Բիշարյանը դեռ վեպեր ու պոեմներ կգրի

06/03/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՕԵԿ անդամները վստահ են, որ իրենց կուսակիցների նկատմամբ իրականացվող զանազան դեմարշները կազմակերպված են, եւ որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Իսկ ՕԵԿ-ն էլ զոհի կարգավիճակում հանդես գալու առիթը բաց չի թողնում, թե տեսեք՝ մեր դեմ ինչ ուժեր են գործում, որովհետեւ մենք ազնիվ ենք…

«Ընկերնե՛ր, ես կարող եմ որոշ մարդկանց անուններ տալ, որոնք իմ ծնողների, ձեր ծնողների, պապերի ստեղծած հարստության, երկրի տերն են դարձել: Լավ կլինի զբաղվել այդպիսի մարդկանցով: Եթե գա ժամանակը եւ կարիքը լինի, ես այդ մարդկանց անունները կտամ: Թեեւ, լինելով լրագրողներ, դուք ինքներդ շատ լավ պատկերացնում եք, թե ովքեր՝ ինչ ունեն: Եվ շատ լավ կարող եք իմանալ, թե ում ունեցվածքի մասին կարելի է վեպեր ու պոեմներ գրել: Անհարմար է, չի՛ կարելի ընկնել մի մարդու ետեւից (խոսքը ՕԵԿ անդամ պատգամավոր Գագիկ Ավետյանի մասին է.- Ա.Գ.), ով տանը ունի ծեր` 80 տարեկան հայր եւ իր ընտանիքի պահպանման համար փոքր բիզնեսով է զբաղվել»,- 6-րդ վարչության աշխատակիցների հասցեին երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ասում էր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Իսկ թե կոնկրետ ովքեր են ՕԵԿ-ի դեմ այդպիսի դեմարշներ ծավալում, Հ. Բիշարյանն առայժմ չի ասի, բայց նա գիտի, թե «ում ականջներն են երեւում» այս ամենի ետեւում: «Կարծում եմ, իմ պատասխանի մեջ դա հստակ երեւաց, իսկ ավելի կոնկրետ, երբ պետք լինի՝ կասեմ»,- խոստացավ նա: Ու քանի որ Գ. Ավետյանի հետ կատարված միջադեպը, ըստ տարածված կարծիքի, ուղղված է ոչ թե անձամբ նրա, այլ ողջ ՕԵԿ-ի դեմ եւ կապված է կուսակցության կիսաընդդիմադիր-կիսաիշխանամետ դիրքորոշման հետ, երեկ տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք, թե այդքանից հետո հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը վերանայի իր դիրքորոշումները: «ՕԵԿ-ը հստակ աշխատել, ծառայել է ի շահ ժողովրդի, բարեփոխումների ջատագով է, ուզում է երկրում լուրջ բարեփոխումներ կատարել: Իսկ թե որ դաշտում կլինի ՕԵԿ-ը` իշխանությունների մեջ, թե ընդդիմությունում, նրա համար որեւէ նշանակություն չունի, նա, միեւնույն է՝ աշխատելու է նույն ոգով»,- վստահեցրեց Բիշարյանը՝ բաց չթողնելով պոպուլիզմով զբաղվելու նաեւ այս հնարավորությունը: Ի դեպ, նկատենք, որ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանն իր կուսակից ընկերոջ հետ տեղի ունեցած միջադեպին անդրադարձավ դեպքից երեք օր հետո նոր միայն: Սակայն Հ. Բիշարյանը երեկ արդարացնում էր ԱԺ նախագահի` կատարվածին ուշացումով անդրադառնալը. «Արթուր Բաղդասարյանն ուշ չի արձագանքել, քանի որ մենք ինքներս էլ պետք է հասկանայինք, թե ինչ է տեղի ունեցել»:

Երեկ տիկին Բիշարյանի քննադատության թիրախում էին հայտնվել ոչ միայն Գ. Ավետյանի տուն խուզարկության մտած 6-րդ վարչության աշխատակիցներն ու այդ ամենի կազմակերպիչները, այլեւ իր մի շարք գործընկերներ. խոսքը աշխատանքի չեկող պատգամավորների մասին էր: Բիշարյանն ասաց, թե ինքը պատգամավորներին բաժանում է երեք հիմնական խմբերի: «Առաջին խմբում այն պատգամավորներն են, ովքեր ԱԺ ընդհանրապես չեն գալիս եւ նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե ԱԺ-ում ինչ է կատարվում: Հաջորդ խումբը այն պատգամավորներն են, ովքեր ԱԺ գալիս են միայն կոճակ սեղմելու համար: Նրանց համար միեւնույն է, թե ինչի համար են քվեարկում, ինչ կոճակ են սեղմում: Իսկ երրորդ խումբն այն պատգամավորներն են, ովքեր գալիս են իրոք աշխատելու համար»,- իրենց այսպես վերաբաժանեց ՕԵԿ խմբակցության քարտուղարը: Եվ այդքանից հետո նա առաջարկում է հանրության առաջ պատռել նրանց դիմակները, որպեսզի հաջորդ ընտրություններում քաղաքացիներն այդ մարդկանց չընտրեն: Բացի այդ, խմբակցության քարտուղարն առաջարկում է «աշխատանքի չներկայացած» պատգամավորների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել` զրկելով նրանց աշխատավարձից: «Ես այն պատգամավորին, ով կարող է փողի ուժով ձայների քվե հավաքել, ընտրվել եւ այդքանից հետո չորս տարի շարունակ ոչինչ չանել իր ընտրազանգվածի համար, պատգամավոր չեմ համարում»,- ասաց տիկին Բիշարյանը: Ու քանի որ երեկ Հ. Բիշարյանն այդպես մեծ-մեծ խոսում ու քննադատում էր աշխատանքի չներկայացող պատգամավորներին, նրանից փորձեցինք ճշտել, թե իրենց խմբակցությունում, օրինակ, չկա՞ն այդպիսի պատգամավորներ: Պարզվում է` կան, ուղղակի տիկին Բիշարյանի խոսքերով, նրանց թիվը շատ քիչ է: «Կարծում եմ, որ բոլոր խմբակցություններում էլ կան նմանատիպ մեկ-երկու պատգամավորներ, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: ՕԵԿ պատգամավորները բոլորը մասնակցում են ԱԺ աշխատանքներին: Իհարկե, բոլորը նույն որակով չեն մասնակցում, բայց ՕԵԿ խմբակցության պատգամավորների մեծ մասն ակտիվ մասնակցություն է ունենում օրենքների քննարկմանը»,- մեր հարցին ի պատասխան` խոստովանեց տիկին Բիշարյանը: Թերեւս ամենեւին մտադրություն չունենալով արդարացնել աշխատանքի չհաճախող պատգամավորներին, այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե Հեղինե Բիշրյանն ու իր կուսակցության նախագահն առաջին հերթին տնտեսական սանկցիաներ կիրառեին ու աշխատանքի գալ ստիպեին նախ եւ առաջ իրենց խմբակցության պատգամավորներին: Ի դեպ, նկատենք, որ ըստ տարածված կարծիքի, ՕԵԿ խմբակցության պատգամավորները համեմատաբար ավելի ակտիվ են, քանի որ ԱԺ նախագահն իրենց կուսակցությունից է: Եվ եթե ԱԺ նախագահը լիներ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ այլ կուսակցությունից, ապա չի բացառվում, որ նույն հաջողությամբ հաճախակի բացակայեին նաեւ ՕԵԿ-ականները: