Ուժը միասնության մեջ է

05/03/2006 Սլավա ԾԵՐԵԹԵԼԻ, «Քովելթգիուրի գազեթի» (Վրաստան)

Վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացումը, սնուցվելով մեկ էներգետիկ հակասությամբ, մեկ Հարավային Օսիայից խաղաղապահ ուժերի դուրսբերման Թբիլիսիի նախաձեռնությամբ, ափսոսանք է առաջացնում երկու երկրների բազմաթիվ շարքային քաղաքացիների մոտ:

Նախեւառաջ, դա վերաբերում է Վրաստանին, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների «շրջափակումը», որպես կանոն, հանգեցնում է հիվանդագին արձագանքների տարբեր մակարդակներում: Բաքվում Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցելության օրերին Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ծայրաստիճան հստակ արտահայտեց իր տեսակետը: Նա ասաց, մասնավորապես, որ Վրաստանի տնտեսության վիճակը բարելավման կարիք ունի, որ նրա քաղաքացիները սոցիալական գործընթացներից գոհ չեն, եւ այդ պատճառով վրացական ղեկավարությունը ջանում է հասարակությանը շեղել այժմեական խնդիրներից եւ ծանր մտքերից, այդ անելով հակառուսական հարձակումների օգնությամբ եւ տպավորություն ստեղծելով, որ այդ ամենի մեղավորը Մոսկվան է: Ռուսաստանի նախագահը քննադատեց վրացական ղեկավարին ՎՈՒԱՄ-ի գծով Վրաստանի գործընկեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ: Այդ ամենը կարող է նշանակել, որ, նախ` այդպիսի գործընկերությունն ԱՊՀ-ում կրում է մեծապես պայմանական բնույթ, երկրորդ՝ կարող էր ենթադրվել, որ անկում ապրող վրաց-ադրբեջանական բարեկամությունը Բաքվի համար այնքան առաջնային չէ, որքան Մոսկվայի՝ Հեյդար Ալիեւի անմիջական ժառանգորդի իշխանության աջակցությունը, երրորդ՝ Պուտինը հասկացրեց, որ «Սահակաշվիլու խաղերն» այնքան անհիմն ու անիմաստ են, որ սկսում են ձանձրացնել նաեւ երրորդ երկրների ղեկավարներին: Ամեն դեպքում, Ռուսաստանի նախագահը, որը երբեք ոչինչ իզուր չի ասում, Վրաստանի կառավարությանը նախազգուշացրեց անզգույշ քայլերի հավանական հետեւանքների մասին, եւ կարծես թե խորհուրդ տվեց քաղաքական ողջամտություն, դիվանագիտական խելամտություն ձեռք բերել: Ներկայիս իրավիճակը բոլորովին միանշանակ չէ եւ Վրաստանին լուրջ ընտրություն է թելադրում, որի հետեւանքների մասին նրան «ակնարկեցին»:

Ընդ որում, ցանկացած դեպքում միջազգային հարաբերությունների պրակտիկան քաղաքական գործիչներից պահանջում է վարքի շրջահայացություն: Սակայն Վրաստանը, որի նախագահը, իր իսկ խոսքերով, ոչ մեկից չի վախենում, կարող է հայտնվել լիովին դժվար կացության մեջ, նույնիսկ անկախ ամեն ինչից: Վաշինգթոնը, ԶԼՄ-ների տարածած որոշ տվյալներով, նախապես փորձում է Վրաստանում եւ Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման հնարավորությունները՝ Իրանի վրա հավանական հարձակման համար: Թբիլիսիում արդեն Վրաստանին տեսնում են ՆԱՏՕ-ի գծով Արեւմուտքի գործընկեր, այդ պատճառով մերժումն ԱՄՆ-ի եւ անձամբ նախագահ Ջորջ Բուշի մոտ կարող է, նվազագույնը, զարմանք առաջացնել: Իսկ եթե Թբիլիսին համաձայնի այդպիսի համարձակ քայլի, ապա դժվար թե հասկացվի Իրանի ղեկավարի կողմից, որը մեկ ամիս առաջ չհակաճառեց այլընտրանքային գազի մատակարարման դեմ, այն պայմաններում, երբ Վրաստանի բնակիչները հաշված ժամերի ընթացքում հասկացան` ինչ դժվար է առանց «երկնագույն վառելիքի» մշտական մատակարարման՝ հարեւան Ռուսաստանից: Եվ, իհարկե, այնքան էլ հաճելի չէ մտածել Իրանից քեզ վրա նշան բռնած հրթիռների մասին: Մի խոսքով, ինչպես ասվում է հայտնի երգում` «մտածեք ինքներդ, որոշեք ինքներդ…»:

www.mediadialogue.org