Մարդու կողմից արհեստականորեն ստեղծված այս խնդիրը կարելի է նախատինք համարել մեր գիտության, տեխնիկական առաջընթացի ու սոցիալ-տնտեսական կառուցվածքի հասցեին, որը ստվեր է գցում, այսպես կոչված, զարգացման առաջընթացի վրա»:
Այս հայտարարությունը հնչել է դեռեւս 1979թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Յունիսեֆի կազմակերպած «Վաղ հասակի երեխաների սնուցումը» գիտաժողովում: Հետագայում արդեն մտահոգ կազմակերպությունները հանդես եկան մանկական առողջության պահպանմանն ուղղված առավել լուրջ քայլերով՝ ընդունվեց «Կրծքի կաթի փոխարինողների միջազգային օրենսգիրքը»: 1980թ. սկսած աշխարհը պայքարում է վաղ հասակի երեխաների արհեստական սնուցման դեմ: Միջազգային առողջապահական կազմակերպությունները՝ հենվելով ողջ աշխարհում կատարված բազմաթիվ հետազոտությունների վրա, փաստում են, որ կրծքով սնուցումը պաշտպանում է մանկանը բազմաթիվ հիվանդություններից: Կրծքով սնվող երեխաները 15 անգամ ավելի քիչ են մահանում փորլուծությունից, 4 անգամ ավելի քիչ՝ սեպսիսից եւ մենինգիտից: Հանկարծամահությունը կրծքով չսնվող երեխաների մոտ գերազանցում է 5 անգամ: Կրծքով լիարժեք սնուցում չստացած երեխաներն ավագ հասակում ավելի հաճախ են հիվանդանում ալերգիկ, աուտոիմուն հիվանդություններով, ծանր շաքարախտով, լյարդի խրոնիկական հիվանդություններով, ավշագեղձերի չարորակ ուռուցքներով, տարածուն սկլերոզով: Կրծքով սնվող երեխաների մոտ ավելի քիչ են աչքի հիվանդությունները, եւ նրանք ավելի սուր տեսողություն ունեն, քան կաթնախառնուրդներով սնվողները: Որքան ավելի երկար է կրծքով սնվում երեխան, այնքան ավելի քիչ է ենթակա ծնոտների դիրքի շեղումների, ինչպես նաեւ՝ կաթնատամների փչացման: Այս երեխաներն արհեստական սնուցվող իրենց հասակակիցներին գերազանցում են նաեւ մտավոր զարգացման մակարդակով:
1988-ից հետո Հայաստանում կրծքով կերակրման ցուցանիշները նվազել են երեք անգամ: Համալսարանական թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն, «Կրծքի սնուցման խրախուսման եւ աջակցության ազգային ծրագրի» կոորդինատոր Կարմելա Պողոսյանը դա բացատրում է նաեւ հետերկրաշարժյան տարիներին Հայաստան ներկրված հումանիտար օգնության մեծաքանակ կաթնախառնուրդներով, որոնք բաժանվում էին ամենեւին ոչ ըստ անհրաժեշտության: Հետերկրաշարժյան ծանր սթրեսները նպաստել էին նաեւ մայրերի մոտ վատ կաթնարտադրությանը, եւ արհեստական սնուցման ցուցանիշները եռապատկվեցին: Սրան հետագայում նպաստեց նաեւ գովազդի զարգացող շուկան, եւ մեր մայրերը` հեշտությամբ ենթարկվելով գովազդի ուժին՝ բնական անփոխարինելի սնունդն, այնուամենայնիվ, փոխարինեցին արհեստականով:
Կաթնախառնուրդների գովազդն արգելվում է
«Կրծքի կաթի փոխարինողների միջազգային օրենսգրքի» հիմնական նպատակն էր պաշտպանել կրծքով սնուցումը ագրեսիվ մարկետինգից։ Այս օրենքի հիման վրա յուրաքանչյուր երկիր պետք է ստեղծեր իր առանձին օրենսգիրքը եւ պաշտպաներ իր երեխաների իրավունքը»,- ասում է Կ.Պողոսյանը: Մեր օրենսդիրներն այս հարցում հապաղել են, եւ այսօր արդեն ցանկացած դեղատուն, մեծածախ ու մանրածախ առեւտրի կետ գովազդում եւ առաջարկում են մանկական կաթի փոխարինիչներ, որոնց որակի երաշխիքը մենք չունենք: Ինչպես հավաստիացնում է «Կրծքի սնուցման խրախուսման եւ աջակցության ազգային ծրագրի» կոորդինատորը, իրավիճակից ելնելով` արդեն արգելվել է կաթնախառնուրդների հումանիտար ներկրումն ու անվճար բաշխումը, սակայն քանի դեռ մեզ մոտ համապատասխան օրենք չկա, առայժմ հնարավոր չէ պայքարել կաթնախառնուրդների գովազդի դեմ: Իսկ գովազդատուները հիմնականում կոպիտ սխալներ են թույլ տալիս: «Կաթնախառնուրդները հարմարեցված, մոտեցված են մայրական կաթին, սակայն երբեք լիարժեք փոխարինողներ չեն, դրա համար էլ Միջազգային օրենսգիրքը չի արգելում դրանց արտադրությունը»,- նկատում է Կ. Պողոսյանը: Սակայն յուրաքանչյուր արտադրող պարտավոր է կաթնախառնուրդի տուփի վրա անպայման նշել բնական սնուցման առավելությունների եւ կաթնախառնուրդով սնուցման հնարավոր վտանգների մասին: «Կաթնախառնուրդներում բացակայում են այն հակամարմինները, որոնք պաշտպանում են երեխային տարբեր հիվանդություններից, դրանք ստեղծվում են հիմնականում կովի կաթի հիմքի վրա, իսկ կովի կաթն ամենավատ փոխարինողն է, ուստի Միջազգային օրենսգիրքն արգելում է կաթնախառնուրդների ցանկացած գովազդ»,- նկատում է բժիշկը: Միջազգային օրենսգիրքն արգելում է նաեւ այլ փոխարինիչների գովազդը: «Օրենսգիրքն արգելում է մինչեւ 6 ամսականը երեխայի ստամոքսը ծանրաբեռնել այլ փոխարինիչներով, ինչպես, օրինակ, թեյեր, շիլաներ եւ այլք, սակայն այսօր մեր շուկայում հաճախ կարելի է հանդիպել շիլաներ, որոնց տուփերի վրա նշվում է, որ կարելի է օգտագործել ոչ թե 6, այլ 4 ամսականից, կամ՝ վերջերս լայն տարածում գտած «Հիպպ» թեյերը, որոնց օգտագործումը, ըստ պիտակի, թույլատրելի է երեքշաբաթականից. սա արդեն կոպիտ խախտում է»,- նկատում է Կ.Պողոսյանը: Որոշ ֆիրմաներ էլ իրենց ապրանքը թաքուն գովազդելու տարբերակներ են գտնում: «Օրինակ` «Նեսթլեի» կաթնախառնուրդներից մեկի վրա գրված է՝ «Կրծքով սնուցումը լավագույն սնունդն է նորածնի համար», իսկ մենք, քանի որ գիտենք, որ նորածինը դա մինչեւ մեկ ամսական երեխան է, հաճախ մտածում ենք՝ ուրեմն կրծքով կերակրելը շատ լավ է միայն մեկ ամիս, մեկ ամսից կարելի է նաեւ փոխարինիչ օգտագործել, մինչդեռ կրծքով սնուցումը լավագույն սնունդ է երեխայի կյանքի առաջին 1-2 տարիների համար»,- թաքնված մեկ այլ գովազդի տարբերակ հիշելիս` Կ.Պողոսյանը մատնանշում է նաեւ մեր շուկայում տարածում գտած «Նուտրիցա» եւ «Հեյնց» մանկական սնունդ արտադրող ֆիրմաների շիլաների գովազդներ: Շիլաների գովազդը թեեւ չի արգելվում, սակայն արտադրող ընկերությունները հաճախ շիլայի տուփի վրա պատկերում են նաեւ իրենց մեկ այլ արտադրանքը՝ կաթնախառնուրդներ, եւ պարզապես նշում են՝ մանկական սնունդ: «Կաթնախառնուրդների արտադրությամբ զբաղվող ընկերություններն իրավունք չունեն գովազդել նաեւ իրենց ապրանքանիշը, հաճախ է պատահում, որ նրանք իրենց ապրանքանիշերով տարբեր իրեր՝ գրիչներ, նշաթերթիկներ կամ հագուստներ են բաժանում հատկապես բուժհիմնարկներում, ինչը եւս անթույլատրելի է, ինչպես նաեւ անթույլատրելի է կաթնախառնուրդների էժանացված վաճառքը, որովհետեւ շատ մայրեր, հաճախ օգտվելով էժան գներից, գնում են որոշակի քանակություն եւ օգտագործում։ Նույնիսկ շատ քիչ օգտագործման դեպքում անգամ կաթնախառնուրդը թմրամիջոցի չափաբաժնի նման ազդեցություն է ունենում եւ կախվածության մեջ պահում երեխայի օրգանիզմը. բնականաբար, մեկ անգամ էժանացված գներից խաբված մայրը հաջորդ անգամ նույն ապրանքը ստիպված է գնել արդեն թանկ գնով»,- համոզված է Կ.Պողոսյանը: Ի դեպ, Միջազգային օրենսգիրքն արգելում է նաեւ ծծակների եւ կաթի շշերի գովազդը: Բացի այն, որ դրանք նսեմացնում են կրծքով սնուցման դերը, դրանց պատրաստման մեջ օգտագործվող նյութերի որակի վերաբերյալ եւս տագնապալի բացահայտումներ կան:
«Նեսթլեն» եւս թաքուն է գովազդվում
Օրերս «Մարիոթ» հյուրանոցում շվեյցարական «Նեսթլե» ընկերությունը բժիշկների խորհրդաժողով էր հրավիրել: Ինչպես տեղեկացրին ընկերության ներկայացուցիչները՝ մանկական սննդարդյունաբերության 140-ամյա փորձ ունեցող «Նեսթլեի» համար նման խորհրդաժողովներն ավանդույթ են, քանի որ անհրաժեշտ են համարում բժիշկներին տեղյակ պահել մանկական սննդարդյունաբերության մեջ իրենց ձեռքբերումների, նորույթների մասին եւ նրանց հետ քննարկել մանկական սննդի հետ կապված հրատապ խնդիրները: Ահա այս ենթատեքստով «Նեսթլեն» «Մարիոթում» հավաքել էր հանրապետության տարբեր մարզերից շուրջ 150 բժիշկներ եւ նրանց հետ քննարկում էր վաղ տարիքում երեխաների իմունային համակարգի զարգացման խնդիրները: Թե ինչ են նրանք քննարկել բժիշկների հետ միասին, լրատվամիջոցներին հայտնի չդարձավ, քանի որ մեր ներկայությունն այդ հավաքին չէին նախատեսել: Լրատվամիջոցների հետ «Նեսթլեի» ներկայացուցիչները հանդիպում ունեցան առանձին եւ տեղեկացրին, որ բացի մեր երեխաների իմունային համակարգի զարգացման խնդիրների քննարկումից, նրանք նաեւ բուժաշխատողներին տեղեկացրել են, որ «Նեսթլեն» այլեւս հայկական շուկա է ներմուծելու եւս երկու նոր մանկական սննդատեսակ՝ կաթնախառնուրդներ, եւ բնականաբար պատմեցին, թե ինչքան լավն են կրծքի կաթի այդ նոր փոխարինիչները: Փաստորեն, «Նեսթլեն» էլ թաքնված գովազդի այս տարբերակն էր ընտրել՝ փորձելով ազդել միանգամից 150 բուժաշխատողի վրա, որոնց վրա եթե անգամ չազդեին էլ՝ լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն իր գործը կանի. սպառողը տեսնելով նման մի մեծամասշտաբ միջոցառում, որին մասնակցում են 150 բժիշկներ, ստիպված կլինի լուրջ վերաբերվել այս ապրանքանիշին: Այս մասին հաստատեցին նաեւ խորհրդաժողովի մասնակից մի քանի բուժաշխատողներ: «Նրանք բավականին խորամանկ են, որպեսզի այդ մասին ուղղակի ասեն, ուստի նախ խոսեցին երեխային կրծքով կերակրելու անհրաժեշտության եւ առավելությունների մասին, ապա անդրադարձան արհեստական սննդի հետեւանքով առաջացող բացասական երեւույթներին, եւ վերջում բնականաբար կենտրոնացան այն բանի վրա, որ «Նեսթլեն» միակ ընկերությունն է, որի արտադրանքը հնարավորինս մոտ է կրծքի կաթին եւ որպես փոխարինիչ անփոխարինելի է»,- հաստատեց նաեւ Կ. Պողոսյանը: Իսկ լրագրողների ներկայությամբ «Նեսթլեի» ներկայացուցիչները շատ համեստ էին, նրանք նույնիսկ չնշեցին այն նոր արտադրատեսակների անունները, որոնք պատրաստվում են ներմուծել: «Օրենքն արգելում է կաթնախառնուրդների գովազդը»,- հանկարծ հիշեց «Նեսթլեի» պաշտոնական ներկայացուցիչ Էսբեն Էմբորգը: Նույն բանը մի քանի անգամ հիշատակեց նաեւ Պիեր Ռենե Գեսրին, որը ներկայացավ որպես Սննդի գիտությունների եվրոպական ակադեմիայի խորհրդի անդամ եւ վստահեցրեց, որ Հայաստանում ոչ մի տեղ «Նեսթլեի» կաթնախառնուրդների գովազդի չենք հանդիպի, հատկապես այնպիսի գովազդ, որտեղ երեխայի մասնակցություն կա: Իսկ երեխաների պատկերներով «Նեսթլե» կաթնախառնուրդների տուփեր աշխարհում առհասարակ գոյություն չունեն, որովհետեւ պրն Գեսրին, ինչպես ինքն էր վստահեցնում, դեռ 25 տարի առաջ անձամբ է բոլոր տուփերի վրայից ջնջել երեխաների նկարները: Պրն Պիեր Ռենե Գեսրին, իհարկե, լավ կաներ, եթե խորհրդաժողովի գալուց առաջ մտներ Երեւանի առաջին իսկ պատահած դեղատունը եւ հպանցիկ նայեր «Նեսթլեի» գովազդային պաստառներին, եւ մեկ անգամ էլ ուշադիր կարդար «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը նաեւ արգելում է բուժաշխատողների միջոցով կաթնախառնուրդների օգտագործման խրախուսումը: