«Ախչի Ռուզա՞ն, հերիք չեղա՞վ»

06/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Այս ընտանիքներից չորսը հարեւաններ են, մյուսները հանդիպել եւ միավորվել են հիմնականում տարբեր դատարաններում, երբ փորձել են վերականգնել իրենց իրավունքներն ու զուտ պատահաբար հայտնաբերել են, որ նույն մարդկանց զոհերն են: Հավաքվածները նշում էին մի շարք բրոկերների անուններ՝ Սիրանույշ Հովհաննիսյան, Ռուզաննա Ադամյան, Արամ Միրզաբեկյան, Արթուր Գրիգորյան, Մարգարիտ Մելիքսեթյան, Վիգեն Արզումանյան, Ռուզան Ներսիսյան, Ավետիք եւ Լիդա Արոյաններ, որոնք զանազան կեղծ գործարքների ու խաբեության միջոցով զբաղվել են դրամաշորթությամբ, տների առքուվաճառքով: Գլխավոր դատախազության մոտ հավաքված տուժյալների վստահմամբ՝ առանձին-առանձին հանդես եկող այս մարդիկ իրականում գործել են խմբով, եւ որպես խմբի պարագլուխ նշում էին Ռուզաննա Ադամյանին: Երեկ նրանք նամակ հղեցին Գլխավոր դատախազին, որով պաշտպանություն էին հայցում: Ինչպես նշել էին նամակում, թափառաշրջիկ բրոկերների այս խումբը սերտ համագործակցության մեջ է եղել Կենտրոն համայնքի նոտարական գրասենյակի հետ՝ կեղծելով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերը: Այս մասին նրանք տեղեկացրել են Կենտրոնի ոստիկանություն, սակայն որեւէ արձագանք չի եղել: Ավելին՝ բնակիչների պնդմամբ՝ Կենտրոնի ոստիկանության քննիչներ Խաչիկ Խաչատրյանը, Մասիս Մելքոնյանը եւ Հայկ Ավագյանը հակված չեն գործին ընթացք տալ եւ հրաժարվում են քրեական գործ հարուցել: Իսկ խարդախ բրոկերները տուժյալներին հայտարարել են, որ իրենց դեմ «խաղ չկա», քանի որ թե ոստիկանությունում, եւ թե դատախազությունում իրենց ծանոթ-մտերիմներն են աշխատում: Տուժյալները գլխավոր դատախազից պահանջում էին իրենց գործերը Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքից տեղափոխել Գլխավոր դատախազություն եւ անձամբ հետեւել քննության ընթացքին: Գլխավոր դատախազությունից նրանց վստահեցրել են, որ նամակին կպատասխանեն հնգօրյա ժամկետում:

Բրոկերների այս խումբն աշխատել է նախ բնակիչների շրջանում վստահություն ձեռք բերել, ընդհուպ՝ ջերմ եւ մտերմիկ հարաբերություններ հաստատել, ապա նրանց վստահությունը շահելով` խաբեության ու շանտաժի միջոցով տիրացել ոչ միայն հազարավոր դոլարների, այլեւ ձեռք գցել ոմանց բնակարանների սեփականության իրավունքը: Գործարքները հիմնականում կատարվել են առանց փաստաթղթերի, քանի որ բրոկերները ճիշտ են գնահատել ու օգտագործել իրավական ակտերի նրանց չիմացությունն ու վստահությունը բարեկամական հարաբերությունների հանդեպ: Արդյունքում ընտանիքների մեծ մասն այսօր զրկվել է սեփական բնակարաններից եւ հայտնվել փողոցում: Տուժյալներից Կուրիկյան Լիլյայի ամուսինը՝ Աշոտ Գալստյանն, արդեն 8 ամիս է, կալանքի տակ է: Կուրիկյանի հավաստմամբ` բրոկեր Արթուր Գրիգորյանի հետ տարիներ շարունակ տան առքուվաճառքի հետ կապված համագործակցել են: Ա.Գրիգորյանն այնպես է շահել ընտանիքի վստահությունը, որ վերջին գործարքն արել են առանց որեւէ փաստաթղթի: Ընտանիքի վստահությունը շահած բրոկերը 8500 դոլար է վերցրել՝ իր միջնորդությամբ տարածք ձեռք բերելու համար, եւ հետագայում հրաժարվել գումարը վերադարձնել: Վիճաբանության ժամանակ քաշքշուկ է եղել բրոկերի եւ բնակչի միջեւ, բրոկերը դիմել է իրավապահ մարմիններն, վերջիններիս էլ որոշել են, որ մեղավորը միայն բնակիչն է: ՌԴ քաղաքացի Սոս Հովակիմյանն էլ Ռուզաննա Ադամյանի միջնորդությամբ բնակարան է փորձել գնել, սակայն մինչեւ հիմա չի կարողանում ազատվել բնակարանի նախկին տերերից: Ս.Հովակիմյանի համոզմամբ` Ռ.Ադամյանն ու բնակարանի տերերը համագործակցել են, գումարը վերցրել ու «թռել են»: Արդեն երեք տարի է, թեեւ Ս.Հովակիմյանի ընտանիքը գրանցված է գնված բնակարանում, սակայն նախկին տերերը հրաժարվում են բնակարանն ազատել: Շուրջ մեկ տարի էլ Ս.Հովակիմյանի գործը քննում է կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանն ու ոչ մի կերպ հանգուցալուծումը չի երեւում: Հովակիմյանն էլ է վստահ, որ դատարանները համագործակցության մեջ են բրոկերների այս խմբի հետ, հակառակ դեպքում` գոնե գործը հանգամանորեն ուսումնասիրելու ցանկություն կդրսեւորեին: «Նրանք ընդամենը դատական շոու են սարքում, դատավորը գալիս է մի 10 րոպեով, մի երկու հարց տալիս ու գնում, ու այդպես, մի տարի է, էս գործը ձգձգվում է»,- ասում է Ս.Հովակիմյանը: Տուժյալների հավաստմամբ՝ Ռուզաննա Ադամյանն իր դեմ հարուցված քրեական բոլոր գործերից «չոր» է դուրս գալիս: «Դատավորները նրան դիմելիս «ախչի Ռուզան» են ասում, ո՞վ է տեսել նման բան, Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մ. Մարտիրոսյանն իմ ներկայությամբ ասում է՝ «ախչի Ռուզան, էս էլ քանի մարդ ա քո երեսից գալիս էստեղ, հերիք չեղա՞վ»,- պատմում է մեկ այլ տուժյալ՝ Գրիգոր Օհանյանը: Վերջինիս հավաստմամբ, բրոկերների այս խումբն այնպես է հմտացել բնակարանների կեղծ առքուվաճառքի գործարքում, որ սեփական հաջողությունն արդեն իրենց էլ է զարմացնում: «Իրենց լեքսիկոնով ասած՝ շաբաթը հեչի պես մի տուն են «գըմփացնում» եւ այնքան լկտի են, որ այդ ամենի մասին բարձրաձայն տարբեր տեղեր պատմում ու հռհռում են. սա չի՞ նշանակում, որ նրանց թիկունքը պինդ է»,- եզրակացնում են տուժյալները: