Այսպես արձագանքեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեր այն հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն վերանայի իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության նկատմամբ եւ պահանջի նրա հրաժարականը, եթե, այնուամենայնիվ, պատերազմի վերսկսումն այլեւս անխուսափելի լինի:
«Չմոռանանք, որ պատերազմի վերսկսման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, որը պարտավոր է կատարել իր աշխատանքը: Եթե նման վտանգ լինի, հնարավոր է պահանջենք, որպեսզի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կատարի իր պարտականությունները,- ասաց Լ. Մկրտչյանը` ավելացնելով,- բայց այսօր պատերազմը ռեալ չէ. բանակցային գործընթացը չի ավարտվել, փակուղային իրավիճակ չէ: Եվ չեմ կարծում, թե ՀՅԴ-ն կարիք ունի ռազմավարական ճշտումներ անելու, որովհետեւ գործընթացը տվել է իր դրական արդյունքները, երկիրը կարողացել է խաղաղության մեջ լինել, իսկ ԼՂՀ հարցում մեր շատ հիմնադրույթներ արդեն իսկ ընկալվում են միջազգային հանրության կողմից»: Իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ՀՅԴ-ական պատգամավորը գնահատում է որպես հոխորտանք` հասկանալով, որ եթե պատերազմ վերսկսեն, ապա կկորցնեն «շատ-շատ ավելի մեծ բաներ, քան մինչ այժմ կորցրել են»:
Մեր դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն այնքան խոհեմ կգտնվի՞, որ պատերազմի վերսկսման անխուսափելիության դեպքում հրաժարական ներկայացնի, ինչպես դա արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց պատերազմի վտանգի պատճառով: Այն ժամանակ պատերազմի վտանգ չկար: Բացի այդ, չեմ կարծում, թե պատերազմի վտանգը բավական է, որպեսզի հրաժարականների խնդիր դրվի: Նման խնդիր այսօր չկա, իսկ եթե առաջանա, ապա այն պետք է խոր հիմնավորված լինի: Մենք հիմա չենք կարող ասել, թե ինչ կլինի: Բայց պատերազմի վերսկսման դեպքում հակառակը կլինի` մենք կպահանջենք, որ Ռ. Քոչարյանը կատարի գերագույն գլխավոր հրամանատարի իր պարտականությունները: Բայց եկեք պապից ավելի կաթոլիկ չլինենք. Հայաստանում պատերազմի հրձիգ չկա, Հայաստանը կողմ է խաղաղության, բայց Հայաստանը եւ ԼՂՀ-ն պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը»: Իսկ հետո Լ. Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը «պատերազմի հայտարարություն» ընկալողներին հարց ուղղեց. «Ի՞նչ եք առաջարկում` անմիջապես վախենանք եւ հանձնե՞նք ինչ ունենք: Ինչպե՞ս կարելի է շանտաժին անմիջապես վախով պատասխանել»: Իսկ Ռ. Քոչարյանի հեռուստաելույթը հենց այդպիսին էր որակել կոալիցիայի իր գործընկեր հանրապետական Գալուստ Սահակյանը: «Իմ կարծիքով, դա (Ռ. Քոչարյանի հայտարարությունը, թե եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:- Լ.Ս.) պատերազմի հայտարարություն էր»,- ԱԺ երեկվա ճեպազրույցում ասաց Գ. Սահակյանը: Վերջինիս համոզմամբ, Ռ. Քոչարյանի այդ սպառնալիքները դիվանագիտական տեսանկյունից ընդամենը սխալ, անհամբերության դրսեւորումներ են: «Ղարաբաղի ճանաչման խնդիրը փաստացի կերպով Հայաստանն ընդունել է, միշտ էլ համարել է որպես իր մի մասը»,- ԱԺ երեկվա ճեպազրույցում ասաց Գ. Սահակյանը` նկատելով, թե չնայած նման տարբերակը կարող է մեծ արձագանք ունենալ, այնուամենայնիվ, խնդրի լուծում չէ:
Իսկ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանն այն կարծիքին է, որ Քոչարյանի «սահմանափակ լսարանին» տված այդ հարցազրույցն ավելի շատ ներքին շրջանառության համար էր, որովհետեւ ինչպես Ռ. Քոչարյանը, այնպես էլ Ալիեւը բանակցային գործընթացներում իրենց ժողովուրդներին հուսախաբ են արել: «Դրա համար էլ ստիպված` Ալիեւն` այնտեղ, մեր նախագահն էլ` այստեղ, ներքին շրջանառության համար սկսել են վիճակն ավելի բարդ ներկայացնել»,- ասում է Ա. Արշակյանը` նկատելով, որ եթե ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելն էական առաջընթաց ենթադրեր, ապա դա կարելի էր անել դեռեւս 13 տարի առաջ: «Այնպես որ, ես այս պահին պատերազմական ելք չեմ տեսնում: Դրանք ուղղակի ներքին պրոբլեմներից հասարակության ուշադրությունը շեղելու հայտարարություններ են»,- Քոչարյանի հեռուստաեթերի վերաբերյալ ասաց «ԱՄ» պատգամավորը: Իսկ դաշնակցական Լեւոն Մկրտչյանը վստահեցնում էր, թե Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցն ադեկվատ պատասխան էր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Ալիեւին, որպեսզի նրանք այլեւս նման «հոխորտանքներով» չփորձեն վախեցնել հայ ժողովրդին: «Այն, որ Հայաստանն այս տարիների ընթացքում ձեռնպահ է մնացել կոշտ հայտարարություններից, արդեն իսկ բարի կամեցողությունն էր, որը նպատակաուղղված էր բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը: Նախագահը պատասխանել էր Ադրբեջանի ոչ միայն 1 տարվա ռազմատենչ հայտարարություններին, այլեւ Ալիեւի արտահայտություններին, որոնք, իմ կարծիքով, բանակցային այս փուլում փորձում են անցնել հոգեբանական ճնշման` սպառնալով ավելացող գումարների շնորհիվ իրենց բանակի վերազինմամբ եւ պատերազմի վերսկսման հեռանկար են մատուցում աշխարհին: Բնական է, որ ՀՀ նախագահը պետք է ադեկվատ պատասխան տար: Պատասխանի իմաստն, իմ կարծիքով, այն էր, որ եթե պետք է բանակցային գործընթացի փուլն ավարտված համարել ու խոսել այլ չափորոշիչով, ապա Հայաստանը պետք է կատարի այն քայլերը, որոնք միշտ կարող է կատարել,- ասում է Լ. Մկրտչյանը,- ՀՅԴ-ն միշտ եղել է այն տեսակետին, որ մեզ ոչ ոք չի կարող վախեցնել պատերազմի հեռանկարով, որովհետեւ մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը, եւ նա, ով կսկսի պատերազմը, փորձելու է գրավել ուրիշի հայրենիքը»: Իսկ այս դեպքում Լ. Մկրտչյանի եւ իշխանությունների հույսն այն է, որը ոչ մի կապ չունի բանակցային գործընթացի հետ, որ մեր ժողովրդի մոտ սկսելու է «աշխատել» բոլոր զգայարաններից միայն մեկը` վճռական պահերին համախմբվելու եւ արժանի հակահարված տալու մասով: Բայց մինչ հուսահատվելը մեկ այլ տարբերակ էլ կա. «Տարածաշրջանային եւ աշխարհի զարգացումներն այնպիսին են, որ նման հեռանկարը շատ մշուշոտ է: Ի վերջո, պատերազմի հետեւանքը պետք է լինի ինչ-որ հաշտության կամ կապիտուլյացիայի պայմանագիր: Վերջիվերջո, Ադրբեջանը վերջնականապես կկապիտուլացվի, որովհետեւ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, կամ պետք է հաշտությամբ ստիպված ճանաչի ԼՂՀ անկախությունը: Իսկ այդ հեռանկարն իրենց որեւէ լավ տեղ չի կարող հասցնել: Իսկ մեզ համար էլ ցանկալի չէ, որովհետեւ այն փորձություն է: Իմ կարծիքով, սա ընդամենն Ադրբեջանի կողմից հոխորտանք է, եւ այդպիսի ռեալ վտանգ չկա տարածաշրջանում»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լ. Մկրտչյանը` շեշտելով, որ ինքն ամբողջությամբ համամիտ է Ռ. Քոչարյանի գնահատականների հետ: Իսկ ինչ վերաբերում է Արկադի Ղուկասյանի հայտարարությանը, ապա Լ. Մկրտչյանը վստահ է, որ այն Ռամբույեի «գրեթե զրոյական» արդյունքից հետո Ղարաբաղի ձայնի անհրաժեշտությունը մեկ անգամ եւս վկայելու փորձ էր:
Իսկ ԱԺ «Արդարություն» դաշինքը, որը բոլորովին վերջերս միացել էր կոալիցիայի հայտարարությանն ու իր համաձայնությունը հայտնել ԼՂՀ հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, տեղյակ չլինելով բանակցային գործընթացի գոնե կես դրվագին, երեկ Ռ. Քոչարյանի ելույթին արձագանքեց հետեւյալ կերպ. «ԼՂՀ հիմնահարցը կարող է լուծվել Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց հետո»: Իսկ դաշինքի անդամ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը երեկ դարձյալ ԼՂՀ հարցով ԱԺ լսումներ էր պահանջում, որին ներկա կլինեն Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը: Թերեւս արդեն ուշ է. ընդդիմությունն արդեն տվել է իր համաձայնությունը գործող «ոչ լեգիտիմ» իշխանությունների կողմից ԼՂՀ հարցում տարվող գործընթացների նկատմամբ: Եթե անգամ այն պատերազմի վերսկսման ելք ենթադրի: