Գարնանային հալոցքի ջրերը սպառնում են փակել կոյուղագծերը: Նման իրավիճակ է ստեղծվել Գյումրիի Շահինյան 4ա շենքի բնակիչների համար: Եվ ինչպես վկայում են «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցները, իր բնույթով սա միակ օրինակը չէ քաղաքում: Ըստ «Շիրակ Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Լյուդվիգ Էլբակյանի, իրենք անում են ամեն հնարավորը նման իրավիճակները կանխելու համար, սակայն դրանք շատ են, ու աշխատակիցներն ի վիճակի չեն վերահսկելու ամբողջ քաղաքի կոյուղագծերը: Նրանք ակնկալում են նաեւ բնակիչների աջակցությունն ու խելամտությունը, քանզի բնակիչները նույնպես շատ հաճախ մեղավոր են նման իրավիճակների ստեղծման համար: Իրենց շենքը հալոցքի ջրերից փրկելու համար, մի շենքի բնակիչներն անօրինական կերպով այդ ջրերի հունը փոխում են դեպի կոյուղագծեր: Կարող է նաեւ շարքից դուրս գալ ամբողջ թաղամասի կոյուղագիծը, ինչը վերանորոգելու համար մեծ գումարներ են հարկավոր, որն այսօր «Ջրմուղ-կոյուղին» չունի: Նման իրավիճակների շարունակվելու դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: