Ապաքաղաքական հեռուստավարկանիշեր

05/03/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երեւանյան հեռուստաընկերությունների ծրագրերի վարկանիշերի առաջին հրապարակումները քաղաքական բովանդակություն ստացան։ Հասարակությունն առայժմ պատշաճ տեղեկացված էլ չէ, թե ինչ վարկանիշերի մասին է խոսքը։ Մինչդեռ ԱԺ պատգամավորների մի մասն արդեն քաղաքական վերլուծության է ենթարկում Հանրային հեռուստատեսության նախագահի ելույթը։ Պատճառը, երեւի, այն է, որ Հայաստանում հասարակական կյանքի բոլոր երեւույթներն անհարկի ու անթույլատրելի չափով քաղաքականացված են։ Հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ հասկանալ, թե ինչ է հեռուստավարկանիշերի երեւույթը եւ դրա ներդրումն ինչ հետեւանքներ կծնի մեր հեռուստաշուկայում։ Հեռուստավարկանիշերի եւ Հեռուստամոնիտորինգի համակարգը Երեւանում ներդրվել է անցյալ տարվա օգոստոսից։ «Այրեքս Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող այդ ծրագրի պաշտոնական ներկայացումը կատարվել է դեկտեմբերին։ Իր ուսումնասիրությունների արդյունքներն այդ կազմակերպությունն այսօր, առայժմ` անվճար, տրամադրում է երեւանյան բոլոր հեռուստաընկերություններին եւ գովազդային գործակալություններին։ Տվյալների առաջին ուսումնասիրությունները հետաքրքիր են։ Նախ` բոլոր` թե՛ հայ, թե՛ օտար մասնագետների համար անակնկալ էր, որ մենք չափավոր հեռուստադիտող ենք։ Հեռուստամոլությունը որպես մեր ժամանակների հիվանդություն բնորոշ չէ երեւանցիներին։ Երեւանում հեռուստացույց դիտում է հնարավոր հեռուստալսարանի առավելագույնը 55-60 տոկոսը։ Բնակչության մյուս հատվածը կենցաղում ավելի հետաքրքիր զբաղմունք է գտնում։ Հաջորդ հետաքրքիր փաստն այն է, որ հեռուստաշուկայում անխոս առաջատար չկա։ Ամենադիտվող հեռուստաընկերության դերին շատերն են հավակնում։ Սրա բացատրություններից մեկն էլ մեր հեռուստամոլությունից զերծ լինելն է։ Հունվարի 22-ին Հանրային հեռուստատեսությունը հեռարձակում էր մոսկովյան հանրահայտ համերգը։ Եթե «Այրեքս Հայաստան» հեռուստամոնիտորինգի արդյունքները չլինեին, կարող էր հասարակական թյուր կարծիք ձեւավորվել, որ Երեւանի մեծամասնությունը հեռուստացույցներին կպած ըմբոշխնում էր այդ համերգը։ Մինչդեռ մոնիտորինգի տվյալներով` այդ ծրագիրը նայել է պոտենցիալ հեռուստադիտողի 20 տոկոսից պակասը։ Նույն ուսումնասիրությունների համաձայն` նման մեծ ծավալի լսարան որեւէ այլ հաղորդում առայժմ չի հավաքել։ Պետք է ուրախանա՞լ այս փաստից, թե՞ տխրել` այլ հարց է։ Ի վերջո, «բարձր վարկանիշ ունեցող հաղորդում» արտահայտությունն ամենեւին էլ «որակյալ հաղորդում» արտահայտության հոմանիշը չէ։ Բոլորն էլ գիտեն, որ ամենալավ (կամ ամենաորակյալ) գրիչներն ամենեւին էլ ամենաշատ վաճառվող գրիչները չեն։ Սեզոնի բեստսելեր համարվող գրքերից շատերն էլ գրականության պատմության մեջ որեւէ հետք չեն թողնում։ Հեռուստատեսությունն ամենեւին էլ բարձր արվեստի ոլորտ չհամարելով` նշեմ, որ այս դեպքում էլ գործում է «մասսայական արվեստ – իրական արվեստ» հակադրությունը։ Առավել մեծ լսարան ունեցող հաղորդումները, մեղմ ասած, կասկածելի որակ ունեն։ Առանց հատուկ ուսումնասիրության էլ պարզ է, որ լատինաամերիկյան հեռուստասերիալներն առավել դիտելի հեռուստաապրանք են։ Հետեւաբար` գեղարվեստական, բարոյական, ճանաչողական նույն մակարդակ ունեցող հեռուստահաղորդումներն էլ հավակնում են դառնալ «ամենահեղինակավորները»։ Հայկական հեռուստաընկերություններին ակամա չվիրավորելու նպատակով առաջարկում եմ դիտարկել ռուսական օրինակը։ Հեռուստամոնիտորինգն այնտեղ ներդրվել է երկու-երեք տարի առաջ։ 2004-ի աշնանային եթերաշրջանից առաջ հանրային-պետական հեռուստաընկերություններից մեկը` «Ռոսիան», ձեռք բերեց 250 վավերագրական տեսաֆիլմ։ Տեսաֆիլմեր պատրաստողների հետ պայմանագրերը, բնականաբար, վաղուց էին կնքված։ Դրանց պատրաստ լինելու պահին մոնիտորինգն արդեն պարզել էր, որ լուրջ վավերագրական ֆիլմերի փոխարեն հասարակությունը գերադասում է դիտել երգիծական շոու-ծրագրեր։ Թե հետո ինչ կատարվեց` գիտենք բոլորս` ռուսաստանյան խոշոր հեռուստաընկերությունների եթերում նույն դերասանների ու նույն հեղինակների կատարմամբ իրարից քիչ տարբերվող հաղորդումներն էին։ Իսկ լուրջ ֆիլմերն ու հաղորդումները «քշվեցին» պակաս դիտելի` ուշ ժամեր։ Այս պատկերը պահպանվում է մինչեւ այսօր։ Ռուսաստանյան «1-ին ալիք» հեռուստաընկերության եթերում «Ռուսաստան 2030» անունը կրող ծրագիրը եթեր է հեռարձակվում կեսգիշերից հետո։ Սա` այն դեպքում, երբ հաղորդմանը` մասնագետների հետ, մասնակցում են դպրոցական միջին տարիքի երեխաներ։ Սա զուտ շուկայական «փառահեղ» լուծում է` երեխաները մասնակցում են մի հաղորդման պատրաստման, որը եթեր է հեռարձակվում այն պահին, երբ իրենք վաղուց արդեն քնել են։ Ակնհայտ է, որ վարկանիշային գործակցի անմնացորդ կիրառումը հեռուստաեթերից դուրս է մղում լուրջ հաղորդումները` հեռուստատեսությունը դարձնում անեկդոտ պատմող կամ հիթ-երգեր հեռարձակող։ Քիչ թե շատ կայացած հասարակություններն այս գործընթացի դեմն առնող համակարգեր բնականաբար ունեն։ Այս հասարակությունները, երբ հասարակական սահմանափակ որեւէ ռեսուրս տալիս են մասնավոր շահագործման, անպայման պարտադրում են իրականացնել նաեւ վերականգնողական պարտադիր աշխատանքներ։ Հեռուստաընկերությունները չեն կարող գովազդ ներգրավող հաղորդումներով անվերջ ամայացնել հասարակական կյանքը։ Կրկին ռուսական օրինակ բերենք։ Երբ «Ռոսիա» ընկերությունը` եթեր տալով «Վարպետը եւ Թագուհին» հեռուստասերիալը, որոշեց ֆիլմը չընդհատել գովազդով։ Ալիքի ֆինանսական ղեկավարության հաշվարկով` «գեղարվեստական» ղեկավարության այս որոշումով հեռուստաընկերությունը կորցրեց 5 մլն դոլար` գովազդը սահմանափակելով։ Փոխարենն` ալիքը հեղինակություն ձեռք բերեց։ Եթե հեղինակությունը հնարավոր է չափել կապիտալով, ուրեմն այդ կորած փողերը վաղ թե ուշ ետ կգան։ Հարցն այն է` մեր հասարակությունը կկարողանա՞ որեւէ համակարգ պարտադրել, որ հեռուստավարկանիշը չդառնա միակ ու եզակի թելադրողը մեր հեռուստաշուկայում։ Այլապես ԱԼՄ-ն իր անկում ապրող վարկանիշը բարձրացնելու համար սեփական ադամանդների տեղ կսկսի տոտալ եթեր տալ Արամ Ասատրյանին, Սպիտակցի Չալաղաջին եւ այլոց…