Դատելով լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններից` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներից, կամ ավելի ճիշտ` դրանց բացակայությունից ամենաշատ հիասթափվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն էր:
Վերջինս նույնիսկ կարծիք հայտնեց, թե իսկական ողբերգություն կլինի, եթե ԼՂ հարցն այս տարվա ընթացքում չլուծվի: Մինչդեռ հակամարտության կողմերը եւ ԵԱՀԿ մյուս համանախագահները հակված չեն նման կտրուկ հայտարարություններ անելու, ավելին` տպավորություն է ստացվում, թե նրանք այնքան էլ դժգոհ չեն ստեղծված իրավիճակից: Եվ այս իրավիճակն այնքան էլ զարմանալի չի թվում, երբ այս ամենը դիտարկում ենք աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնի վրա: Եվ բնական է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ծավալվող իրադարձություններին զուգահեռ մեծանում է նաեւ ԱՄՆ-ի` ԼՂ հակամարտության գոտում, այսինքն` Իրանի հյուսիսում, ռազմական ներկայություն ունենալու ցանկությունը: Իսկ այդ գոտում նման հնարավորություն ստանալու առիթներից մեկն էլ կարող է լինել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում էական առաջընթացի արձանագրումը: Առաջընթաց, որը հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորություն կստեղծի: Ու այս համատեքստում բնական է նաեւ այն, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական այս կամ այն փորձագիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների կողմից ԼՂ խնդրին նվիրված վերլուծությունների մի ամբողջ շարք հրապարակվեց: Պետք է նկատել, որ բոլոր այդ վերլուծություններում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, թե Ռուսաստանն անհապաղ պետք է ակտիվացնի ԼՂ հարցի լուծմանն ուղղված իր ջանքերը, այլապես հարցը լուծում չի կարող ստանալ: Մինչդեռ կարելի է ենթադրել, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում իր ազդեցությունը մեծացնելու միջոցով ՌԴ-ն պարզապես ցանկանում է պահպանել «ստատուս քվոն», քանզի խնդրի լուծման ցանկացած տարբերակ ենթադրում է շփման գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն էլ իր հերթին ենթադրում է տարածաշրջանում ռուսական ազդեցության էական նվազում: Եվ բացի այդ, հայտնի է նաեւ, որ Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահող երկիրը` Ֆրանսիան, մեղմ ասած, այնքան էլ չեն կիսում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած կոշտ դիրքորոշումը: Եվ այս տրամաբանության մեջ բնական է նաեւ, որ Իրանը եւս կողմ է ԼՂ խնդրում «ստատուս քվոյի» պահպանմանը: Դատելով ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից` Հայաստանը եւս չի շտապում լուծել խնդիրը: Իսկ ահա ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ որդեգրել է խնդրի լուծման ձգձգման ճանապարհը: Օրերս թուրքական NTV հեռուսաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման առումով մենք երկու ընտրություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»: Այս ամենից հետո Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, թե «փարիզյան գործընթաց» կոչվածը խաղաղության համաձայնագրին հասնելու դրական մթնոլորտ է ստեղծում, որովհետեւ այն ապահովում է խնդրի լուծումը փուլային տարբերակով: Ըստ Ադրբեջանի նախագահի, Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ-ն ադրբեջանական տարածք է, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է ողջ աշխարհի եւ ՄԱԿ-ի կողմից: «Հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Մենք կարող ենք ապահովել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը եւ հանգիստը: Սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը բանակցությունների քննարկման թեմա չի կարող լինել: Մենք երբեք չենք համաձայնի ԼՂ-ի` Ադրբեջանից անջատվելուն»,- հայտարարել է Ի. Ալիեւը: Վերջինս եւս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի տարեկան բյուջեն 4 անգամ գերազանցում է Հայաստանի տարեկան բյուջեին, իսկ մյուս տարի կգերազանցի արդեն 6 անգամ: «Հայաստանը տնտեսական եւ ռազմական առումով ի վիճակի չէ մրցակցել Ադրբեջանի հետ»,- վստահեցրել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարություններից անմիջապես հետո այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, թե իր երկիրը Հայաստանի հետ բանակցությունների շարունակման կողմնակից է: Փաստորեն Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ մի կողմից ԼՂ հարցի լուծման ձգձգման կողմնակից է, մյուս կողմից` բանակցությունների շարունակման: Այլ կերպ ասած` Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք զբաղված են բանակցությունների իմիտացիայով եւ առաջարկում են շարունակել զբաղվել բանակցությունների իմիտացիայով, ինչին վերը նշված պատճառներով կարծեք թե դեմ չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ֆրանսիան:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էլ կարծիք էր հայտնել, թե առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության, հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել, իսկ բանակցություններին ԼՂ մասնակցությունն ապահովելու միակ ճանապարհն, ըստ ԼՂՀ նախագահի, այն է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի հետ բանակցելուց: Հազիվ թե ԼՂՀ նախագահն առանց Հայաստանի իշխանությունների գիտության նման հայտարարություն աներ: Ընդ որում, պետք է նկատել, որ ԼՂՀ նախագահի այդ հայտարարությանն անմիջապես հաջորդեց ԼՂ 16 հասարակական կազմակերպությունների հայտարարությունն` ուղղված հայ ժողովրդին: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Բաքու օրերս կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե մտադիր է ԼՂ հարցով կոնսուլտացիաների նպատակով Մոսկվա հրավիրել Հայաստանի նախագահին: Այս ամենն ըստ էության գրեթե բոլորին ձեռնտու «ստատուս քվոյի» պահպանման «տեխնիկական մասն» է: Այսինքն` փորձ է արվում միջազգային հանրությանը, մասնավորապես` ԱՄՆ-ին, ապացուցել, թե ինչ-որ հարցեր են քննարկվում եւ այդ ֆոնի վրա ինչ-որ խիստ սկզբունքային տարաձայնություններ կան Հայաստանի եւ ԼՂ իշխանությունների միջեւ, որ ինչ-որ կոնսուլտացիաներից հետո հնարավոր է` կողմերն ինչ-որ պայմանավորվածության հանգեն: Սակայն այս ամենն ԱՄՆ-ին հազիվ թե համոզիչ թվա: Նրանց կողմից շատ տեղին հարցադրում կարող է հնչել՝ ինչո՞ւ այդ մասին Հայաստանը չէր մտածում անցած 7-8 տարիների ընթացքում եւ չէր պահանջում վերանայել բանակցությունների ֆորմատը: Կամ՝ ինչո՞ւ, ասենք, հանկարծ ԼՂՀ իշխանությունները, որոնք, ի դեպ, այդ տարիների ընթացքում չեն փոխվել, միայն հիմա են ակնարկում, թե ԼՂ խնդրի լուծման տեսանկյունից ավելի լավ կլիներ, որ Հայաստանը հրաժարվեր բանակցել Ադրբեջանի հետ:
Հարկ է ընդգծել, որ հակամարտող կողմերից առնվազն մեկը չի էլ թաքցնում, որ իրականում այսօր չի ձգտում հարցի կարգավորման, եւ զբաղված է բանակցությունների իմիտացա ապահովելու գործում էական ներդրում ունենալու գործով: