Արդարացվա՞ծ է եղել

06/03/2006

ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Գորբաչովն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի դուրս գալն Ադրբեջանի կազմից արդարացված է եղել: Գորբաչովը նաեւ տեղեկացրել է, որ իր՝ ԽՍՀՄ ղեկավար լինելու տարիներին մշակվել էր մի նախագիծ, որը Լեռնային Ղարաբաղին տալիս էր հատուկ անկախ պետության կարգավիճակ եւ կապ Հայաստանի հետ, բայց չէր ենթադրում Ադրբեջանի տարածքի փոփոխություն: Չներկայացնելով այդ ծրագրի մանրամասները՝ Գորբաչովն ասել է, թե այն իրականություն չի դարձել Հեյդար Ալիեւի պատճառով: «Այսօր եւ՛ հայ, եւ՛ ադրբեջանցի ժողովուրդներն ատում են ինձ, իսկ Հեյդար Ալիեւը դարձավ Ադրբեջանի ազգային հերոս»,- նեղսրտել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը: