«Սկսվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ հարաբերությունների նոր փուլ»,- հայտարարել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի-մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա կարծիքով, այս փուլում «հայերը ջանք չեն խնայի հասնելու համար Ադրբեջանի հեղինակության անկմանը միջազգային կազմակերպություններում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ լուրջ, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանք տանենք այդ ուղղությամբ»: Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մտադրության մասին, Սեիդովն ասել է. «Դա Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման շարունակությունն է: Հայաստանը դեռեւս 1988թ. ապօրինի որոշում կայացրեց իր տարածքին ԼՂՀ-ն միացնելու մասին, իսկ այժմ սպառնում է, որ կճանաչի նրա անկախությունը: Նրանք պետք է հիշեն, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի ԼՂՀ օկուպացիայի հետ: Մենք վարել ենք, վարում ենք, եւ կվարենք խաղաղ բանակցություններ: Որքան ուժեղ լինի Ադրբեջանը, այնքան վճռական կլինի մեր պատասխանը հայերին»,- ընդգծել է Սեիդովը: