1000 դրամանոց հայրենասիրություն

08/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դեռ նախորդ տարի, երբ արտասահմանյան շատ դիվանագետներ ասում էին, որ 2006-ը բեկումնային տարի է լինելու ղարաբաղյան հակամարտության խնդրում, մեր իշխանավորները (նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ) ոչ միայն չէին հերքում, այլեւ այդ տեսակետի օգտին խոսող թափանցիկ ակնարկներ էին անում։

Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ այդ լավատեսությունն արդարացված չէր։ Եթե նախկինում տեղի ունեցած բանակցություններից հետո միշտ ինչ-որ լղոզված արտահայտություններ էին հնչում, որ հանդիպումը կարեւոր էր հակամարտության կարգավորման գործընթացում, ապա այս անգամ այդպիսի արտահայտություններ չեղան։ Հետո տեղի ունեցավ փետրվարի 28-ի հանրահավաքը, որտեղ մենք՝ հայերս, ցույց տվեցինք մեր հայրենասիրությունը եւ վճռականությունը՝ Ադրբեջանի դրոշն այրելով։ Ոչ ոք չի ասում, որ այսպիսի միջոցառում կազմակերպելը սխալ էր, սակայն ինչո՞ւ այս մասին հիշեցին հենց հիմա, 18 տարի անց։ Իսկ ո՞ւր էր այդ ազգային, հայրենասիրական զգացումների դրսեւորումը նախորդ տարիներին։ Ինչո՞ւ նման բան չէր կազմակերպվել սումգայիթյան դեպքերի 10-րդ տարելիցին։ Հնչող մեկնաբանությունների մեջ ամենածիծաղելին այն է, որ ասում են՝ 1988-ին ծնված երեխաներն այս տարի զորակոչվելու են բանակ, այդ իսկ պատճառով 2006-ը խորհրդանշական է։ Թե դրա ի՞նչն է խորհրդանշական, եւ ի՞նչ տարբերություն 1988-ին, 1987-ին, կամ 89-ին ծնված երիտասարդների միջեւ, անհասկանալի է։

Մի խոսքով, փորձ է արվում ազգային զարթոնքի պատրանք ստեղծել։ Պ. Հայրիկյանն է ակտիվացել, Ռ. Քոչարյանն է համարձակ հայտարարություններ անում՝ զգուշացնելով Ադրբեջանին։ Իսկ վերջին մի քանի օրերին հեռուստաեթերը լցված է հայրենասիրական բնույթի հաղորդումներով։

Այս ամենը հասկանալի կլիներ, եթե նման բաներ տեղի ունենային մեր ապրած վերջին 18 տարիների ողջ ընթացքում, ոչ թե Ռամբույեի բանակցություններից անմիջապես հետո, 2006-ին, որը դեռ 3 ամիս առաջ համարվում էր բեկումնային տարի։

Ո՞րն է սրա նպատակը՝ դժվար է ասել։ Եթե այս ամենն արվում է արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ մենք հզոր ենք ու վճռական, դեռ էլի ինչ-որ տեղ հասկանալի է։ Միգուցե 100 հազարանոց հանրահավաքը, որի ժամանակ հաստատ չեն փակվել շրջաններից եկող ճանապարհները, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ անհրաժեշտ է Ռ. Քոչարյանին՝ ցույց տալու համար, որ Արցախի հարցում հայ ժողովուրդը միասնական է եւ կանգնած է իր թիկունքին։ Սա դժվար թե շատ համոզիչ լինի Մինսկի խմբի համանախագահների համար, սակայն դրանից վնաս չկա։

Իսկ եթե այս ամենն արվում է մեր ժողովրդի, հատկապես` երիտասարդության հայրենասիրական ոգին բարձրացնելու համար, ապա դառնում է ծիծաղելի։ Հայրենասիրական ոգին բարձրացնելու համար շատ ավելի արդյունավետ կլիներ պատշաճ ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամ դարձածների սոցիալ-տնտեսական վիճակին։ Իսկ ի՞նչ է անում այս կառավարությունն այդ մարդկանց համար։ Կոպեկներ է վճարում, խոսում եւ մեկ-մեկ էլ մեդալներ տալիս։ Հայրենասիրություն ասվածը հարաբերական հասկացություն է։ Ոչ ոք չի կարող միանշանակ ասել, թե կամավոր ռազմաճակատ մեկնած տղաները կգնայի՞ն իրենց կյանքը զոհելու, եթե իմանային, որ պետությունն անուշադրության է մատնելու իրենց ընտանիքներին։

Եվ այս ամենի ֆոնի վրա հետաքրքիր է 2006թ. մարտի 2-ին կառավարության ընդունած որոշումը։ Գործադիրը փոփոխություններ է կատարել 2004թ. փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որոնց համաձայն, գազից, ջրամատակարարումից եւ տրանսպորտից օգտվելու համար հաշմանդամ զինծառայողին եւ զոհվածի ընտանիքին ամսական 5000 դրամի փոխարեն կտրվի 6000 դրամ, իսկ զոհվածի՝ հինգից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ 1000 դրամի փոխարեն՝ 2000 դրամ օգնություն:

Այսինքն, բացի հեռուստատեսային քարոզչությունից, ասում են` նայեք՝ ինչ-որ բան անում ենք։ Մինչեւ 5 անդամ ունեցող ընտանիքը, որը մնացել է առանց աշխատող տղամարդու, պետք է ամիսը 6000 դրամով բավարարվի՝ գազից, ջրից եւ տրանսպորտից օգտվելու համար։ Եթե միայն մեկ հոգին օրը երկու անգամ օգտվի երթուղային տաքսու ծառայություններից, այդ գումարը կսպառվի։ Իսկ 1000 դրամն, ընդհանրապես «ձեռառնոցի» է։ Հետաքրքիր է, այդ որոշումն ընդունողները կարո՞ղ են ամիսը 6000 դրամով հոգալ իրենց այդ ծախսերը։

Պարզ է, ասում են՝ մեր հնարավորությունները սրանք են, պետության բյուջեն դրանից ավելի իրեն թույլ չի կարող տալ։ Իսկ նույն պետության բյուջեն իրեն կարող է թույլ տալ ավելի քան 600 ԱՄՆ դոլար աշխատավարձ վճարել ոչինչ չանող եւ տարվա մեջ 2-3 անգամ խորհրդարանում հայտնվող պատգամավորներին, որոնցից շատերն այդ գումարը ծախսում են մեկ գիշերվա մեջ, խոսում աղքատությունից ու հայրենասիրությունից, հետո նստում «աշխատավարձով գնած» իրենց «Համմերները» եւ շարասյան ուղեկցությամբ սլանում՝ երկրի առաջ կանգնած խնդիրները լուծելու։

Ահա այսպես, երբ պետք է՝ անթաքույց հրճվանքով խոսում են 1 միլիարդանոց բյուջեի մասին, հետո բողոքում միջոցների անբավարարությունից, երբ պետք է` խոսում են 10 եւ ավելի տոկոսանոց տնտեսական աճից, հետո՝ պետության առաջ կանգնած խնդիրներից… Եվ վերջապես, երբ պետք է՝ խոսում են հայրենասիրությունից, զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկներից, հետո մի հազար դրամ ավելի շպրտում։

Եվ զարմանալին այն է, որ կարծես հավատում են իրենց արածին. հավատում են, որ 1000 դրամով կարող են վերականգնել մարդկանց հավատը սեփական երկրի նկատմամբ։