Ճիշտ է, երեւույթը, մեղմ ասած, հաճելի եւ օգտակար չէ, բայց երկար ձգձգվող անորոշ վիճակը, խոստովանենք, ազդում էր բոլորիս նյարդերի վրա: Մանավանդ հասկանալի էր, որ թանկացումն անխուսափելի է: Սակայն ռուսական կողմից՝ «Գազպրոմից» Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Իսկ «ՀայՌուսգազարդի» այս շտապողականությունն ընկերությունում բացատրեցին այսպես. «Ռուսաստանն առաջարկել է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը 59-110 դոլար հազար խմ համար, սակայն ժամկետը հետաձգվեց մինչեւ ապրիլի 1-ը,- ասաց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: -Փոխհատուցման մեխանիզմների շուրջ բանակցությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շարունակվում են: Մենք հայտ ենք ներկայացրել գների վերանայման համար, որպեսզի գնի բարձրացման դեպքում տեղավորվենք ժամկետների մեջ»:
Շ. Սարդարյանը ավելացրեց նաեւ, որ եթե փոխհատուցումները հնարավոր դառնան, «ՀայՌուսգազարդը» հայտի մեջ համապատասխան ուղղումներ կմտցնի: Հիշեցնենք, որ անցած աշնանը Ռուսաստանը հայտարարել էր, որ հարավկովկասյան հանրապետությունների համար սահմանելու է մեկ ընդհանուր սակագին: Վրաստանը միանգամից ընդունեց թանկացումը, իսկ մեր դեպքում սկսվեցին երկար բանակցություններ, որոնք դեռ շարունակվում են: Առաջարկվող տարբերակներից մեկն այն էր, որ ներկա գինը որոշ ժամանակ կպահպանվի, եթե նոր կառուցվող Իրան-Հայաստան գազամուղի մեջ Ռուսաստանը 45 տոկոս բաժնեմաս ունենա: Շրջանառվում էր նաեւ մեկ այլ տարբերակ. առաջարկություն կար «ՀայՌուսգազարդում» ավելացնել ռուսական կողմի բաժնեմասը, հավանաբար` հայկական կողմի հաշվին: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» 45 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», մյուս 45 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն է, իսկ տասը տոկոսն էլ տնօրինում է «Իտեռա»-ն: Տարիներ առաջ խոսակցություն կար, որ «Գազպրոմը» ցանկություն ունի գնել «Իտեռա»-ի 10 տոկոսը, սակայն գործարքը տեղի չունեցավ: Բայց դեպքերի հաջորդականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ցանկություն ունի «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ սեփականացնել, մանավանդ, որ 2007 թվականից այլեւս չի լինելու Հայաստանին միակ գազ մատակարարողը:
Ինչեւէ, փետրվարի 28-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով «ՀայՌուսգազարդն» առաջարկում է մինչեւ 10 հազար խմ բնական գազ օգտագործող սպառողների համար 1000 խմ սակագինը հաստատել 108 հազար դրամ` ներկայիս 59 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար եւ ավելի խմ օգտագործողների համար 1000 խմ սակագինը բարձրացնել 145 դոլար` ներկայիս 79,1 հազար դրամի փոխարեն: Հանձնաժողովից չմեկնաբանեցին «ՀայՌուսգազարդի» հայտը, դրա համար կամերալ ստուգումների տասնօրյա ժամկետ ունեն: Դրանից հետո միայն կպատասխանեն, թե հայտն ընդունելո՞ւ են քննարկման, թե՞ ոչ: Իսկ «ՀայՌուսգազարդից» էլ տեղեկացրին, որ հայտում հիմնավորում չի եղել, ուղղակի առաջարկվել է սակագինը բարձրացնել եւ վերջ:
«Գնի փոփոխության հայտ ներկայացնելն անկախ հիմնավորումից մեր իրավունքն է,- ասաց Շ. Սարդարյանը: -Իսկ թե հանձնաժողովն ինչ կորոշի, դա էլ իր իրավունքն է»:
Այնպես որ, գազի գնի բարձրացումն իրականություն է դառնում: Իրականություն է նաեւ այն, որ «ՀայՌուսգազարդը» գազը բաժանորդին է վաճառում ավելի քան կրկնակի թանկ գնով: Այս պահին ընկերությունը Հայաստանի սահմանի վրա 1000 խմ գազը գնում է 54 դոլարով, իսկ բաժանորդին վաճառում է մոտ 130 դոլարով: Նույն պատկերն է նաեւ նոր սակագների դեպքում՝ գնել 110 դոլարով, վաճառել 240 դոլարով: Փաստորեն ընկերությունը 1000 խմ-ի մեջ 110-120 տոկոս ստանալու սահման է գծել, եւ անկախ գազի գնի թանկացումից, չի ուզում այդ նշաձողն իջեցնել: Նշենք նաեւ, որ եթե այդ տոկոսային հասույթը գազի գնի թանկացմանը զուգահեռ պահպանվում է, ապա գումարային տեսակետից ավելի շատ է լինում: Եթե հին սակագներով 1000 խմ-ի համար «ՀայՌուսգազարդը» ստանում էր 75 դոլար, ապա նոր սակագների դեպքում, այդ գումարը կհասնի 130 դոլարի: Այսինքն` ճիշտ այնքան, ինչքանով որ հիմա է ընկերությունը բաժանորդներին գազ վաճառում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազամատակարար ընկերությանը թույլատրել է ստանալ ընդամենը 6 տոկոս շահույթ: Ստացվում է, որ մնացած գումարը ծախսվում է ներդրումների, գազամատակարարման աշխատանքների, աշխատավարձերի եւ հարկերի համար: Սակայն նշված սակագնային ու տոկոսային հարաբերությունների եւ յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց մնացած գումարների պայմաններում դժվար է հավատալ, որ «ՀայՌուսգազարդը» ստանում է ընդամենը 6 տոկոս շահույթ: Կամ էլ դժվար է հավատալ, որ ընկերությունն այդքան գումարներ է ծախսում ներդրումների կամ գազամատակարարման ու սպասարկման աշխատանքների վրա:
Գազը բաժանորդներին կրկնակի թանկ վաճառելու հանգամանքը «ՀայՌուսգազարդը» միշտ էլ պատճառաբանել է ներդրումների մեծ ծավալով. որ Հայաստանի ամբողջ տարածքով գազիֆիկացման ու գազասնուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ են տարվում: Նույն պարզաբանումն է տալիս նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սակայն այս տարիների ընթացքում ընկերությունն այդ աշխատանքների մեծ մասն արդեն կատարել է, եւ նորից մեծ ներդրումներ անելու պատճառաբանությամբ` յուրաքանչյուր 1000 խմ-ի մեջ արդեն 130 դոլար ավելացնելը խիստ կասկածելի է: Այս կասկածը խորանում է, երբ հիշում ենք բաշխիչ ցանցերի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ ընկերությունում աուդիտ անցկացրած մասնագետները հայտարարեցին, որ կատարվել են խոշոր չարաշահումներ, եւ կատարված ներդրումների ծավալն ուռճացված է: Չի բացառվում, որ նույն վիճակն է նաեւ «ՀայՌուսգազարդում»: Չէ՞ որ այս երկու ընկերությունների սեփականատերերն էլ ռուսներն են, եւ կառավարման ձեռագիրը կարծես թե նույնն է: Այստեղ «ՀայՌուսգազարդն»` օգտվելով իր մենաշնորհային վիճակից, կարողանում է պահանջներ թելադրել: Մեզ մնում է հուսալ, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գոնե այս անգամ սթափ կդատի եւ գազի համար ողջամիտ սակագին կսահմանի: