Գյումրիում վաճառում են, Վանաձորում՝ դատում

05/03/2006

Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը Վանաձորում անցյալ տարի քննության առնելով Վանաձորի «Տրիկոտաժ» ՓԲԸ-ի անվճարունակության գծով կառավարիչի դեմ հարուցված քրեական գործը՝ վերջինիս 200 հազար դրամ տուգանքի ենթարկելու վճիռ կայացրեց (Քրեական գործը հարուցվել էր գույքի աճուրդ-վաճառքի կապակցությամբ տեղի ունեցած խախտումների առթիվ): Վճիռը սկզբում անվճարունակության գծով կառավարիչի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն հետագայում վերջինս բողոքը հետ էր վերցրել, եւ վճիռը մտել էր օրինական ուժի մեջ: Հետաքրքիր հանգամանք է այն, որ աճուրդը կայացել է Գյումրու տնտեսական դատարանում (այնպես, ինչպես Վանաձորում սնանկ ճանաչվող այլ ձեռնարկությունների գույքի աճուրդ-վաճառքը), բայց այն «անփույթ» կազմակերպելու դեպքում Գյումրու տնտեսական դատավորը պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ Վանաձորի անվճարունակության գծով կառավարիչը ենթարկվել է: Չէ՞ որ աճուրդը կայացվել է համատեղ ուժերով: Հետաքրքիր է նաեւ այն, որ անվճարունակության գծով կառավարչի նկատմամբ քրեական գործ հարուցելուց, վերջինիս պատասխանատվության ենթարկելուց հետո (նույն ձեռնարկությունում մնացած մի «դժբախտ» ջրագիծ, որ չէր կարողանում գնորդներ գտնել), հերթական աճուրդ-վաճառքի կազմակերպումը կրկին դրվել էր նույն կառավարչի «ուսերին»: Թերեւս, սա այն դեպքերից է, երբ ասում են՝ «Շունը սպանողին են քարշ տալ տալիս»: Հետաքրքիր է, թե մինչեւ ե՞րբ պետք է Վանաձորում սնանկ ճանաչված ձեռնարկությունների գույքի աճուրդը կայանա Գյումրու տնտեսական դատարանում: Ըստ տեղեկությունների, այդ անհեթեթ կարգը սահմանվել է Ազգային Ժողովում, եւ մեխանիկորեն այն շարունակում է կիրառվել: Այժմ Վանաձորում շարունակվում է սնանկ ճանաչվող հերթական ձեռնարկությունների գույքի աճուրդ-վաճառքի գործընթացը, եւ այն կրկին պետք է տեղի ունենա Գյումրու տնտեսական դատարանում: Չի բացառվում, որ այս անգամ էլ Գյումրիում վաճառեն, Վանաձորում՝ դատեն:

Հավաստի աղբյուրների համաձայն, այժմ «Տրիկոտաժ» ՓԲԸ-ն 2 սեփականատեր ունի, որոնց ծրագրերն առայժմ անհայտ են: