«Վերջապես ես ձեզնից կպրծնեմ եւ ավելի լուրջ գործերով կզբաղվեմ»,- երեկ ՀՀ Դատախազությունում պաշտոնական ինտերնետային էջի շնորհանդեսից հետո լրագրողների հետ կատակեց ՀՀ Դատախազության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը: Բանն այն է, որ այսուհետ ինտերնետից օգտվողները հնարավորություն կունենան «www.Genproc.am» ինտերներտային կայքի միջոցով ծանոթանալ ՀՀ Դատախազությանը վերաբերող տեղեկություններին: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ կայքում զետեղվելու է ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված տեղեկատվություն, այլ ոչ թե դեպքից դեպք են տեղադրվելու անհրաժեշտ տեղեկությունները: «Մենք կարեւորում ենք դատախազական մարմինների աշխատանքի մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը եւ ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը եւս կնպաստի Դատախազության աշխատանքների թափանցիկությանը»,- նշեց Ա. Հովսեփյանը: Ի դեպ, ինտերնետային էջը ստեղծվել է ՀՀ Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ, Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում: Իսկ էջի ծրագրավորումն իրականացրել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան: Ի գիտություն ՀՀ քաղաքացիների՝ էջում մանրամասնորեն ներկայացված է ՀՀ դատաիրավական համակարգում ՀՀ Դատախազության դերն ու նշանակությունը, գործառույթներն ու պարտականությունները, ինչպես նաեւ` Դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը: Բացի դա, նախատեսված են առանձին խորագրեր Դատախազության մարմինների աշխատանքը, հանցավորության դեմ մղվող պայքարը ներկայացնելու համար:
Լ.Ս.