Տարածաշրջանի երկրների համագործակցության նոր ծրագրի քննարկման նպատակով մարտի 2-ին Գյումրիում էր գտնվում Նորվեգիայի կառավարության պատվիրակությունը: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է համագործակցություն իրականացնել Թուրքիայի ու Ջավախքի, ապա Ջավախքի ու Շիրակի մարզի միջեւ: Հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ քաղաքական հակամարտությունները` նորվեգացիներն առաջարկել են ծրագիրն ավելի գործնական, թեթեւ երկկողմ շահագրգռվածություն ունեցող խնդիրներով սկսել: Ի դեպ, ծրագրին հավանություն են տվել Թուրքիայի սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները: Ծրագրի արդյունավետ ընթացքի համար նորվեգական կողմը կարեւոր է համարում տեղական իշխանությունների աջակցությունը, իսկ ծրագրի առաջին քայլն ամենայն հավանականությամբ կսկսվի ճանապարհների վերանորոգման աշխատանքներով: Նորվեգական պատվիրակության հավաստմամբ, Վրաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ վերջիններս արդեն խոստացել են Բավրա-Մինոծմինդա-Ախալքալաք ճանապարհային հատվածը վերանորոգել մինչեւ այս տարվա վերջ: Ծրագիրը ֆինանսավորվելու է Նորվեգիայի կառավարության կողմից: