Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի նախկին արտգործնախարար Հուսեյնաղի Սադիղովը հայտարարել է, թե Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարական հասարակություն կառուցելու ճանապարհը, թեեւ դեռեւս գտնվում է այդ ուղու ամենասկզբում: Իսկ ահա ՄԱԿ-ը, ըստ նրա, դեռեւս չի արդարացրել ադրբեջանական ժողովրդի հույսերը եւ չի կարողացել գործուն միջոցներ ձեռնարկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ուղղված ագրեսիան կանխելու եւ վերացնելու համար, որին պարտավորեցնում է ՄԱԿ-ի Կանոնադրության թիվ 1 հոդվածը»: Նրա խոսքերով` մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը Հայաստանի ռազմական ագրեսիան է, ինչպես նաեւ` ներքաղաքական զարգացումներն անցումային ժամանակահատվածում, Ադրբեջանին դեռեւս չի հաջողվել լիովին կյանքի կոչել ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջները: «Հայաստանի հանդեպ նման դեպքերի համար ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջոցների չկիրառումը եւ անսկզբունքայնության դրսեւորումն Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերն իրագործելու հարցում, բնական կասկածներ են հարուցել Ադրբեջանի հասարակության շրջանում ՄԱԿ-ի ունակությունների հանդեպ»,- գտնում է նա: