«Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության հիմնադրամի եւ Աջափնյակ թաղապետարանի նախաձեռնությամբ այսուհետ Աջափնյակ համայնքի թիվ 94 դպրոցը կկոչվի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ:
Այս նախաձեռնությունը հաստատվել է Երեւան քաղաքի խորհրդով, որի անդամներն են մայրաքաղաքի 12 համայնքները: Օրեր առաջ մեծ շուքով դպրոցը վերանվանվեց Երեւանի քաղաքապետարանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոց, որին մասնակցում էին մեծ թվով մարդիկ: Ի դեպ, 1 ամիս առաջ 197 մանկապարտեզն Աջափնյակ համայնքի ավագանու որոշմամբ նույնպես վերանվանվել է Գուրգեն Մարգարյանի անունով: Միջոցառմանը ներկա էր Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանը, ում տան հարեւանությամբ նախկինում բնակվել է Գուրգեն Մարգարյանը:
– Տեղյա՞կ եք, որ Գուրգենի ծնողներն ու եղբայրն ապրում են Մալաթիա համայնքում գտնվող մի փայտե տնակում եւ սոցիալապես ծանր պայմաններում են:
– Այո՛, տեղյակ եմ: Մենք օգնել ենք, օգնում ենք եւ պատրաստ ենք օգնել Գուրգենի ընտանիքին: Գուրգենի մահանալու ժամանակ թաղապետարանը 1 մլն դրամով օգնել է: Ե՛վ Պաշտպանության նախարարությունն է օգնել, եւ՛ մենք: Հիմա այգի ենք կառուցում, որը հիմնադրամի եւ թաղապետարանի ծախսերով պիտի կառուցվի: Եթե դիմեն նյութական օգնության համար, ապա մենք պատրաստ ենք օգնել: Յուրաքանչյուր հարցով Գուրգեն Մարգարյանի հիմնադրամին եւ ընտանիքին կարող ենք օգնել: Պարզապես հիմա բնակարանային հարց չենք կարող լուծել, որովհետեւ այդ հնարավորությունը չունենք, բնակարան չի կառուցվում:
– Այսինքն՝ սպասում եք, որ իրենք նյութական օգնություն խնդրեն, որից հետո նոր օգնե՞ք, բայց չէ՞ որ այդ ընտանիքը դեռ սգի մեջ է եւ այդ քայլին չի գնա:
– Իսկ դուք չե՞ք կարծում, որ, եթե մենք ցանկանանք օգնել՝ այդ մարդիկ կվիրավորվեն: Մենք պատրաստ ենք ձեռք մեկնել, մեր փոխհարաբերություններում նրանք չեն կաշկանդվի, որովհետեւ բացի թաղապետ-բնակիչ հարաբերություններից` նաեւ հարեւաններ ենք:
Ի դեպ, այս ընթացքում Աջափնյակ համայնքում փոքրիկ հարցում անցկացրեցի, եւ որեւէ մեկը չգիտեր, թե ո՞վ է Գուրգեն Մարգարյանը, կամ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են նրա անունով դպրոց, մանկապարտեզ անվանակոչում:
Ա. Խաչատրյանը՝ Առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե 120.000 դոլար կտա այն մարդուն, ով կսպանի Սաֆարովին, պատասխանեց.
– Ես վստահ եմ, որ Սաֆարովն իր մահով չի մահանալու: Ամեն ինչ չէ, որ պետք է հայտարարվի: Չեմ կարծում, թե դա բարոյական հայտարարություն է, ի վերջո նրա գլուխը ոչինչ չարժե: Գումարայինը չեմ ընդունում, բայց որ պետք է հայի ձեռքով սպանվի՝ դա հաստատ: Եթե դատավարություն չլինի, ուրեմն ուրիշ ձեւ կլինի: Էդ ո՞ր մի եղեռնագործը չի սպանվել: Գուրգենին անձամբ ճանաչել եմ. արտակարգ երիտասարդ էր: