ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հրաժարականը շատերի համար անակնկալ էր: Սակայն շատերի համար սպասելի էր, որ նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրը, Ռոբերտ Քոչարյանին այնքան էլ դուր չի եկել Ա. Թումանյանի` կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, եւ նա Արմեն Գեւորգյանի հրահրմամբ Թումանյանին առաջարկել է ինքնակամ դիմում գրել: Իսկ այն, որ Ա. Թումանյանի եւ Ա. Գեւորգյանի միջեւ բավական լարված հարաբերություններ են եղել, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այս պարագայում, բնական է, չունենալով որեւէ վարչական ռեսուրս, Ա. Թումանյանի համար անհամեմատ դժվար կլինի քաղաքական դաշտում լայն գործունեություն ծավալել: Բայց Թումանյանն այս առաջարկն, այնուամենայնիվ, հանգիստ է ընդունել, քանի որ մտադիր է իր համար ստեղծել իշխանությունից հեռացրածի եւ ինչ-որ տեղ նաեւ հալածվածի իմիջ: Թեեւ, նրա կուսակցության ընդդիմություն դառնալը կարծես թե բացառվում է: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այս առնչությամբ նկատեց. «Կարծում եմ, որ Թումանյանը ցանկանում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ դրա համար է հրաժարական տվել»: Սակայն նրա խոսքերով` Թումանյանի կուսակցությունն այնքան էլ լուրջ ազդեցություն չի ունենա առաջիկա քաղաքական իրադարձությունների վրա: «Չի կարող նոր ստեղծվող կուսակցությունը քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալ»,- վստահեցրեց նա:
Ա.Գ.