«Պաշտոնյաները ներգրավված են թմրաբիզնեսում»

08/03/2006

Հրապարակվել է թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանի համար կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր: «Թեեւ ՀՀ կառավարությունը մշակեց եւ ընդունեց կոռուպցիայի դեմ ռազմավարական պայքարի ծրագիր, այնուամենայնիվ, այդ ծրագիրը կյանքի կոչելու համար քաղաքական կամքը եւ միջոցառումները բավարար չեն եղել»,- նշված է զեկույցում: Ուշագրավ է, որ այդ զեկույցում տեղ է գտել այսպիսի նախադասություն. «Հայ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մերկացվել թմրանյութերի ապօրինի իրացման գործում»: Փաստորեն, այդկերպ ԱՄՆ Պետդեպարտամենտը նաեւ հայտարարում է, որ թմրանյութերի ապօրինի իրացման գործում ներգրավված են հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նման ձեւակերպման բացասական հետեւանքների մասին խոսելը թերեւս ավելորդ է, սակայն արժե նշել դրանցից մեկը: Հայտնի է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ղեկավարը նամակ էր հղել ՀՀ նախագահին, որում շեշտվում էր արդարացի եւ արդյունավետ կառավարման ու ժողովրդավարության բնագավառում առաջընթացի անհրաժեշտությունը, ընդգծելով, որ Հայաստանը կարող է զրկվել «Հազարամյակի մարտահրավերներ»-ից ակնկալվելիք գումարից, եթե վերոնշյալ բնագավառներում առաջընթաց չարձանագրվի: Բացի այդ, Պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նման ձեւակերպման առկայությունը թերեւս ավելի կոգեւորի ադրբեջանական քարոզչությանը, որով ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են ապացուցել, թե Լեռնային Ղարաբաղը դարձել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար տարանցիկ գոտի: