Մի քանի օր առաջ «ՀայՌուսգազարդը» հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ (ՀԾԿՀ) բնակչությանը մատակարարվող գազի սակագները բարձրացնելու առնչությամբ։ Բոլորը սպասում էին, որ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու, սակայն այսպիսի սցենար ոչ ոք չէր ենթադրում։
Նախ սկսենք նրանից, թե այդ մասին մեր բնակչությունն ինչպես տեղեկացավ։ Շատ հպանցիկ։ «Հայլուրն» այնպես իմիջիայլոց անդրադարձավ գազի սակագնի թանկացմանը, ասես դա շարքային, հերթապահ լուր էր՝ եթերը լցնելու համար։ Իսկ գազի գինը ներկա դրությամբ հանրապետության ամենահրատապ հարցերից մեկն է, այլապես Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ դրա շուրջ չէր բանակցի Վլադիմիր Պուտինի հետ։
Ընդ որում, եթե առաջ միայն կարող էինք ենթադրել, ապա այժմ միանշանակ կարելի է պնդել, որ ՀՀ նախագահն այդ բանակցություններում հաջողության չի հասել, եւ Սոչիում գարեջուրը խմում էր ահավոր «մանթրաժ» վիճակում։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ անորոշությունը վերջապես ավարտվեց, սակայն դա ընդամենը պատրանք է։ Իրականում ամեն ինչ շատ ավելի խճճվեց։ Եթե նախկինում հիմնական հարցն այն էր, թե ռուսներն ի վերջո որքանով մեզ գազ կվաճառեն, ապա այսօր դրան գումարվել է եւս մեկ հարց՝ որքանո՞վ է «ՀայՌուսգազարդը» երկնագույն վառելիքը վաճառելու մեր բնակչությանը։
Շատերը ենթադրում են, որ 1000 խմ-ի դիմաց առաջարկվող 108 հազար դրամ սակագինը փոփոխության կենթարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Մենք էլ ենք կարծում, որ գազի գինը կսահմանվի ավելի ցածր մակարդակի վրա։ Սակայն դրա չափը որոշելու է ոչ վերոնշյալ հանձնաժողովն ու դրա նախագահը։ Բոլորս էլ գիտենք, որ այս կառույցն ինքնուրույն ոչինչ անել չի կարող, ինչպես հանրապետության բոլոր մյուս կառույցները։ Ամեն ինչ որոշվելու է մի քանի հոգու նեղ շրջանակում։ Եթե արդեն չի որոշվել։
Մեր իշխանություններն աշխատում են ոչ թե ինչ-որ բան անել ժողովրդի համար, այլ ցույց տալ, որ անում են։ Դրա համար չեն ալարել եւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով՝ ստեղծել են մի իսկական ներկայացում։
Տրամաբանելու ունակություն ունեցող ցանկացած ոք կարող է ապացուցել, որ 108 հազարը ոչ մի բացատրություն չունի։ Դա անուղղակիորեն ընդունել է նաեւ «ՀայՌուսգազարդը»՝ նշելով, որ իրենք ոչ մի հիմնավորում էլ չեն ներկայացրել։
Եվ այսպես, ռուսները մեզ հաստատ 1000 խմ-ն 110 դոլարից ավելի չեն վաճառի։ Տարբերությունը կազմում է 54 դոլար՝ 24.300 դրամ։ Ավելացած գումարից գանձվելու է նաեւ 20% ավելացված արժեքի հարկ՝ 4860 դրամ։ Ըստ տրամաբանության, բնակչությանը մատակարարվող 1000 խմ գազի գինը պետք է ավելանար 29.160 դրամով (24.300 + 4860)։ Լավ, եկեք կլորացնենք եւ դարձնենք 30 հազար՝ հաշվի առնելով արտարժույթի փոխարժեքի անկանխատեսելի պահվածքը։ Սա առավելագույն գումարն է, որով «ՀայՌուսգազարդը» պետք է ավելացներ գազի գինը։ Այսինքն, 1000 խմ-ի դիմաց բնակիչը պետք է վճարեր մաքսիմում 89 հազար դրամ, քանի որ հայաստանյան գազամատակարարը որեւէ կերպ չի ավելացնում իր ծախսերը։ Ավելին, նույն տոկոսային հարաբերակցությամբ ավելանալու են նրա եկամուտները, հետեւաբար` նաեւ շահույթը։
Երկրորդ ոչ պակաս կարեւոր հանգամանքը հետեւյալն է։ Ներկայումս գործող սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց 59 հազար դրամ, ուժի մեջ է մտել 2004թ. մարտի 1-ին։ Եթե այն ժամանակ «ՀայՌուսգազարդն» ինչ-որ կերպ հիմնավորել է այդ սակագինը, ապա այդ 59 հազար դրամն այժմ անտրամաբանական է։
2004թ. մարտին 1 ԱՄՆ դոլարն արժեր 560 դրամ։ 2004թ. մարտի 1-ի համեմատ դոլարն արժեզրկվել է մոտ 20 տոկոսով եւ այսօր արժե 450 դրամ։ «ՀայՌուսգազարդը» եկամուտները ստանում է դրամով, սակայն «Գազպրոմին» վճարում է արտարժույթով։ Այսինքն, մոտ երկու տարի այս հիմնարկությունը, առանց որեւէ բան անելու, հավելյալ շահույթ է ստացել, որն աստիճանաբար մեծացել է, քանի որ դրամը վերջին 2 տարիների ընթացքում կայուն կերպով արժեւորվել է։ Այս մասին նույնպես պետք չէ մոռանալ։
Եվ հիմա համեմատենք այս ամենը 108 հազար դրամի հետ։ Սա պարզապես ծիծաղելի կլիներ, եթե չափից դուրս ակնհայտ աբսուրդ չլիներ։ Ընդհանրապես, այս ողջ պրոցեսը, որը սկիզբ է առել դեռ անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեի ժամանակներից, երբ բոլորը միահամուռ ժխտում էին գազի գնի թանկացումը, կարելի է անվանել մեծ ինքնախաբեություն։ Դրան հաջորդեցին արդեն անվերջ ընթացող բանակցությունները եւ դրանց մասին հնչող հեքիաթները, իսկ մի քանի օր առաջ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ այդ բանակցությունների ընթացքում Մոսկվան որեւէ զիջման չի գնացել։ Առավել հետաքրքիրն այն է, որ ասում են՝ բանակցությունները դեռ շարունակվում են։ Սակայն աբսուրդային բաները հաջորդում են մեկը մյուսին։ Նույն Ա. Մովսիսյանը հայտարարել է. «Թե ինչպես գազի գինը կազդի երկրի ողջ տնտեսության վրա, այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո»։
Հետաքրքիր է, հիմա ո՞ւմ որոշումն է կարեւոր՝ Ռուսաստանի՞, թե՞ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի։ Առավել եւս, որ «բանակցությունները շարունակվում են», եւ ՀԾԿՀ-ի վերջնական որոշումը կախված է լինելու դրանց «արդյունքից»։ Եվ երկրորդ, որեւէ մեկը դժվար թե հավատա, որ Ա. Մովսիսյանն անհամբեր սպասում է, թե հանձնաժողովի շա՜տ անկախ մասնագետները ինչ որոշում են ընդունելու։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ վերեւներում ընդունված ինչ որոշում է հրապարակելու Ռ. Նազարյանը։
Այսինքն, փորձ է արվում ամեն կերպ կարեւորել այս հանձնաժողովի դերը (այսինքն` նաեւ պետության), նրան հերոս սարքել մարդկանց աչքում։ Եթե ՀԾԿՀ-ն գինը սահմանի, ասենք, 1000 խմ-ն 90 հազար դրամ, ապա կասեն՝ տեսա՞ք, պետությունը ժողովրդի համար մերժեց գազային մոնոպոլիստի հայտը եւ սահմանեց ավելի ցածր գին։ Իհարկե, «մոռանալով նշել», որ այդ մոնոպոլիստի բաժնետոմսերի 45%-ը պատկանում է այդ նույն պետությանը, որի բյուջետային մուտքերն ավելանալու են եւ՛ «ՀայՌուսգազարդի» շահույթների, եւ՛ ավելի մեծ գումարի` ԱԱՀ-ի հաշվին։ Բյուջեն շահում է, ժողովուրդը՝ կորցնում։
Պետք չէ բացառել նաեւ այն հանգամանքը, որ շրջանառության մեջ հայտնված 108 հազար դրամը բնակչության տրամադրությունները ստուգելու փորձ էր։ Եվ եթե արձագանքը բուռն չլինի, միգուցե հենց այդ գինն էլ հաստատվի։
Վերջերս Տ. Ուրիխանյանը, որն ամենաբազմազան հարցերի շուրջ տեսակետ արտահայտելու փափագով չի զիջում Տ. Կարապետյանին, հայտարարել էր, որ իր բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում։ Թերեւս կարելի էր նրան հիշեցնել իր իսկ կանխատեսումը, որ ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառելու է $85-ով, եւ այդ հարցն էլ լուծվելու է հունվարի վերջին։
Սակայն ավելի նպատակահարմար է հարց ուղղել, օրինակ՝ ԱԺ Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ պրն Գագիկ Մինասյանին։ Երբ 1 ամիս առաջ նրան հարց ուղղվեց գազի հնարավոր թանկացման եւ դրա հետեւանքների մասին, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակից առաջ մի ընկեք ու Կիկոսի մահը մի սարքեք»։ Հիմա էլ հարցնում ենք՝ պրն Մինասյան, Կիկոսը դեռ կենդանի՞ է…