ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն արդեն բազմիցս հայտարարել է իր` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից հիասթափության մասին: Ձեւավորված կարծիք կա, թե Ռամբույեի բանակցությունները ձախողվել են:
Չնայած այս ամենին, դատելով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) խնդրի վերաբերյալ հետռամբույեյան հայտարարություններից ու քննարկումներից, Ռամբույեում ինչ-որ նշանակալի բան, այնուամենայնիվ, եղել է: Եվ հատկապես Ռամբույեի հանդիպումից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ այս կամ այն կողմից սկսեցին կտրուկ հայտարարություններ արվել: Հետաքրքրական է, որ բացի հակամարտող կողմերի ներկայացուցիչներից, ԼՂ խնդրին վերջին շրջանում անդրադառնում են նաեւ մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կանգնած են եղել հակամարտության ծավալման ակունքներում: Օրինակ, նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւս անդրադարձել է ԼՂ խնդրին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ էր Մոսկվան Ադրբեջանից պահանջել ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրել Ղարաբաղին՝ առանց Հայաստանի հետ միանալու, Միխայիլ Գորբաչովն ասել է, թե Մոսկվան պատրաստվում էր 180 հազար բնակչություն ունեցող ԼՂ զարգացմանը հատկացնել 1 միլիարդ ռուբլի, ստիպել Բաքվին վերականգնել բոլոր դոտացիաները, բացել կապը Հայաստանի հետ, եւ ԼՂ-ին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ: «Բայց այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի (ԳԽ) նիստում ԼՂ-ն հռչակվեց Հայաստանի անբաժանելի մաս: Ես ի՞նչ պետք է անեի: Զորքե՞ր մտցնեի Հայաստան: Իմ կարծիքով՝ Ադրբեջանի կազմից ԼՂ-ի դուրս գալու հարցն ընդհանուր առմամբ արդարացված էր»,- հայտարարել է Մ. Գորբաչովը, ավելացնելով, թե փոխզիջման հնարավոր էր հասնել միայն ԽՍՀՄ շրջանակներում: «Ուժի կիրառումը ոչ մի արդյունք չէր տա: Դրա վառ ապացույցը Չեչնիան է»,- հայտարարել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը: Իսկ անդրադառնալով նրան, որ իր օրոք զորքեր են մտցվել Թբիլիսի, Վիլնյուս եւ Բաքու՝ Գորբաչովը պատասխանել է, թե իր հրամանով զորքեր են մտցվել միայն Բաքու: «Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը»,- ասել է Միխայիլ Գորբաչովը: Իսկ ահա երեկ էլ ԼՂ հակամարտությանը «Regnum»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ով կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է փոխել ԼՂ հարցով բանակցությունների ֆորմատը: Ադրբեջանի առաջին նախագահի խոսքերով՝ նախ եւ առաջ անհրաժեշտ է հասնել խնդրի քաղաքական լուծմանը, որը կսահմանի Բաքվի եւ Ստեփանակերտի հարաբերությունները: «Ցանկանում ենք մենք դա, թե ոչ, այսօր հենց ԼՂ-ն է հանդիսանում 1988-ի փետրվարից ստեղծված դիմադրության փաստական հիմքը: Եվ եթե մենք խոսում ենք մեր տարածքների ամբողջականության մասին, ապա նաեւ այդ տարածքների մի մասի իրադարձություններին պետք է վերաբերվենք համապատասխան ձեւով»,- նշել է Ադրբեջանի առաջին նախագահը՝ քիչ անց մանրամասնելով «համապատասխան ձեւը»: «Վերջին բոլոր տարիներին Ադրբեջանը բանակցությունները վարում է Հայաստանի հետ: Ի՞նչ հիմքով: Այն հիմքով, որ նա ագրեսիա՞ է արել Ադրբեջանի դեմ: Բայց Հայաստանը չի ընդունում ղարաբաղյան գործոնին իր ուղիղ մասնակցությունը, այսինքն՝ նա պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին, որ դրա համար իրավական պատասխանատվություն կրի»,- նշել է Ա. Մութալիբովը, ով նաեւ հարց է բարձրացրել, թե չի՞ նշանակում արդյոք բանակցությունների այսօրվա ֆորմատը ինքնակառավարվող ԼՂՀ-ի՝ Հայաստանի մասը լինելու փաստացի ընդունում: Ադրբեջանի առաջին նախագահի խոսքերով՝ փաստորեն Բաքուն մնում է խնդրի երկու բեւեռների արանքում, եւ, կախված իրավիճակից, հակառակ կողմը հղում է անում մեկ ԼՂ-ին, մեկ Երեւանին: «Լեռնային Ղարաբաղը մեր տարածքների մաս է, իսկ նրա բնակիչները դե յուրե Ադրբեջանի քաղաքացիներ են: ԼՂՀ-ն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այդ պատճառով էլ ես չեմ կիսում մոտեցումներն այն մասին, որ ԼՂ-ն բանակցությունների կողմ չի հանդիսանում Բաքվի համար հենց այն պատճառով, որ այդ դեպքում այն իրեն կարող է համարել ինքնուրույն տարածք»,- հայտարարել է Մութալիբովը: Միեւնույն ժամանակ վերջինս հիշեցրել է, որ բանակցությունների բոլոր փաստաթղթերում ու պրոտոկոլներում այդ «չճանաչված հանրապետությունը» նշված է, ինչը նրան չնկատելու Ադրբեջանի ցանկությունները մի տեսակ տարօրինակ է դարձնում: «Այդ ընթացքում մենք խնդրի քաղաքական կարգավորման նպատակով բանակցություններ ենք վարում այսպես ասած՝ «օտար մարդկանց» հետ, ովքեր ցանկացած պահի կարող են ասել՝ դա մեզ չի վերաբերում, դա պետք է որոշեք ԼՂ-ի հետ»,- կարծիք է հայտնել Ա. Մութալիբովը: Ադրբեջանի առաջին նախագահի խոսքերով՝ Ադրբեջանն այսօր խոսում է երկարաժամկետ խաղաղության, այդ խաղաղությունը երաշխավորելու մասին այնպես, կարծեք թե գործ ունի աբստրակտ սուբյեկտի հետ: «Այդ դեպքում ԼՂ-ի այսօրվա բնակիչներից ո՞վ կհավատա մեզ, եթե, կրկնում եմ, մենք համառորեն չենք ուզում նրանց տեսնել եւ բանակցությունները վարում ենք Հայաստանի հետ»,- հարցնում է Ա. Մութալիբովը: