Ինչպե՞ս կառուցել առանձնատուն: Եթե քաղաքացու բանկային հաշվին արդեն կան հարյուր-հազարավոր դոլարներ, ապա նա կարող է մտածել այս ուղղությամբ: Իսկ այդ հարցում նրան հաստատ կօգնեն նախագծային եւ շինարարական ընկերությունները: «Փողի մուննաթ»:
Նախ, հողի սեփականատերը կամ վարձակալողը դիմում է քաղաքապետարան` ներկայացնելով հողի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը, ինչպես նաեւ` կառույցի էսքիզները: Դրա հիման վրա քաղաքապետարանը տալիս է ճարտարապետա-հատակագծային առաջադրանք: Վերջինիս եւ էսքիզների համաձայն, պատրաստվում է տան նախագիծը, որը տրվում է փորձաքննության: Սրա համար Հայաստանում կան հատուկ կազմակերպություններ: Այնուհետեւ նախագիծը պետք է հաստատվի քաղաքապետարանի կողմից, ինչի հիման վրա վերջինս տալիս է շինարարության թույլտվություն: Նաեւ պետք է լինի Քաղաքաշինության նախարարության կողմից լիցենզիա ունեցող շինարարական ընկերության հետ պայմանագիր: Թույլտվությունը ստանալուց մեկ տարվա ընթացքում պետք է շինարարությունը սկսվի: Շինարարություն սկսելուց հետո առաջ միշտ տրվել է ժամանակացույց, որտեղ նշվել են շինարարության սկիզբը եւ ավարտը: Վերջինս խախտելու դեպքում, օրինակ, Մոսկվայում կիրառվում են տուգանքներ: Սակայն Հայաստանում այս ժամանակացույցին ուշադրություն չի դարձվում, ինչի հետեւանքով այսօր ամենուր կարելի է հանդիպել տարիներ շարունակ անավարտ մնացած կառույցների: Շինարարությունն ավարտելուց հետո կազմվում է ավարտական ակտ, որը ներկայացվում է քաղաքապետարան: Դրա հիման վրա կադաստրը տալիս է տան սեփականության վկայականը:
Քաղաքացին նախ պարտավոր է վճարել նախագծի համար: Շինարար Յուրի Մկրտչյանի խոսքերով, եթե որեւէ ֆիրմա իրականացնում է տան նախագծի բոլոր բաժինները (ճարտարապետական, կոնստրուկտիվ, ջեռուցում, օդափոխություն, էլեկտրատեխնիկական եւ սանտեխնիկական), ապա նախագիծն արժե մոտ 10-12 դոլար` 1քմ-ի համար` հարկային պարտականությունները ներառյալ: «Սակայն, կան բարդություններ, ըստ որոնց էլ նախագիծը թանկանում է: Օրինակ, վերջերս որոշ հաճախորդներ նախընտրում են ձմեռային այգի կամ փակ լողավազան ունենալ: Լինում է նաեւ հակառակը, երբ մեծ առանձնատների նկատմամբ որոշակի զեղչեր են կիրառվում: Այս ամենը պայմանավորված է շուկայական հարաբերություններով»,- նշում է Յու. Մկրտչյանը:
Իսկ բուն շինարարության համար պահանջվող գումարները յուրօրինակ ռեկորդ են սահմանում: «Միջին» առանձնատունը «տՏՊ Սս՚փ» վիճակում ստանալու համար սեփականատերը պետք է 1 քմ-ի դիմաց վճարի նվազագույնը 500-600 դոլար: Իսկ առանձին ճոխություններն արդեն այլ հարց են. մասնավորապես, ջակուզին արժե 6-7 հազար դոլար: Ի դեպ, տան ներքին հարդարման աշխատանքներն ավելի թանկ են, քան արտաքինը` կարկասինը:
Յու. Մկրտչյանի խոսքերով, վերջին 2-3 տարիներին Հայաստանում հիմնական շինանյութերը 2-2,5 անգամ թանկացել են: Օրինակ, 4 տարի առաջ Արթիկի 1 տուֆը, որն ամենալավն է համարվում, 50-100 դրամ էր, այսօր 200-250 դրամ է` կախված քարի չափերից: Ճիշտ է, փոքրերն ավելի էժան են, բայց վերջին հաշվով նույն գինն է պահանջվում, քանզի որքան քարերի քանակը քիչ լինի, այնքան ցեմենտ ու ավազ քիչ կօգտագործվի: 1խմ տախտակը մի քանի տարի առաջ արժեր 80-100 դոլար, այժմ` 180-200 դոլար, 1 տոննա ամրանն արժեր 250-300 դոլար, այժմ` 670-700 դոլար: Ցեմենտի գործարանային գինը նույնպես կրկնապատկվել է. այսօր 1 տոննայի դիմաց 29 հազար դրամ է` առանց տեղափոխման, իսկ տեղափոխմամբ` 1 տոննայի գինն ավելանում է 2,5-3 հազար դրամով:
Թանկացել է նաեւ աշխատուժը: Այսօր շինարարության կադրերի, հատկապես` մասնագետների պահանջ է զգացվում: «Լավ աշխղեկները կամ տարիքով մեծ են, կամ արտագաղթել են Հայաստանից, իսկ երիտասարդության շրջանում շինարարի մասնագիտությունը հարգի չէ»,- ասում է Յու. Մկրտչյանը:
Այսօր Երեւանում առանձնատների նկատմամբ մեծ պահանջարկ չկա, քանզի բնակչությունը գերադասում է քաղաքի կենտրոնում բնակարան գնել: Երեւանից դուրս առանձնատներ կառուցելու միտում է նկատվում` Ծաղկաձորում, Առինջում, Օհանավանում, Պտղնիում եւ այլուր: Իսկ Երեւանում տուն կառուցելու հիմնական նպատակը արտասահմանցիներին վարձով տալն է:
Յու. Մկրտչյանի հավաստմամբ` այսօր առանձնատուն կառուցում են հիմնականում մեծահարուստները: Նույնիսկ «միջին» բիզնեսմեններն ի զորու չեն այս հաճույքից օգտվել: Նախ, հողն է շատ թանկ` 1քմ-ն` 100-200 դոլար (իհարկե, ոչ Երեւանի կենտրոնում): Իսկ նորմալ տան համար անհրաժեշտ է գոնե 800-1000 քմ հողատարածք: Հաշվի առնելով վերը նշված գները` կարելի է եզրակացնել, որ ոչ շքեղ առանձնատուն կառուցելու համար պետք է ունենալ առնվազն 200-250 հազար դոլար:
Հիմա էլ շարունակվում է այն միտումը, որ առանձնատուն կառուցողները շրջանցում են շինարարական կազմակերպությունները` հարկեր չվճարելու նպատակով: Տան նախագիծը ներկայացնելիս պահանջվում է շինարարական կազմակերպության կնիքը: Սակայն այս պահանջը շատ հաճախ անտեսվում է, կառույցը համարվում է ապօրինի, այնուհետեւ հայտնի ձեւերով այն «օրինականացվում է»:
Հետաքրքիր են նաեւ որոշ պատվիրատուների շրջանում ձեւավորվող ճաշակները: Յու. Մկրտչյանի խոսքերով, վերջերս մի ռուսաստանցի հայ հողատարածք է գնել Մասիսում եւ ցանկություն է հայտնել կառուցել ճապոնական առանձնատուն` ճապոնական բակով, դռներով, տանիքով եւ այլն: Իսկ որոշ սեփականատերեր ամբողջովին ապակյա դռներով տուն են ցանկանում: Այնուամենայնիվ, եվրոպական փայտե տների` շալեների մոդան Հայաստան դեռ չի հասել: Ի դեպ, մի քանի պատվիրատուների ցանկությամբ կառուցվել են իրենց առանձնատների մակետները` շարժական տանիքով, լողավազանով, բակով, ավտոտնակով: Այս մակետն արժե 500-1000 դոլար: