Դուրս են բերվելու մինչեւ 2008-ը

06/03/2006

Վրաստանից Ռուսաստանի ռազմակայաններն ամբողջությամբ դուրս են բերվելու 2008-ին, իսկ Ախալքալաքի 62-րդ ռազմակայանը վերջնականապես փակվելու է մինչեւ 2007-ի վերջը: Ըստ ռուսաստանյան «Գազետա» թերթի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը նախատեսում են, որ առաջին հերթին Վրաստանի տարածքից դուրս է բերվելու հենց Ախալքալաքի 62-րդ ռազմակայանը: 2008-ին նախատեսվում է Վրաստանից դուրս բերել Բաթումիի 6-րդ ռազմակայանը եւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի վարչությունը: Ռուսական ռազմակայանների եւ օբյեկտների անշարժ գույքը փոխանցվելու է Վրաստանին, մնացած ունեցվածքը եւ զորատեխնիկան տեղափոխվելու են Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համաձայնագրերը ստորագրելուց հետո Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանները գործելու են «դուրսբերման ռեժիմով»: Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմակայանների դուրսբերումից հետո երկրի տարածքում այլ պետությունների ռազմակայաններ չեն տեղակայվելու: