Թմրաբիզնեսը Հայաստանում

10/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Թմրամիջոցների դեմ միջազգային ռազմավարության մասին զեկույցը 2006թ. համար։ Մեր երկրի գնահատականը ընդհանուր առմամբ դրական է, սակայն կան դիտարկումներ, որոնք իրոք անհանգստանալու տեղիք են տալիս։

«Հայաստանը թմրանյութ արտադրող խոշոր երկիր չէ, եւ թմրանյութերի շրջանառության ծավալները համեմատաբար փոքր են։ Հասկանալով երկրի պոտենցիալը՝ թմրամիջոցների միջազգային տարանցման տեսանկյունից, ՀՀ կառավարությունը փորձում է բարելավել իր կանխարգելիչ հզորությունները։ 2001թ.-ից Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին մասնակցում է Հարավային Կովկասում իրականացվող Թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրին, որը հովանավորվում է ՄԱԿ-ի կողմից։

Հայաստանը թմրամիջոցների միջազգային թրաֆիքինգի տարանցման ուղի դառնալու մեծ պոտենցիալ ունի, քանի որ գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում։ Ներկայում իր հարեւան երկրների հետ Հայաստանի ընդհանուր տրանսպորտային փոխադրումները մեծ չափերի չեն հասնում, այդ իսկ պատճառով թմրանյութերի շրջանառության տեսանկյունից այս երկիրն առայժմ երկրորդական նշանակություն ունի»։

Թեեւ նշվում է, որ ՀՀ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, սակայն զեկույցում տեղ են գտել նաեւ առկա խնդիրներն ու դժվարությունները։

«Մարդկային եւ ֆինանսական աղքատ ռեսուրսները, սակայն, սահմանափակում են ոստիկանության հնարավորությունները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տեսանկյունից։ Թմրամիջոցների օգտագործումը Հայաստանում մեծ խնդիր չէ, եւ, ոստիկանության հավաստմամբ, թմրանյութերի տեղական շուկան մեծ չէ։ Հերոինը եւ կոկաինը առաջին անգամ Հայաստանի թմրանյութերի շուկայում հայտնվել են 1996թ.-ին։ Դրանց շրջանառության ծավալներն այս տարիների ընթացքում փոքր չափով են մեծացել։ Հիմնական թմրամիջոցներն են հաշիշը եւ մարիխուանան»։

Նշվում է, որ 2003թ. մայիսի 10-ին ընդունված «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքից բացի` ՀՀ Ոստիկանությունը ոչ մի նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Թեեւ ըստ Պետդեպարտամենտի մասնագետների՝ օրենքի կատարումը եղել է արդյունավետ եւ հաջողություններ է արձանագրել թմրամիջոցների դեմ պայքարի գործում։ «Կանեփի եւ կակաչի հայտնաբերման եւ ոչնչացման աշխատանքները շարունակվել են 2005թ. ընթացքում։ Տարվա ընթացքում անցկացված միջոցառումների շրջանակներում ոչնչացվել է ավելի քան 112 կգ կանաչ զանգված»։ Ուշագրավ է զեկույցում տեղ գտած հետեւյալ դիտարկումը։

Անցյալ տարի Հայաստանը մասնակցել է «Channel 2005» կոչվող ծրագրին՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հետ միասին։ Միջոցառումներին ներգրավված են եղել բոլոր համապատասխան ծառայությունները՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Մաքսային պետական կոմիտեն, սահմանապահ ուժերը, ներքին զորքերը եւ Պաշտպանության նախարարությունը։ 6 օր տեւած միջոցառումների արդյունքում 14 քրեական գործ է հարուցվել 16 անձանց դեմ։ Սակայն բռնագրավված թմրանյութի քանակը զարմանալիորեն շատ քիչ է, եթե համեմատում ենք գործողության հնչեղության հետ։ Այսպես, բռնագրավվել է ընդամենը 100 գրամ տարբեր տեսակի պատրաստի թմրանյութ, 5 լիտր թմրանյութի հումք եւ 69 հոգեմետ հաբեր։

Պակաս հետաքրքիր չէ նաեւ այն, որ 2005թ. առաջին 9 ամիսների ընթացքում թմրանյութերի շրջանառության բացահայտված դեպքերը (458 դեպք) մի քանի տասնյակ անգամ գերազանցում են թմրանյութի օգտագործման դեպքերին (15)։ Նույն ժամանակահատվածում բռնագրավվել է ավելի քան 14 կգ թմրանյութ։ 2005թ. փետրվարից «Զվարթնոց» օդանավակայանում գործում է թմրամիջոցների հայտնաբերման առանձին մասնագիտացված ծառայություն։

Զեկույցում առանձին ուշադրություն է դարձվել մեր երկրում առկա կոռուպցիային, որը համարվում է թմրամիջոցների դեմ պայքարի հիմնական խոչընդոտներից մեկը։

«Կոռուպցիան շարունակում է Հայաստանի համար խնդիր մնալ։ Թեեւ ՀՀ կառավարությունը որոշ քայլեր արել է հակակոռուպցիոն ծրագրի զարգացման ուղղությամբ, սակայն քաղաքական կամքը եւ ձեռնարկված կոնկրետ քայլերը ծրագրին համարժեք չեն։ 2004թ. ապրիլին ՀՀ Դատախազության համակարգում ստեղծվեց 8 դատախազներից կազմված հակակոռուպցիոն նոր միավորում, որի աշխատանքները գտնվում են անմիջապես ՀՀ Գլխավոր դատախազի հսկողության տակ։ ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի աջակցում կամ հովանավորում թմրամիջոցների արտադրությանն ու շրջանառությանը, կամ միջազգային թմրաբիզնեսից ստացված փողերի լվացմանը։ Ոչ մի պետական պաշտոնյա չի բացահայտվել այսպիսի գործողությունների մեջ ներգրավված լինելու համար։ Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել ՄԱԿ-ի Կոնվենցիան՝ ընդդեմ կոռուպցիայի»։

Հետաքրքիր է նաեւ թմրանյութերի աճեցման եւ շրջանառության հնարավորությունների համառոտ ուսումնասիրությունը։ «Կանեփը եւ կակաչը վայրի պայմաններում աճում են Հայաստանի շատ շրջաններում։ Կանեփն աճում է հիմնականում Արարատյան դաշտում։ Կակաչն ամենից շատ տարածված է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Սեւանի շրջակայքում եւ որոշ լեռնային վայրերում։ 2005թ. սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ Ոստկանությունն իրականացրել է «Կանեփ – կակաչ 2005» կոչվող ամենամյա ծրագիրը՝ այդ բույսերի ոչնչացման ուղղությամբ։

Հայաստան մուտք գործող թմրանյութեր գալիս են Իրանից (օփիում, հերոին) եւ Վրաստանից (մարիխուանա, հաշիշ)։ Ոստիկանության տվյալներով, Ռուսաստանից որեւէ տարանցիկ ճանապարհով Հայաստան թմրանյութ մուտք չի գործում։ Թեեւ ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակ են, սակայն թմրանյութերը Թուրքայից Հայաստան են ներկրվում Վրաստանի տարածքով։ Ոստիկանությունը կանխատեսում է, որ սահմանների բացման դեպքում թմրամիջոցների արտաքին շրջանառությունը զգալիորեն կմեծանա»։

Զեկույցի հեղինակների կարծիքով, Հայաստանում թմրամոլների մեծ մասն օգտագործում է հաշիշ։ Հերոին եւ Էֆեդրին օգտագործողների թիվն այնքան էլ մեծ չէ։

Ամերիկացի մասնագետները գտնում են, որ Հայաստանում զգալի աշխատանք է տարվում թմրամոլության կանխարգելման ուղղությամբ՝ իրազեկման աշխատանքների եւ թմրամոլների բուժման միջոցով։ Այս աշխատանքներն իրականացվում են Հարավ Կովկասյան հակաթմրամիջոցային ծրագրի շրջանակներում։