդար ԱԺ եւ նախագահական ընտրությունների անցկացումն է: Ավելին, Քոչարյանը, կարծում եմ, հասկանում է, որ ծանր կացության մեջ է ընկնում նաեւ հարեւան Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով: Չէ՞ որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման սկզբունքային պայմանավորվածությունների կարեւորագույն մաս էր կազմում այն, որ ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի հետքաշման հետ միաժամանակ այդտեղ խաղաղարար ուժեր պետք է մտնեն: Հենց միջազգային խաղաղարար ուժերի վրա էր դրվելու տարածաշրջանում տեւական խաղաղություն ապահովելու գործը: Այսինքն` այդ ուժերը տեղակայվելու էին Արաքս գետի ողջ երկայնքով, որն այսօր վերահսկվում է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի կողմից: Հասկանալի է, Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում վերջինս չէր կարող հանդուրժել նման զարգացումներ: Ինչ վերաբերում է Ռինո Հարնիշի հայտարարությանը, ապա պետք է նկատել հետեւյալը: Ըստ էության, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոստովանում է, որ համանախագահող երկրների մոտեցումը հակամարտող կողմերի ղեկավարների նկատմամբ, ինչը տարիներ շարունակ դրսեւորվում էր հանդուրժողականությամբ հանդեպ անօրինականությունների, ժողովրդավարության ճնշման փաստերը, ցանկալի արդյունք չեն տվել: Մի՞թե իրենց համար պարզ չէր, որ ԼՂՀ հակամարտության նման ծանր հարցն ի զորու է լուծել միայն այն իշխանությունը, այն նախագահը, որը ժողովրդի վստահության քվե ունի: Հիմա իրենք ինչ ցանեցին, դրա դառը պտուղները ճաշակում են:

– Այս փուլում ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՀՀ պաշտոնյաներին թմրաբիզնեսի մեջ անուղղակիորեն մեղադրելը ճնշման հերթական միջոց չէ՞:

– Յուրաքանչյուր իշխանություն, իսկ տվյալ պարագայում` հայրենյաց իշխանությունները, ճաշակում են սեփական արատավոր քաղաքականության արդյունքները: Չէր կարելի տարիներ շարունակ խաբեությամբ զբաղվել, հուսով անել գերպետություններին, թե Ղարաբաղի հարցն իրենք են լուծելու` ի սկզբանե շատ լավ գիտակցելով, որ չվայելելով ժողովրդի վստահությունը` չեն կարող դրսեւորել քաղաքական այնպիսի կամք, որով հնարավոր կլինի հանգուցալուծել այդ հիմնահարցը, որը կընդունվի Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Դեռ ավելի լուրջ եւ վիրավորական մեղադրանքներ էլ կլինեն, ավա՜ղ, որոնց համար պարարտ հողը, ցավոք, ստեղծել են նույն այս իշխանությունները:

– Համաձա՞յն եք հնչող գնահատականների հետ, թե Ռոբերտ Քոչարյանն ինքն է «իր ոչ կառուցողական կեցվածքով» պատերազմը դարձնում անխուսափելի:

– Պարոն Քոչարյանը պարզապես ուզում է ստեղծել պատերազմական իրավիճակի իմիտացիա: Դա իր զինանոցում թերեւս այն վերջին «փամփուշտն» էր, ինչը նա հրապարակ է իջեցնում` մտածելով, որ ընդհանուր վտանգի պայմաններում ժողովուրդը կհամախմբվի ղեկավարության շուրջ: Մինչդեռ նա չի ուզում ինքնախոստովանել, որ ժողովուրդը երբեք չի համախմբվի այն իշխանության շուրջ, որն ինքն է բոլոր չարիքների հետեւում կանգնածը, եթե չասենք` բուն պատճառը: Իսկ հիմա համատարած լրատվական հիստերիա է նկատվում թե Ադրբեջանում, թե Հայաստանում: Պատերազմի հող ստեղծողները հավասարաչափ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների պատվիրանը կատարողներն են: Թե ինչո՞ւ են դա անում Ադրբեջանի իշխանությունները` թողնենք իրենց վերլուծաբաններին: Իսկ մեր իշխանություններն այս համատարած կոռուպցիայի, ալան-թալանի, դավադրությունների հետքերը կոծկելու համար գտել են իրենց համար փրկարար, սակայն իրականում ամենավտանգավոր ուղին, ինչը երբեք ու երբեք իրականություն չի դառնա: Մեր ժողովուրդն այդ ժամանակ այս պատերազմի կուսակցության դեմ իսկապես կհամախմբվի: Կրկնեմ, ԼՂՀ հիմնահարցի արդարացի լուծումն ի զորու են կյանքի կոչել քաղաքական այն ուժերը, որոնք այսօրվա իշխանությունների նման ո՛չ պախարակված են, ո՛չ էլ վարկաբեկված: Եվ ամենակարեւորը` նրանք, ովքեր իշխանության կգան ժողովրդավարական ընտրությունների արդյունքում:

– Ռ. Քոչարյանի հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակեն իրենց ռազմատենչ հայտարարությունները` ապավինելով իրենց բանակի հզորությանը, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, կարո՞ղ է պատասխան սպառնալիք դառնալ, եւ Ադրբեջանին հետ պահել «ցանկացած տարբերակ` ընդհուպ պատերազմի վերսկսումը, ընդունելի է» կարգախոսից: Ի՞նչ եք կարծում, դրանից վախեցա՞վ Ադրբեջանը:

– Այս հարցին կարելի է մոտենալ երկու տեսանկյունից: Առաջին` եթե մենք ուզում ենք օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից, ապա մենք պետք է խրախուսենք Ռ. Քոչարյանի` նման ծանր հարցերին նման պարզունակ, գավառական պատասխանները, որովհետեւ դրանք արդեն իսկ ոչ միայն հասկանալի են դարձնում, որ այս մարդն իր տեղում չէ (մեր հասարակությունը դա վաղուց գիտի, խոսքը միջազգային հանրության մասին է): Միջազգային հանրությունը` ի դեմս կարգավորմանը ձեռնամուխ եղած երկրների, արդեն կգիտակցի, թե այսքան ժամանակ ինչպես են կուրորեն հետեւել Քոչարյանի բոլոր քմահաճույքների կատարմանը, որոնք իրենց առջեւ որպես նախապայման դրել էր նա: Երկրորդ` ցավ ես ապրում, երբ երկիրը մինչ օրս չունի ազգային անվտանգության այնպիսի հայեցակարգ, որը հասկանալի եւ ընդունելի կլինի ոչ միայն հայերիս, այլեւ միջազգային հանրության համար, որից ելնելով բխեն երկրի նախագահի հայտարարությունները: Այսինքն` կողմնորոշումները կորցրած, հուսահատ մարդու հայտարարություն էր դա: Այդ իսկ առումով կրկին արդիական է դառնում Քոչարյանի հրաժարականի հարցը: Հիմա ես Ձեզ հարցով դիմեմ: Կա՞ որեւէ երկիր, որը հրապարակայնորեն սատարել է ՀՀ որդեգրած արտաքին քաղաքականությանը: Չկա՛ այդպիսի երկիր: Եթե հեղինակավոր ամբիոններից Հայաստանը գնահատում են որպես ագրեսոր երկիր եւ հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ադրբեջանում Ռուսաստանի տարվա առթիվ փետրվարի 22-ին Բաքվում Վ. Պուտինն իր ասուլիսում հայտարարեց, որ եթե չլիներ ԼՂՀ հակամարտությունն, ապա Ադրբեջանի հետ ՌԴ ապրանքաշրջանառությունը (որը վերջին 2 տարիներին կրկնապատկվել եւ հասել է 1 միլիարդ դոլարի) կկազմեր առնվազն 5 միլիարդ դոլար: Այսինքն` նա թափանցիկ ակնարկ արեց, որ հիմնահարցի չլուծված լինելու պատճառով մեծապես տուժում է նաեւ ռուսական բիզնեսը: Սա անուղղակիորեն խոսում է Հայաստանի դերի եւ կշռի զրոյական մակարդակի մասին: ՀՀ-ն դադարել է քաղաքական գործոն լինելուց, իսկ սա չափազանց վտանգավոր է: Դրա համար ենք ասում, որ այս իշխանություններն արդեն իսկ վտանգ են հայոց պետականության համար եւ իրենք պետք է հեռանան:

– Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի ու իշխանություններին հիշեցնի, որ իրենք իշխանության գալուց առաջ եւ դրանից հետո անընդհատ վստահեցնում էին, թե եկել են խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու համար, եւ ոչ թե պատերազմն անխուսափելի դարձնելու:

– Այո, կարծում եմ, եկել է դրա ժամանակը, եւ պատահական չէ, որ մարտի 10-ին մենք կոնֆերանս ենք անցկացնելու, որտեղ բոլոր այս հարցերը մեկ անգամ եւս լրջորեն կքննարկվեն, եւ «ԱՄ»-ն հանդես կգա համապատասխան դիրքորոշումներով:

– «Արդարություն» դաշինքը շարունակում է պնդել, որպեսզի Ռ. Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի մասնակցությամբ ԱԺ լսումներ կազմակերպվեն ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, որից հետո իրենք կկողմնորոշվեն` ի՞նչ անել: Եթե այդ լսումները լինեն, ու Ռ. Քոչարյանը հայտարարի, որ իրենց նախկին հայտարարությունները թե բանակցությունները նորմալ են ընթանում, այդպես չէ, եւ հիմա պատերազմի վերսկսումն օրակարգային է, ի՞նչ է անելու ընդդիմությունը, եւ ո՞րն է լինելու «ԱՄ» դիրքորոշումը:

– Ես զարմանում եմ մեր գործընկերների լավատեսության վրա: Ինչպե՞ս կարելի է առողջ պետական օրգանիզմը հիվանդացնողներից բուժում ակնկալել: Լավ, մի՞թե պարզ չէ` ինչպիսի լուծումներ են սպասվում: Իրենք պետք է հերթական անգամ գան եւ ԱԺ ամբիոնից թերուսների համար բացականչեն, որ Ռամբույեն մեր բարոյական հերթական հաղթանակն էր, որ պարոն Քոչարյանը դուռը շրխկացրեց, պատերի ծեփերն էլ թափվեցին… Նրանց քննարկումների մակարդակը սա է, եւ ես կարծում եմ, որ եթե դուք մեկին կանչում, հաշիվ եք պահանջում, նշանակում է` դեռ հետը հույս եք կապում: Ես այս իշխանությունների հետ ԼՂՀ հիմնահարցի արդարացի լուծման առնչությամբ ոչ մի հույս չեմ կապում: Այս իշխանությունները միայն խոչընդոտ ու վտանգ են ԼՂՀ հարցի լուծման ճանապարհին: Այնպես որ` «ԱՄ»-ն աննպատակահարմար է գտնում հիշատակած պաշտոնյաների հրավերն ԱԺ: Այլ բան է, որ իշխանությունները շատ ու շատ կցանկանան, որ այդպիսի լսումներ լինեն: Այդ ժամանակ իրենք իսկ կհրահրեն, որ ԱԺ առանձին պատգամավորներ ամենառազմատենչ հայտարարություններով հանդես գան, որպեսզի Օսկանյանին Քոչարյանի հետ միասին միջազգային կառույցների հետ հանդիպելիս ասեն` այ, տեսեք մենք ինչ անելանելի վիճակում ենք հայտնվել, մի կողմից դուք եք մեզ ճնշում, խեղդում, մյուս կողմից` կոալիցիան ու ընդդիմությունը ձայն ձայնի տված պատերազմական կոչեր անում, մյուս կողմից էլ` ԼՂՀ-ն նույնպես ուզում է մեզնից երես թեքել: Դա մշակված շատ նրբին քաղաքականություն է, բայց քանի որ այն մշակողները միշտ կրկնվում են իրենց գործողություններում, արդեն իսկ հասկանալի է, որ դա հրահրվում է նախագահականի կողմից` այդ տրագիկոմեդիան միջազգային հանրությանը հրամցնելու համար է:

– Իսկ ի՞նչ կասեք այն գնահատականների առնչությամբ, թե Ռ. Քոչարյանը հող է նախապատրաստում, որպեսզի ՀՀ-ում հայտարարի ռազմական իրավիճակ, եւ հայտարարի, թե պետությանը պատերազմի վտանգ է սպառնում, եւ դրանով, որը թույլ է տալիս Սահմանադրությունը, անորոշ ժամանակով հետաձգի նախագահական ընտրությունները` այդպիսով երկարաձգելով իր պաշտոնավարությունը:

– Եթե չլիներ միջազգային հանրության լռակյաց հանդուրժողականությունը, 2003թ. խայտառակ ընտրություններից հետո Քոչարյանը կկարողանա՞ր պաշտոնավարել: Միարժեքորեն` ոչ: Կամ` 2004թ. ապրիլի 5-ի, 12-ի վայրագություններից հետո Քոչարյանը կմնա՞ր: Իհարկե` ոչ: Եթե այդ հանդուրժողականությունը չլիներ` հանրաքվեի խայտառակ անցկացումից հետո Քոչարյանը կմնա՞ր: Կրկին` ոչ: Հանդուրժել են զուտ այն նպատակով, որ Ռամբույեում գային վերջնական համաձայնության: Քոչարյանենց տերմինաբանությամբ` տղերքը «քցել» են միջազգային հանրությանը, եւ վերջինս կսկսի ոլորել ոչ թե հայ ժողովրդի, այլ տղերքի ականջները: Կստեղծի բոլոր նախադրյալները, որպեսզի մեր ժողովրդի 7-8 տարիների փայփայած իղձերն ի կատար ածվեն, եւ այս հանցավոր իշխանությունները հեռանան: