Շաբաթ օրը կեսօրին «Ժառանգության» անդամներն ահազանգ են ստացել, որ երեք հոգի կոտրում են Վազգեն Սարգսյան 9 հասցեում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղակայված կենտրոնական գրասենյակի դռան փականն ու նորը տեղադրում: Երբ «Ժառանգության» անդամները եկել են կուսակցության գրասենյակի մոտ, տեսել են փականը կոտրողներից մեկին` թատրոնի գլխավոր ինժեներ Լեւոն Զոհրաբյանին: Վերջինս էլ ասել է, որ կատարում է իր տնօրենի հրահանգը: «Շաբաթ օրերին գրասենյակը սովորաբար փակ է լինում: Իրենք դռները կոտրել, ներս են մտել: Չգիտենք՝ որքա՞ն ժամանակ են ներսում եղել, ի՞նչ են հանել ներսից: Գիտենք միայն, որ հետո պլոմբել են դուռը եւ հիմա նրանց պլոմբն է դրված: Րաֆֆի Հովհաննիսյանին որպես սեփականություն պատկանող գույքը, նաեւ կուսակցության փաստաթղթերը մեջն են»,- վրդովված հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, կուսակցությունն այդ տարածքը վերցրել է վարձակալությամբ, եւ ըստ կնքված պայմանագրի` վարձակալության ժամկետը լրանում է այս տարվա հունիսին: Այնպես որ, Վ. Խաչատրյանի համոզմամբ, մինչեւ հունիսի մեկն իրենց ոչ ոք չի կարող դուրս անել այդ տարածքից: Թեեւ պրն Խաչատրյանի պատմելով, իրենց շուրջ 10 օր առաջ թատրոնի տնօրենն առաջարկել է ազատել տարածքը, բայց քանի որ պայմանագրով նախատեսված ժամկետը չի լրացել, «Ժառանգության» անդամները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Իսկ կատարվածը նրանք որակում են որպես «բռնաճնշում» եւ համոզված են, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Ընդհանրապես, վերջին շրջանում «Ժառանգություն» կուսակցությունը սկսել է պարբերաբար ենթարկվել հալածանքների: Մեկ` ակտիվ ստուգումներ են իրականացվում Րաֆֆի Հովհաննիսյանին պատկանող կազմակերպություններում. հիմնականում ստուգում են նրանց հաշվեհամարները: Ամեն կերպ «Ժառանգություն» կուսակցության հետ է փորձ արվում կապել Հայաստանի առաջադիմական կուսակցության քարտուղար Նունե Ղումաշյանի նկատմամբ վերջերս տեղի ունեցած հարձակումը: Պետք է նկատել, որ այդ հալածանքները սկսվել են նախորդ տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Այդ ամենի պատճառը, թերեւս, հանրաքվեից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի աննախադեպ ակտիվացումն էր, երբ վերջինս հանրաքվեից երկու օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում նախաձեռնեց եւ անցկացրեց քաղաքացիական ժողով եւ երկու օր անընդմեջ ՀՀ պետական դրոշի ներքո, ի նշան բողոքի, կանգնած մնաց հրապարակում: Համենայնդեպս, այս կարծիքին են «Ժառանգության» անդամները: «Մենք վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է եւ սա տեղավորվում է արդեն մի քանի ամիս Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության վրա տեղացող հարձակումների շրջանակում: Իսկ պատճառը պարզ է` մեր կուսակցության ընդդիմադիր կեցվածքն ու ակտիվ գործունեությունն է ստիպում իշխանություններին այդպես վարվել»,- համոզված է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Վերջինս պնդում է, որ իշխանություններն օգտվել են այն հանգամանքից, որ պարոն Հովհաննիսյանը Հայաստանում չէ, եւ որոշել են փակել գրասենյակը:
Երեկ մեզ ոչ մի կերպ չհաջողվեց տեսնել Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին, քանի որ վերջինս տեղում չէր. թատրոնի աշխատակիցների փոխանցմամբ, նա մեկնել էր իր հարազատներից մեկի թաղմանը: Սակայն նախօրեին պրն Շահբազյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ կողպեքները փոխվել են իր հրամանով եւ կողպողներն էլ եղել են թատրոնի աշխատակիցները (իսկ «Ժառանգությունում» համոզված են, որ իրենց կուսակցության դուռը կողպողները եղել են հատուկ ծառայությունների աշխատակիցները): Թատրոնի շենքի սեփականության իրավունքը՝ կառավարության որոշման համաձայն, փոխանցվում է Պետական գույքի կառավարման վարչությանը: Վերջինս էլ պահանջել է, որ շենքի հանձնման պահին որեւէ այլ գրասենյակ այնտեղ չլինի: «Թող գնան եւ պայմանագիր կնքեն Պետական գույքի կառավարման վարչության հետ, ես որեւէ խնդիր չունեմ»,- ասել է թատրոնի տնօրենը` հավաստիացնելով, որ այդ ամենի ենթատեքստում որեւէ քաղաքական հարց չկա: «Մեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ կնքված պայմանագիրը չի ունեցել նոտարական վավերացում եւ Անշարժ գույքի կադաստրում գրանցված չի եղել, ուստի Քաղաքացիական օրենսգրքի 302 հոդվածի համապատասխան` այն համարվում է առ ոչինչ, եւ ես առաջարկել եմ ազատել տարածքը»,- հավաստիացրել է պրն Շահբազյանը: Ինչ վերաբերում է գրասենյակի տարածք առանց թույլտվության մտնելուն, Կարապետ Շահբազյանը հավաստիացրել է, որ իրենք գրասենյակ մուտք չեն գործել: «Իրենց դուռը չի բացվել, ուղղակի իրենց փականին եւս մեկ կողպեք է ավելացվել: Այդ դեպքում ոչ ես կարող եմ առանց իրենց դուռը բացել, ոչ էլ իրենք՝ առանց ինձ»,- «Ազատության» թղթակցին ասել է թատրոնի տնօրենը: ՀՀ Պետական գույքի կառավարման վարչությունից մեզ փոխանցեցին, որ հիմա ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` ընթանում է թատրոնների` Պետգույքի կառավարման վարչության ենթակայության տակ անցնելու գործընթացը:
Իսկ մինչ այդ «Ժառանգություն» կուսակցության անդամները պաշտոնապես դիմել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Քանի որ Կառավարությունն է տնօրինում այդ գույքը, դիմել ենք նրանց եւ սպասում ենք նրանց պատասխանին: Եվ կախված այդ պատասխանից, մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,- ասաց «Ժառանգության» անդամ Հ. Խուրշուդյանը: ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն արդեն այդ կապակցությամբ համապատասխան մարմիններին հանձնարարականներ է տվել: ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարին ու Պետական գույքի կառավարման վարչության պետին` ուսումնասիրել խնդիրն ու «իրավիճակի ու գործող կարգի համապատասխան հետագա ընթացքի վերաբերյալ» իրեն զեկուցել 10 օրվա ընթացքում: