Կառուցվում են Հյուսիսային պողոտային հարակից էլիտար շենքերը: Դրանց կառուցման համար փակվել եւ որպես շինհրապարակ է օգտագործվում Մաշտոց-Աբովյան հատվածում ընկած Թումանյան փողոցի մի մասը՝ լայնությամբ, եւ մի մայթը: Սակայն ճանապարհատրանսպորտային այդ արգելքը ոչ բոլոր մեքենաների վրա է ազդում: «Գոլդ» համարներով ու մուգ ապակիներով շքեղ մեքենաների վրա չի ազդում: Այդ հատվածում է գտնվում «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը, մի քանի խանութներ եւ բար-սրճարաններ: Հաճախորդներն իրենց մեքենաները կանգնեցնում են այդ օբյեկտների անմիջապես դիմացը, եւ առանց այդ էլ նեղ ու կիսատ փողոցն ամբողջությամբ փակվում է, անանցանելի ու վտանգավոր է դառնում նաեւ հետիոտնի համար:
Հարակից շենքերի բնակիչները պատմում են, որ գրեթե ամեն օր երեկոյան ժամերին Թումանյան փողոցի այդ հատվածում պետավտոտեսուչներ են կանգնում՝ իբր թե երթեւեկությունը հսկելու համար: «Այս խեղճուկրակ մեքենաներին կանգնեցնում ու վարորդներին կլպում են,- ասում է բնակիչներից մեկը: – Աստված չանի, եթե մեկը Պրոսպեկտից Թումանյան է մտնում, մանավանդ, որ մեքենաները շրջաններից են լինում: Իսկ այս ջիպերի ու մերսեդեսների կողմը նույնիսկ ռիսկ չեն անում նայել: Դրանց վարորդները կիջնեն, էդ գայիշնիկներին քացու տակ կգցեն: Բայց դե միշտ էլ հարմար ու մոլորված որս պատահում է»:
Բայց այդ մասում կառուցվող երկու բնակելի եւ մեկ բիզնես-կենտրոնի հիմնական շինարարությունն արդեն ավարտվել է, մնացել են ներսի հարդարման աշխատանքները: Այս հանգամանքը հարակից հին շենքերի բնակիչներին հույս է տալիս, որ փողոցն օրերս միգուցե բացե՞ն: Չէ՞ որ նրանցից ոմանք էլ մեքենաներ ունեն եւ իրենց շենքին մոտենալու համար գնում են մի քանի փողոց հեռու ու ինչ-որ խուճուճ եւ քանդված ճանապարհներով մի կերպ տեղ են հասնում: «Թումանյան փողոցի փակված հատվածում «Հին Էրիվանին» կպած տասնութհարկանի բնակելի շենքի կառուցման համար վերամբարձ կռունկ էր կանգնած,- ասում է մեր զրուցակիցը: -Հիմա շինարարությունն ավարտված է, ու կռունկը տարել են, բայց ճանապարհը չեն բացում, որ մենք էլ կարողանանք հանգիստ անցուդարձ անել: Մի քանի անգամ մտել հարցրել-խնդրել ենք: Բայց մեզ չեն էլ բարեհաճում պատասխանել»:
Թումանյան փողոցին հարակից շենքերի բնակիչները պատմում են, որ Հյուսիսային պողոտայի ու այդ էլիտար շենքերի կառուցապատման ընթացքում դա միակ անհարմարությունը չէ, որ կառուցապատողները ստեղծել են: Նրանք դժգոհում են, որ նորակառույց բարձրահարկ այդ շենքերը փակել են իրենց տների լուսավորությունը: Իրենք ու իրենց երեխաները բակ դուրս գալու հնարավորություն չունեն:
«Երբ ինչ-որ մի անհարմարության պատճառով մոտենում, դժգոհում էինք, թե` էս ի՞նչ եք անում, ախր էսպիսի բան չեն անում, մեզ սպառնում էին,- պատմում էր մի բնակիչ: -Հա, կառուցեք, բայց այնպես մի արեք, որ ձեր կառուցածի արդյունքում մեր բնակարանները տուժեն ու արժեզրկվեն: Չէ՞ որ դրա համար փոխհատուցում չի լինելու: Մեզ ասում էին՝ սուս մնացեք, տեղներդ հանգիստ նստեք: Թե չէ երեխաներ ունեք հա, զգույշ մնացեք: Այսպես են մեզ միշտ վախեցնում»:
Այդ շենքերի շինարարությամբ զբաղվող բանվորները տեղեկացրին, որ Պուշկին-Թումանյան հատվածի այդ էլիտար շենքերի կառուցապատողները Ռուսաստանից են, բայց թե կոնկրետ ովքե՞ր են՝ տեղյակ չէին: Գիտեին, որ մի փոքր այն կողմ արդեն ավարտին է հասնում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի շենքը: Ի դեպ, Թումանյան փողոցին հարակից երկու՝ ութ եւ տասնութհարկանի էլիտար շենքերի բնակարաններն արդեն վաճառված են: Այդ շենքերի ամենափոքր բնակարանն ունի 140 քմ մակերես, իսկ ամենամեծը՝ 280 քմ: Յուրաքանչյուր քառակուսի մետրն արժե 1200-1500 դոլար: Իսկ ներքին հարդարման աշխատանքներն իրականացնում են գնորդներն իրենք: Բանվորները գիտեին ութ հարկանի շենքի ապագա միայն մեկ բնակչի՝ Խոսրով Հարությունյանի անունը: Բայց թե ո՞վ էր այդ մեծահարուստը, նրանք չգիտեին: Մեկ էլ լսել էին, որ իրենց կառուցած շենքերի բնակարանները գնել են հիմնականում Ռուսաստանի, Ամերիկայի ու Իրանի հարուստ հայերը: Փորձեցինք ճշտել, թե եթե շինարարական մեքենաները արդեն հեռացել են շինհրապարակից, ու տարածքն էլ ազատվել է, ապա ինչո՞ւ փողոցը չեն բացում: Նշենք, որ սրա համար բնակիչներն իրենց կարծիքն ունեն: «Էդ Հյուսիսային փողոց կոչվածը շատ նեղ է, ու իրենց անձնական մեքենաները կանգնեցնելու համար տեղ չկա,- բացատրում է մեր զրուցակիցը: Հես ա, հիմա էլ իրենց մեքենաներն են կանգնեցրել»:
Իսկ իրեն շինարարության ղեկավար ներկայացնող Վահագն Եդիգարյանն էլ ասաց, որ ինքը հենց այդ պահին էլ պատրաստ է ետ քաշել փողոցը փակող պարիսպը, ուղղակի իրեն դեռ չեն ասել: Իսկ ովքե՞ր պետք է ասեն: «Գիտե՞ք, շինարարությունը նայելու համար այս շաբաթ այստեղ պետք է գա քաղաքապետ Երվանդ Զախարյանը,- տեղեկացրեց պարոն Եդիգարյանը: -Նրանից կհարցնեմ, թե ինչ անեմ: Մինչեւ ապրիլի վերջը կամ մայիսը այս հատվածի բացումը պետք է անենք»:
Պարոն Եդիգարյանն ասաց, որ այդ ժամանակ Թումանյան փողոցն էլ պետք է վերանորոգված լինի: Թեպետ նա տեղեկացել էր, որ այդ փողոցն ամբողջությամբ կվերանորոգվի Լինսի հետագա ծրագրով: Այնպես որ, իրենց աշխատանքն անիմաստ կլինի, որովհետեւ այդ դեպքում իրենց կառուցածը կքանդեն, որպեսզի Լինսով վերանորոգեն, ինչպես որ ժամանակին Լինսով նոր վերանորոգածը քանդեցին, որպեսզի ջրագծեր կամ չգիտեմ էլ ինչ գծեր քաշեն: