Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

05/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ընդ որում, հանրահավաքը հիմնականում կապվում է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով բանակցությունների ներկա փուլի հետ ու հենց այդ ֆոնի վրա էլ փորձ է արվում բացատրել, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, գործի դնելով ադմինիստրատիվ ռեսուրսը, 18 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցն այս տարի նշեցին նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելով: Ո՞ւմ եւ ի՞նչ էին ուզում հասկացնել: Ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվել է հանրահավաքում ընդունված` համաշխարհային հանրությանն ուղղված պահանջ-հայտարարությունը, ուր մասնավորապես նշված է, թե «ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, երբ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող պատերազմը` այլատյացությունը, կիզակետում է, հայ ժողովուրդն անիմաստ ու անընդունելի է համարում որեւէ ձեւաչափի բանակցություն, եթե այն ինքնանպատակ է եւ ոչ կառուցողական»: Փաստորեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի` օրերս արված հայտնի հայտարարությունից հետո արդեն Հայաստանում ակնարկներ են արվում, թե Հայաստանը կարող է եւ հրաժարվել ԼՂ հարցով Ադրբեջանի հետ բանակցություններից: Ընդ որում, երեկ էլ բանակցություններից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Հետաքրքիր է, ինչո՞ւ է հենց այս օրերին պարոն Քոչարյանը նման հայտարարություն անում: Ինչեւէ, երեկ էլ Աղդամի շրջանի Բոնովշալար գյուղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ԼՂ հարցով բանակցությունները փակուղի են մտել եւ դրանում մեղադրել է հայկական կողմին: Թեեւ Ալիեւը հայտարարել է, թե իր երկիրը հարցի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն նա երեկ նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է պատրաստվի Հայաստանի հետ պատերազմի: «Վերջին զարգացումները վկայում են, որ հայկական կողմը ժամանակ է ձգում: Հայկական կողմի մեղքով բանակցությունները փակուղի են մտել, եւ այսպիսի պայմաններում Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, թե Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են՝ «հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու համար»: «Մենք ենք տուժած կողմը եւ մենք իրավունք ունենք հարցը լուծել ցանկացած միջոցներով: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել, եւ բնակչությունը պետք է մոբիլիզացվի»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը: Վերջինիս կարծիքով` իրենց ամենամեծ զիջումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում եղել է այն, որ արդեն 12 տարի է, բանակցում են: Ալիեւը նաեւ նոր բացահայտում է արել: Նրա խոսքերով` Հայաստանն Ադրբեջանի հանդեպ ցեղասպանության քաղաքականություն է վարում, ինչը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Ալիեւի վերոնշյալ հայտարարություններից մի քանի ժամ անց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշն էլ է ԼՂ խնդրին վերաբերող հայտարարություններ արել: Ընդ որում, հատկանշական է, որ դեսպանը չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի` օրերս արած այն հայտարարությանը, թե իսկական ողբերգություն կլինի, եթե ԼՂ հակամարտությունն այս տարի չլուծվի` Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը մասամբ բացել է փակագծերը` հասկացնելով, թե ինչ ողբերգության մասին է խոսքը: «Եթե խնդրի լուծման ճանապարհին որեւէ առաջընթաց չարձանագրվի, հնարավոր են իրադարձությունների տարբեր զարգացումներ, որոնցից մեկն էլ պատերազմն է, ինչը կովկասյան տարածաշրջանում կբացի ողբերգության ճանապարհը»,- հայտարարել է Ռինո Հարնիշը: Վերջինիս խոսքերով` անհրաժեշտ է հիշել, թե ինչ պայմաններում են ապրում ճարահատյալ տեղահանվածները: «Այդ պատճառով էլ մենք երկու կողմերի քաղաքական գործիչներին կոչ ենք անում ելք գտնել այս իրավիճակից»,- երեկ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Դեսպանի փոխանցմամբ` մարտի 7-8-ին Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում կքննարկվի Ռամբույեում ձեռք բերված արդյունքների հիման վրա կատարվելիք առաջիկա քայլերի հնարավորությունը: Ռ. Հարնիշը սակայն հավելել է, թե վաշինգտոնյան հանդիպումից չարժե առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն ամերիկյան կողմը հավատում է, որ համանախագահներին կհաջողվի օգտակար խորհրդակցություններ անցկացնել: Վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսին` Հարնիշը հայտարարել է, թե պայմանավորվածությունների ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում «սարերի ետեւում չէ»: Ինչեւէ, այս ամենից կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ԼՂ հարցում առաջընթաց արձանագրելու նպատակով մեծացնում է ճնշումը կողմերի վրա, ինչին կողմերն արձագանքում են միմյանց հասցեին հնչող մեղադրանքներով ու ինչ-ինչ ուժերի տարբեր կերպ ինչ-որ բաներ հասկացնելու փորձերով: Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի հետ ԼՂ հարցով կոնսուլտացիաներ վարելու համար նրան Մոսկվա հրավիրելու մտադրության մասին ՌԴ նախագահի` Բաքվում օրերս արած հայտարարությունից հետո արդեն լուրեր են շրջանառվում, թե չի բացառվում, որ առաջիկա օրերին ՀՀ նախագահին հրավեր ուղարկեն նաեւ Վաշինգտոնից: Մեր տեղեկություններով` չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոն մեկնի արդեն այս ամսվա ընթացքում, ավելի ստույգ` մարտի 27-ին: Արժե նշել նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2001 թվականին, երբ Քի Ուեսթում ԼՂ հարցով բանակցում էր Հեյդար Ալիեւի հետ: