Կին՝ առանց սահմանափակումների

06/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ազգային ժողովրդավարության ինստիտուտը` NDI-ն, երեկ կազմակերպել էր ֆորում` «Կին-առաջնորդ» խորագրով: Ֆորումը նպատակ ուներ միավորել «տաղանդաշատ ու գիտակ կանանց», որոնք կքննարկեն քաղաքական եւ հասարակական արդի խնդիրները եւ կնպաստեն ազգային, շրջանային ու տեղական մակարդակներում կին պաշտոնյաների թվի ավելացմանը:

NDI-ի Հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի տնօրեն Թալին Սանասարյանն ասաց, որ ողջ աշխարհում են կանայք պայքարում պատշաճ տեղ զբաղեցնելու համար: «Մենք պետք է քննարկենք` թե ինչպե՞ս փոխենք կանանց հանդեպ ստեղծված վերաբերմունքը»,- ասաց նա: Իսկ ֆորումը վարող Հրանուշ Խառատյանը նկատեց, «Տիկին Թալինը դեռ նոր մարդ է մեր իրողության մեջ եւ շատ վճռական է տրամադրված: Նա դեռ կունենա իր հաղթանակներն ու հիասթափությունները»: Հիմնական քննարկման նյութն Ազգային ժողովում կանանց սակավ ներկայացված լինելն էր: Քաղաքական կյանքում կանանց դերի ակտիվացմանը պետք է հենց իրենք` կանայք նպաստեն. այսպես էին կարծում ֆորումի գրեթե բոլոր կին մասնակիցները: Ֆեմինիզմը դեմոկրատիայի հետ չշփոթելու համար, կանայք պետք է լավ գիտակցեն իրենց ներուժն ու արժեքը: Իսկ, որ ավելի կարեւոր է, աշխատեն նոր հոսանքներից հեռու չմնալ, ունակ լինեն նորը յուրացնելու, այլ ոչ թե` տեղում դոփելու: Դա այսօր բոլոր առաջնորդների խնդիրն է, եւ ոչ միայն կանանց:

Կանանց իրավահավասարությունը մեր օրերում նկատելի չէ: Քիչ են եւ կին քաղաքական գործիչները, եւ բիզնեսով զբաղվող կանայք: NDI-ի նախագահ Մադլեն Օլբրայթի խոսքերով` «այսօր աշխարհը վատնում է թանկարժեք մի ռեսուրս», այսինքն` կանանց ներուժը: Կինը թարմության, արդիականացման ու բարեփոխման խորհրդանիշն է: Վիճակագրությունն ապացուցել է, որ այն երկրում, որտեղ կինը բարձր պաշտոններ է զբաղեցնում, քիչ են սոցիալական խնդիրները եւ կոռուպցիայի մակարդակը: Սակայն Հայաստանում ներկայանալի ու գիտակ բացահայտ կին-առաջնորդ դեռեւս չկա: Դրան չեն նպաստում ազգային մենթալիտետն ու մթնոլորտը: Բանախոսներից եւ ելույթ ունեցողներից շատերը վստահ են, որ կուսակցություններում կանայք հազվադեպ են իրենց տեղը գտնում, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնելու դեպքում` սեռական խտրականության հանդիպում: Եվ խոսքը միայն տղամարդկանց նախապաշարմունքը չէ, այլ կանանց ոչ պատրաստ լինելը: «Քաղաքական էլիտան այսօր տղամարդու դեմք ունի»,- այսպիսին էր բոլորի կարծիքը: Իսկ քաղաքականությունը, ուզես թե չուզես, ազդում է ընտանիքի եւ ընտանիքի անդամների վրա, այդ պատճառով էլ կինը չի կարող քաղաքականությունից հեռու մնալ: Մտահոգիչ է, երբ կինը չի ցանկանում խառնվել այդ գործընթացներին կամ չի հավատում իր ուժերին: Սակայն առավել մտահոգիչ է, երբ կինն առանց պահանջվող գիտելիքների ու վստահ խոսելաոճի է փորձում իր կարծիքն առաջ տանել: «Երիտասարդական» կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը` ելույթ ունենալով` ասաց. «Խորհրդարանում հայտնվելու կանանց շանսերը մինիմալ են: Կանայք, թողեք ամբիցիաները»: Պարզապես ամբիոնից ելույթ ունենալու կամ երեւալու ցանկությունը ֆորումի մասնակիցներից շատերին արդեն իսկ բավարար էր, քանի որ այնպիսի տպավորություն էր, որ նրանցից շատերը ոչ ասելու բան ունեն, ոչ էլ, առավել եւս` քննարկելու:

Կարելի՞ է կին-առաջնորդ ստեղծել

Առաջնորդ դառնալու համար կանայք բոլոր նախադրյալներն ունեն, եւ դրանք ամբիցիաներ չեն` շատերը բարձրագույն կրթություն, պահանջվող գիտելիքներ ունեն: Օրինակ, Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունների 60 տոկոսը հենց կանայք են ղեկավարում: Եվ ինչպես նշեց Նորա Հակոբյանը` գյուղապետի թեկնածությանն առաջադրված 35 կանանցից 15-ն ընտրվել է, մեծ է նաեւ կանանց ներգրավվածությունը ավագանիների կառույցում: Մի խոսքով, եթե կանանց հանդեպ անկողմնակալ վերաբերմունք չցուցաբերվի, իրենք կարող են հանգիստ սեփական ճանապարհը հարթել: Բիզնեսի ոլորտում կանայք միայն մանր եւ միկրոբիզնեսով են զբաղվում, իսկ խորհրդարանի միայն 5-6 տոկոսն են կազմում: Կարծրացած ստերեոտիպերն ամենուրեք խոչընդոտում են կանանց եւ սահմանափակում նրանց բացահայտվելու հնարավորությունները: Հաճախ ստացվում է այնպես, որ նման ստերեոտիպերը հենց կանայք են ստեղծում, եւ հենց նրանով, որ ընդունում են դրանք:

Ֆորումին մասնակցող կանանց մեծ բանակը պատրաստ է պայքարի, թեեւ Թալին Սանասարյանը հիշեցնում էր, որ քաղաքականության մեջ փոփոխություններն արագ ընթանալ չեն կարող: Մեր օրերում բարձր պաշտոններ զբաղեցնող հայ կանանց եւ տարիքը, եւ խոսելաոճը, եւ պահվածքը ավելի մոտ է խորհրդային տարիների կին-առաջնորդի կերպարին: Շատերի հագուկապն էլ է կուսակցական աշխատողների կերպար հիշեցնում: Ինչպես նկատեց Սպառողների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը. «Պետք են նոր լիդերներ: Իսկ լիդերներ չեն դաստիարակվում, լիդերները ծնվում են: Մեզ այսօր միջին տարիքի ու կրթված կանայք են պետք: Անկասկած, ինձանից ավելի երիտասարդ»: Ռոզա Ծառուկյանը համաձայն չէ տարիքային տարբերակմանը եւ, չնայած ինքն արդեն 73 տարեկան է, պատրաստ է «մեր գյուղատնտեսությունը դեպի պայծառ ապագա տանել»:

Վստահ ու տղամարդկանց հետ մրցունակ կին քաղաքական գործիչներ կամ բիզնեսով զբաղված կանայք քիչ են: Ոմանց կարծիքով` պատճառը կանանց սոցիալական ապատիայի մեջ է: Եվ կանանց պետք է արթնացնել: Առաջնորդ-կանանց հայտնաբերելու եւ բացահայտելու համար NDI-ը հատուկ դասընթացներ է պատրաստվում կազմակերպել: Գուցեեւ հատուկ հիմնադրամ հիմնի: Իսկ «Կին-առաջնորդ» ֆորումի ընթացքում նոր հռչակագիր ընդունվեց, որի դրույթներից մեկն է. «Կազմակերպել լոբբինգ կառավարության որոշումների ընդունման մակարդակում նվազագույնը 20 տոկոս կանանց ներկայացուցչությունը ապահովելու համար»: Իսկ վերջին դրույթի համաձայն` «ստեղծվելու է այն կանանց տվյալների բազան, ովքեր ցանկանում են աշխատել իշխանության բոլոր ճյուղերի որոշումների ընդունման մակարդակում եւ դրա համար ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու տվյալներ»: Արհեստականորեն կին-առաջնորդ բուծելու կամ բացահայտելու համար մեծ աշխատանք է հարկավոր, նախեւառաջ լավ նյութ է պետք, այսինքն, բանիմաց, համակրելի, օտար լեզուների տիրապետող ու ժամանակակից կանայք, ովքեր կարող են մի քանի քայլ առաջ տեսնել: Եվ որոնց կհավատան ընտրազանգվածները: Այդպիսի կանայք երեւի կան, սակայն չեն երեւում: