Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել մեր սրճարաններում, բարերում եւ ռեստորաններում։ Մատուցողի «Ինչպիսի՞» հարցին, որպես կանոն, պատասխանում են` դառը, քաղցր, նորմալ։ Կարող է հնչել նաեւ միջանկյալ պատասխան, ասենք՝ մի քիչ քաղցր, կամ՝ ոչ քաղցր, ոչ դառը, եւ այլն։ Սակայն էականն այստեղ այդ չէ, այլ այն, որ այդ հարցը իրականում պետք է ենթադրեր լրիվ ուրիշ պատասխան՝ օրինակ՝ համային ինչ փունջ (բուկետ) է ցանկանում այցելուն… Իսկ իրականությունն այն է, որ մեզանում սուրճ խմողների 80%-ի համար դա ամենեւին հետաքրքիր չէ, եւ երկրորդ՝ իրենք՝ մատուցողները «Ինչպիսի՞» հարցը տալով` ցանկանում են լսել հենց այն պատասխանը, որը սովորաբար լսում են։
Հայերը սուրճ օգտագործելու ցուցանիշով այսօր առաջ են անցել գրեթե բոլորից։ Այո, սուրճ շատ ենք խմում, սակայն միեւնույն ժամանակ չենք իմանում՝ ինչ է իսկական սուրճը։ Որովհետեւ իսկական որակյալ սուրճ մեր շուկայում շատ քիչ կա եւ այն բավական թանկ է։ Միանգամից ասեմ, որ սուրճի շուկայի մասին այս հրապարակման մեջ զերծ կմնանք անուններ նշելուց, որովհետեւ այս նյութի նպատակը ոչ թե ուրիշների փողերը հաշվելն է, այլ իսկապես որոշ չափով մեր սպառողներին օգտակար լինելը:
Այս նյութը գրելուց առաջ զրուցեցի սուրճի գործին մոտ կանգնած տարբեր մարդկանց հետ։ Գրեթե բոլորը գտնում են, որ սուրճի մշակույթը մեզանում դեռ շատ ցածր է։ Մենք դեռ չենք կարողանում գնահատել սուրճը եւ տարբերել լավը վատից։
Իսկ ո՞րն է «լավ» սուրճը։ Մեր ժողովուրդը` «լավ սուրճ» ասելով՝ հասկանում է «100%-անոց» հասկացությունը։ Օրինակ, ասում են՝ «100%-անոց արաբիկա» եւ վերջ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ միգուցե ինչ-որ մեկը խմի եւ նրան դուր գա ոչ թե 100%-անոց արաբիկան, այլ մեկ այլ համամասնություն՝ ասենք 50% արաբիկա եւ 50% ռոբուստա։ Սուրճի շուկային մոտ կանգնած անձինք դա բացատրում են դեռ խորհրդային տարիներից եկած ավանդույթով։ ԽՍՀՄ-ն այն տարիներին մեծ քանակով արաբիկա էր գնում Բրազիլիայից։ Այն դեկոֆեինացվում էր, կոֆեինն օգտավործվում էր դեղագործության մեջ, իսկ սուրճը վաճառվում էր բնակչությանը։ ԽՍՀՄ բնակչությունը, այդ թվում` եւ հայերը, տարիներ շարունակ խմել են այն եւ արդեն ընտելացել դրան։
Ի՞նչ եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Երկրի շուկան ողողեցին տարբեր ծագման եւ բազմազան անուններով սուրճերը։ Հետո մերոնք մտածեցին, որ կարելի է ինքնուրույն ներմուծել սուրճի հումքը եւ փաթեթավորել այստեղ։ Եվ Հայաստանում սկսեց ձեւավորվել սուրճի «արտադրություն» ասվածը։ Արտադրություն բառը վերցված է չակերտների մեջ, որովհետեւ շատերի համար արտադրել` նշանակում է` ներմուծել, բովել, աղալ, փաթեթավորել եւ վաճառել։ Որոշ գործարարների մոտ այս մտայնությունը պահպանվել է մինչ այժմ, սակայն սուրճ արտադրելն իրականում դժվարին եւ մեծ փորձառություն պահանջող գործ է։
Հիմա վերադառնանք մեր սուրճի շուկա։ Ինչպես նշեց այս ոլորտին մոտ կանգնած անձնավորություններից մեկը՝ Հայաստանում սուրճի շուկա, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կարելի է նրա հետ համաձայնել եւ միեւնույն ժամանակ չհամաձայնել, սակայն կան հարցեր, որոնք իսկապես պատասխաններ են պահանջում։
Առաջին մեծ հարցը սուրճի գինն է… այն անտրամաբանական ցածր է։ Հետաքրքրության համար այցելեցինք «Սուրճի միջազգային կազմակերպության» ինտերնետային կայքը եւ ծանոթացանք այնտեղ ներկայացված մեծածախ գներին, որոնք մեզ զարմացրին։ Գներն այնքան բարձր են, որ ցանկություն առաջացավ Հայաստանից սուրճ արտահանել, ասենք, Բրազիլիա։ Այս հարցով զրուցեցինք ոլորտին քաջատեղյակ մի անձնավորության հետ, եւ նա մեզ առաջարկեց կոպիտ հաշվարկ կատարել։ Այսպես, վերցնում ենք ամենաէժանագին սուրճը՝ ռոբուստան։ Ամենացածրորակը եւ էժանը, մասնագետների հավաստմամբ, Ինդոնեզիայից եւ Վիետնամից ներկրվող սուրճն է։ Փարիզի եւ Լոնդոնի բորսաներում այդ երկրների ռոբուստայի գինը տատանվում է 1,45-1,65 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Ընդ որում, դա վերաբերում է մեծ քանակներին, մեր ընկերություններից ոչ մեկը չի կարող այդքան մեծ քանակությամբ սուրճ գնել, հետեւաբար, նրանց համար գինն ավելի թանկ է։ Ինչեւէ, որպես հիմք վերցնենք $1,45-ը։ Եթե դրան գումարում ենք ճանապարհածախսը, 20% ավելացված արժեքի հարկը, այլ հարկերը, 10 տոկոս մաքսատուրքը, պատրաստման, փաթեթավորման, վաճառքի, գովազդի ծախսերը, ինչպես նաեւ բովելու ժամանակ տեղի ունեցող 20-22% կորուստը, ապա ստացվում է նվազագույնը 4 ԱՄՆ դոլար՝ 1 կգ-ի համար։ Դեռ չենք հաշվում, որ ընկերությունը նաեւ պետք է շահույթ ստանա։ Այսինքն, ամենաէժան սուրճի ինքնարժեքը պետք է կազմի 2000 դրամից ոչ պակաս, մինչդեռ խանութում կարելի է գնել սուրճ՝ 1 կգ-ն 1300 դրամով։ Սրան դեռ կանդրադառնանք։
Երկրորդ՝ համային որակը։ Ինչպես արդեն նշվեց, սուրճ արտադրելը միայն բովել, աղալ եւ փաթեթավորելը չի։ Հարկավոր է ունենալ նաեւ ստեղծագործական մոտեցում եւ կարողանալ նոր բուկետներ ստեղծել։ Դրա համար լուրջ ընկերությունները պահում են հատուկ դեգուստատորներ։ Մեզանում, եթե սուրճի համը դուր եկավ այդ գործի մեջ փող դրած գործարարին, ապա դա բավական է։ Շատերին է ծանոթ այս երեւույթը՝ ինչ-որ ապրանք նոր մուտք է գործում շուկա, դուր է գալիս սպառողին, եւ երբ արդեն դրան ընտելանում են, մեկ էլ հանկարծ դրա որակական հատկանիշները փոխվում են։ Մեր սպառողները ասում են՝ «էս էլ փչացրին»։ Սուրճի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Իրարից տարբերվում են ոչ միայն տարբեր երկրներում աճեցված միեւնույն տեսակի սուրճերը, այլ կարող է ամեն սեզոնին որոշ համային փոփոխություն կրել միեւնույն պլանտացիայում աճեցված սուրճը։ Լուրջ ընկերություններն իրենց մշտական սպառողներին չհիասթափեցնելու համար սուրճը գնում են միանգամից մի քանի տարվա համար եւ դրա որակը մնում է անփոփոխ։ Մեզանում այդպիսի բաներին այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում։ Եթե ընթացքում ավելի էժան գնով սուրճ մատակարարող գործընկեր գտան, կփոխվեն դրա վրա։ Ավելին, առաջին շրջանում աշխատում են նորմալ արտադրել, հետո, երբ զգում են` վաճառվում է, իրենց թույլ են տալիս որոշ փոփոխություններ անել, տնտեսել… այս ամենի արդյունքում տուժում է սպառողը։
Հիմա վերադառնանք տրամաբանականից ցածր գնին, որի համար պետք է ինչ-որ բացատրություն լինի։ Եթե Հայաստանում արտադրվող այլ արտադրատեսակների ցածր ինքնարժեքը կարելի է բացատրել էժան աշխատուժով, ապա սուրճի դեպքում աշխատուժն այնքան էլ մեծ գործոն չէ։ Սա նշանակում է, որ կան այլեւայլ եղանակներ։ Սուրճ արտադրողներից ոմանք մեզ տեղեկացրին այդ եղանակներից մի քանիսի մասին։ Եվ այսպես։ Սուրճի մեծ մասը պատրաստվում է անորակ եւ էժանագին հումքից։ Երկրորդ՝ ըստ որոշ կարծիքների՝ սուրճը խոնավացնում են, որպեսզի քաշն ավելանա։ Առավել հետաքրքիր է բովման պրոցեսը։ Բովում են հատուկ «տեխնոլոգիաներով» եւ յուղերով, ինչի արդյունքում հատիկները խոշորանում են եւ ստանում գրավիչ փայլ։ Մեր զրուցակիցներից մեկը հավաստիացրեց, որ պարկերով վաճառվող սուրճերը, որոնց վրա գրված է` «Բրազիլական Արաբիկա», «Կոլումբիական» եւ այլն, իրականում կարող է լինել նույն սուրճը՝ տարբեր աստիճանի բոված։ Ընդ որում, ըստ որոշ կարծիքների, սուրճը բովում են կոնցերոգեն (քաղցկեղածին) նյութերով։ Մարդիկ գերադասում են գնել հատիկավոր սուրճ, որովհետեւ գոնե համոզված են, որ դրան այլ բան, ասենք՝ աղացած ձավար, խառնած չէ։
Ահա այս ամենի արդյունքում է ծնվում հիմնական խնդիրը, որը կապված է մարդու առողջության հետ։ Ո՞վ կարող է վստահ ասել, որ շուկայում առկա սուրճի գերակշիռ մասը մարդու առողջությանը վնաս չէ։ Մենք ունենք համապատասխան կառույց, որն իբր պետք է ստուգի դրանց համապատասխանությունը որակի պահանջներին։ Սակայն իրականում սպասել, որ այն ճիշտ եւ օբյեկտիվ եզրակացություն կտա, ծիծաղելի է։ Նախ` Հայաստանում չկա այնպիսի արդիական լաբորատորիա, որը կարողանա լիարժեք հետազոտություն անցկացնել։ Եվ երկրորդ՝ մեզ մոտ հնարավոր է ամեն տեսակի թուղթ պարզապես գնել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, մի քանի տարի առաջ մեր երկրում գտնվող եվրոպական մի պետության դեսպանը հավաքել է շուկայում առկա սուրճերի բոլոր նմուշները եւ ուղարկել Եվրոպա՝ ստուգման։ Պատասխանը եղել է մոտավորապես հետեւյալ բնույթի՝ սուրճերի պարունակության մինիմում 15%-ը սուրճի հետ ոչ մի կապ չունի։ Այլ կերպ ասած` «զիբիլ» է՝ քաշ ավելացնելու համար։ Ցավոք, խառնվել են տարբեր տրամաչափի մարդիկ, եւ եզրակացությունը չի հրապարակվել։
Մամուլում նույնատիպ հրապարակում եղավ նաեւ ոչ վաղ անցյալում, երբ որոշ սուրճերի մեջ հայտնաբերվել էին թունավոր տարրեր, սակայն դա նույնպես անցավ-գնաց։
Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ամենից քիչ մտածում են մարդու առողջության մասին։ Զրուցակիցներիցս մեկի հավաստմամբ, մեր երկրում գտնվող մի արտասահմանցի գործարար Երեւանում սուրճ է խմել եւ պարզապես զարմացել է, թե այդ սուրճ արտադրողն ինչո՞ւ ճաղերի ետեւում չէ։ Պատկերացնո՞ւմ եք, սուրճից իսկապես գլուխ հանող մարդը ինչպես կնյարդայնանա մեր գովազդները տեսնելով՝ էլիտար, լավագույնը լավերից, անկրկնելի համ, անզուգական բուրմունք եւ այլն։ Ամենակարեւորը մոռացանք՝ շահումով։ Սա զուտ հայկական «տրյուկ» է դարձել, երբ մրցակցում են ոչ թե որակով, այլ շահումներով։ Ի դեպ, գալով դրան՝ որեւէ մեկը ստուգե՞լ է, թե աղացած սուրճի փաթեթի մեջ գտնվող այդ կտրոնը, որը պատված է հատուկ մետաղական փոշով, որքանով է անվտանգ մարդու առողջության համար։
Ահա այս ամենի պատճառով մեր սուրճն էժան է։ Մենք դա ենք նախընտրում։ Արտասահմանում եղած հայերը երբեմն զարմանքով-վրդովմունքով ասում են` «շատ թանկ ա կյանքը, մի բաժակ սեւ կոֆեն 2-3 դոլար ա»։ Այդ 2-3 դոլարը հենց այնպես չի ձեւավորվում։ Մարդիկ բարձր գին են վճարում, բայց փոխարենը վստահ են, որ խմում են որակյալ եւ առողջության համար անվնաս սուրճ։ Նույն պատկերն է նաեւ ծխախոտի շուկայում, որին առաջիկա համարներից մեկում նույնպես կանդրադառնանք։
Չենք ասում, թե մեզ մոտ արտադրված բոլոր սուրճերն անորակ են։ Ոչ, որոշ ընկերություններ անգամ իրենց արտադրանքը արտահանում են եվրոպական երկրներ, իսկ այդ փաստը որակի համար շատ ավելի հիմնավոր ապացույց է, քան տարբեր պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերը։
Այսինքն, ցանկության դեպքում` Հայաստանում կարող են բարձրորակ սուրճ արտադրել։ Եվրոպա գնացող սուրճն ունի այդ որակը, մինչդեռ նույն արտադրողը Հայաստանի սպառողի համար արտադրում եւ շուկա է հանում էժանագին, ցածր որակի արտադրանք։ Մենք էլ դա գնում ենք։ Այնպես որ, որքան արտադրողն է մեղավոր, նույնքան էլ` սպառողը։ Միգուցե շատերը կասեն՝ տնտեսական վիճակը վատ է, մարդկանց գնողունակությունը` ցածր, այնպես որ, մեզ այս էժանությունը ձեռնտու է։ Սակայն գինը մի կողմ դնենք. մեր սպառողների քանի՞ տոկոսն է որեւէ բան գնելուց առաջ նայում, թե ինչ է գրված փաթեթի վրա, եւ փորձում համոզվել դրա ճշմարտացիության մեջ։ Վերջիվերջո, մեր ամենակարեւոր «շահումը» մեր առողջությունն է…
Հ.Գ. Չնայած այս ամենին, վերջին տարիներին առաջընթաց նկատվում է թե՛ սպառողի պահանջմունքների, թե՛ արտադրանքի որակի առումով։ Այս հոդվածի հաջորդ մասում ձեզ կներկայացնենք սուրճի հայաստանյան շուկան, դրա մոտավոր ծավալները, մասնակիցներին եւ կանդրադառնանք ոլորտում առկա խնդիրներին։