«ԱՐՄԵՆՏԵԼԻ» չարաշահումները թաքցվում են

28/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2005թ. փետրվարի 1-ին «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամ Սերժ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ավելի քան 1 տարի է, ինչ Ս.Սարգսյանն «ԱրմենՏելում» չի աշխատում, սակայն հարաբերություններն այդ ընկերության հետ դեռ շարունակվում են: Բանն այն է, որ պարոն Սարգսյանն «ԱրմենՏելից» դեռ չի ստացել իր վերջնահաշվարկը եւ այդ պատճառով հայտնվել է դատական վեճերի մեջ: Այդ մասին եւ «ԱրմենՏելում» տեղի ունեցած չարաշահումների մասին զրուցեցինք Ս. Սարգսյանի հետ:

– Երկու տարի առաջ ես պարգեւատրվել եմ բաժնետերերի ժողովի կողմից, եւ այդ գումարն ինձ չէին վճարում: Ազատվելուց հետո՝ միայն 2005թ. մայիսի վերջերին կարողացա այդ գումարը ստանալ: Բայց պարգեւատրումը ժամանակին չի մտել իմ աշխատավարձի միջին հաշվարկի մեջ, ու իմ վերջնահաշիվն ամբողջությամբ չեն հաշվարկել: Ես էլ հաշվարկեցի եւ մայր գումարի հետ միասին պահանջեցի նաեւ տոկոսները: Չտվեցին: Դիմեցի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Դատական որոշումը կայացվեց իմ օգտին: Հայցադիմումի պահանջը 1,7 մլն դրամ էր, եւս 600.000 դրամ էլ տույժ-տուգանքներ եւ տոկոսներ: Բայց վերաքննիչ դատարանը հանեց տոկոսային գումարները եւ թողեց միայն մայր գումարը: Դա աբսուրդ եւ օրենքին հակասող որոշում էր: Իսկ 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը որոշեց, որ ինձ ընդհանրապես ոչինչ չի հասնում, քանի որ ապացուցված չի համարում, որ ես «ԱրմենՏելի» աշխատող եմ եղել:

– Դուք «ԱրմենՏելում» որպես աշխատակից գրանցված չե՞ք եղել, փաստաթղթեր չե՞ն եղել:

– Իհարկե, բոլոր փաստաթղթերն էլ կան, աշխատանքային գրքույկում էլ է ֆիքսված, որ ես այսինչ թվականին «ԱրմենՏելում» ընդունվել եմ այսինչ պաշտոնում եւ ազատվել եմ այսինչ թվականին: Երբ 2002թ. ապրիլին ինձ նշանակեցին «ԱրմենՏելում» կառավարության լիազոր ներկայացուցիչ, Կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի` «ԱրմենՏելը» պիտի կատարեր իմ աշխատանքային բոլոր տիպի վճարումները՝ աշխատավարձ, լրավճար, գործուղումների ծախսերը, նաեւ իմ հարկային եւ սոցիալական վճարումները: Կառավարության կամ Տրանսպորտի եւ կապի նախարարության հաստիքացուցակներում իմ անունը չի եղել, ես կառավարությունում պաշտոն չեմ զբաղեցրել: Ինձ վճարել է միայն «ԱրմենՏելը»: Իսկ իմ աշխատանքը «ԱրմենՏելում» որպես տնօրենների խորհրդի անդամ արդեն պաշտոն էր: Փաստորեն, ես հայտնվել եմ դատական այնպիսի շրջապտույտի մեջ, որն օրենքով չի աշխատում: Եթե ժամանակին տեղին եւ անտեղի «ԱրմենՏելը» դատական տարբեր վեճերում պարտվող էր ճանաչվում, ապա այսօր այդ վեճերը «ԱրմենՏելի» օգտին են վճռվում: Կարծես թե ի վերուստ մի հրաման կա, որ` «եկեք, «ԱրմենՏելին» պաշտպանենք»: Օրենքը խախտելով պաշտպանենք ԱրմենՏելին:

– Բազմիցս խոսվել է, որ «ԱրմենՏելում» խտրականություն են դնում աշխատակիցների միջեւ: Դուք այդպիսի վերաբերմունք նկատե՞լ եք:

– Ցավոք, այդ խտրականությունը կա: OTE ֆիրմայից գործուղված մարդիկ 4-5 անգամ ավելի բարձր են վճարվում, քան տեղացի նույն մասնագետներն ու պաշտոնյաները: Երբ 2004թ. Կառավարություն-«ԱրմենՏել» հարաբերությունները մի փոքր սրվեցին, այդ վերաբերմունքը ես զգացի նաեւ իմ նկատմամբ: Ինձ զրկեցին աշխատասենյակից եւ սպասարկող մեքենայից: Իհարկե, հետո ես դրանք հետ ստացա:

– Կարո՞ղ է OTE-ն ավելի բարձր որակի մասնագետներ է գործուղում «ԱրմենՏել»:

 – Համաձայն եմ, միգուցե կան այնպիսի նեղ մասնագիտություններ, որոնց համար արժե դրսից մասնագետներ հրավիրել: Բայց դրան էլ ձեւ կա, թող մրցույթ հայտարարեն: Իսկ ինչո՞ւ պիտի OTE-ից գործուղվեն եւ ոչ թե քաղաքակիրթ ճանապարհով ընտրվեն: Կամ ինչո՞ւ պիտի «ԱրմենՏելն» ինքը մրցույթ չհայտարարի: Ինչո՞ւ պիտի տեղացի հայ տնօրենները վարձատրվեն մոտ 1500 դոլարին համարժեք դրամով, իսկ հույները՝ 7-8 հազար դոլարով: Դուք ինձ ճիշտ հասկացեք, այստեղ հայի ու հույնի խնդիրը չէ: Խնդիրն այն է, որ այստեղ աշխատանքի են տեղավորվում այնպիսի մարդիկ, ովքեր OTE-ի այս կամ այն ղեկավար անձի բարեկամներն են: Այսինքն՝ չի ընտրվում լավագույն մասնագետը: OTE-ի կառավարման փաթեթի 40 տոկոսը պետական է: Հունաստանի կառավարող կուսակցության ներկայացուցիչները նշանակվում են OTE-ի ղեկավարներ: Իսկ նրանք էլ իրենց կադրերին, կուսակիցներին, բարեկամներին գործուղում են «ԱրմենՏել»: OTE-ի կողմից գործուղված աշխատակիցները գալիս են այստեղ ու բարձր աշխատավարձ են ստանում: «ԱրմենՏելը» հոգում է նաեւ նրանց բոլոր՝ վարձակալության, կոմունալ ծախսերը, էլ չեմ ասում` ներկայացուցչական ծախսերը: Իմ ժամանակ այդ մարդիկ «ԱրմենՏելի» հաշվին ամիսը 2-3 անգամ Հունաստան էին գնում-գալիս: Պահանջվող մասնագետի համար թող մրցույթ հայտարարվի, ու ընտրվի ուզբեկ, թաթար, հույն, հայ: Մասնագետների նշանակումը թող քաղաքակիրթ ձեւով լինի, ոչ թե OTE-ից նշանակվի, չէ՞ որ նրանք մեծ գումարներ են ստանում:

– Շատ է խոսվել նաեւ չարաշահումների մասին, այն, որ «ԱրմենՏելն» իրականում այն չափի ներդրումներ չի կատարել, որքան ներկայացնում են: Ի՞նչ կասեք այս մասին:

– Որպեսզի OTE-ն «ԱրմենՏելում» իր ներդրումների ծավալը գումարային տեսակետից շատ ցույց տա, կամ, ասենք, ծախսերը ուռճացնի ու շահույթը թաքցնի, իր ձեւն ունի: Միգուցե այդպես չէ, բայց ես այդպես եմ կարծում: Այդ ամենը կատարվում է OTE-ի դուստր ձեռնարկությունների միջոցով: Օրինակ, OTE-ն սարքավորումները ձեռք է բերում հունական «Siemens» ֆիրմայից, որը գերմանական «Siemens»-ի դուստր ձեռնարկությունն է: Հունական «Siemens»-ում OTE-ն փայատեր է: Նույն իրավիճակն է նաեւ «Ինտրակոմ» ֆիրմայում, որտեղից նույնպես սարքավորումներ են ստացվում: Այդ ֆիրման «NOKIA»-ի դուստր ձեռնարկությունն է, եւ այստեղ էլ OTE-ն բաժնեմաս ունի: Այսինքն` սարքավորումները գնվում են այն ֆիրմաներից, որտեղ OTE-ն բաժնետեր է: Դրա համար էլ կարողանում են ուռճացված գներ ներկայացնել: Այդ սարքավորումների եւ կաբելների գնումն իրականացվում էր Հունաստանում կազմակերպված ձեւական մրցույթների միջոցով: Ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ բան փոխվել է:

– Այդ չարաշահումներն ո՞ւմ կողմից են արվում՝ «ԱրմենՏելի՞», թե՞ OTE-ի:

– «ԱրմենՏելի» պաշտոնատար անձինք, անգամ գլխավոր տնօրեն Ֆետսիսը, եթե ուզենան էլ, չեն կարողանա այդ չարաշահումների դեմն առնել, որովհետեւ դա OTE-ից եկող քաղաքականություն է: Որպեսզի OTE-ն կարողանա հանգիստ, առանց մրցույթի կադրեր ուղարկել եւ իր ցանկացած վարձատրությունն ապահովել, «ԱրմենՏելի» եւ OTE-ի միջեւ կադրերի մատակարարման պայմանագիր է կնքվել: Իբրեւ մրցույթը Հունաստանում է անցկացվում: Եվ հետաքրքիրն այն է, որ նրանց անձնական գործերը մնում են այնտեղ: Ստացվում է, որ նրանք ոչ թե «ԱրմենՏելի», այլ OTE-ի աշխատողներն են եւ պատասխանատվություն են կրում ոչ թե «ԱրմենՏելի», այլ OTE-ի առաջ: Սա կոպիտ սխալ է: Բայց չէ՞ որ «ԱրմենՏելը» երկու բաժնետեր ունի: Եթե ինչ-որ բան շահավետ լինի OTE-ի համար, կարող է շահավետ չլինել «ԱրմենՏելի» համար: Աբսուրդ է: Գործադիր մարմնում հայկական կողմից ներկայացուցիչ չկա, եւ աշխատանքները տարվում են միմիայն հունական ընկերության օգտին: OTE-ն այստեղ ազնիվ բիզնես չի իրականացնում:

– Ինչ է՝ մեր կառավարությունը տեղյակ չէ՞ այդ մասին:

– Սա մեր կառավարության ուշադրությունից վրիպել է, չնայած ես ժամանակին այս հարցը բազմիցս բարձրացրել եմ: Ինձ պատասխանել են, թե կառավարման պատասխանատվությունն OTE-ի վրա է, եւ եթե սխալներ է լինում, թող նրանք էլ պատասխանեն: Բայց ինչքա՞ն կարելի է, չէ՞ որ այստեղից բավականին գումարներ են հոսում: Այսօր իբր շահույթի բաշխում չկա: Երբ բաժնետերերը տարեկան արդյունքն ամփոփում են, ինչ-որ մի մնացորդ գումարի բաշխում պիտի տեղի ունենա: Եվ անկախ նրանից` բաշխումը կատարվե՞լ է, թե՞ ոչ, պետք է ստուգել, թե ինչքանով է իրական այդ բաշխումը:

– Իսկ մեր կառավարության կողմից «ԱրմենՏելում» գումարների բաշխման կամ ներդրումների ստուգումներ երբեւէ կատարվե՞լ են:

– Ներդրումների ծրագիրը քննարկվում եւ հաստատվում է տնօրենների խորհրդում, նաեւ` բաժնետերերի ժողովում: Ծախսերը կատարվում են «ԱրմենՏելի» շահույթի հաշվին, այլ ներդրումներ OTE ֆիրման չի կատարում: Այդ ծրագրերը, դրանց բյուջեն ու ծախսերը քննարկելու, վերլուծելու համար հայկական կողմից էլ է մասնագետ պետք: Ժամանակին այդ ծրագրերին ես հետեւում էի: Ծրագրերին հետեւելը քիչ էր, պետք էր ստուգել նաեւ` նպատակայի՞ն, ճի՞շտ են կատարվում ծախսերը, թե՞ ոչ: Իսկ ներդրումների վերահսկողություն, որպես այդպիսին, կատարվել է միայն 2001թ. ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը պարզեց, որ ներդրումների վրա ծախսած գումարը 2,5 անգամ ուռճացված էր ներկայացվել: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվեց ընդամենը 51,7 դոլարի ներդրում, այն դեպքում, երբ ընկերությունը ներկայացրել էր 127 մլն դոլարի ներդրման ծրագիր: Նյութերի մի մասը գնաց Դատախազություն, դրանք կապված էին տեղական ֆիրմաների հետ. որոշ չարաշահումներ կային: Իսկ այն մասը, որ դուրս էր գալիս հունական կողմի վրա, սառեցվեց: Կառավարության հանձնարարականի մեջ կար, որ Արդարադատության նախարարությունը նման գործունեության համար դատական պրոցես պետք է սկսի: Բայց նախարարությունը նպատակահարմար գտավ գնալ այլ ճանապարհով՝ մի երկու անգամ նիստ գումարվեց, դռնբաց ժողովներ արեցին: Բայց, իմ համոզմամբ, այդ ուսումնասիրությունն անհետեւանք մնաց: Իսկ դա նշանակում է, որ այսօր ամեն ինչ շարունակվում է նույն ձեւով:

– Լավ, իսկ ինչո՞ւ ձեզ հանեցին:

– Դա արեցին քողարկված եւ քաղաքակիրթ ձեւով. Կառավարությունից ասացին, որ ինձ «ԱրմենՏելում» այլեւս չեն լիազորելու, կտեղափոխեն այլ աշխատանքի, ու մինչեւ հիմա տեղափոխում են: Եթե քեզ հանում են աշխատանքից եւ քո փոխարեն նշանակում են բանիմաց, փորձառու մարդու, մտածում ես՝ կարող է ինչ-ինչ հարցերում թերացել ես, եւ քո փոխարեն ավելի բանիմաց մարդ պետք է աշխատի: Բայց երբ քո փոխարեն նշանակում են տվյալ ոլորտին անծանոթ անձնավորության, մտածում ես՝ նշանակեցին մի մարդու, որին պաշտոն են խոստացել: Իսկ ես իմ աշխատանքը վատ չէի կատարում: Ես տնտեսագետ եմ եւ կապի ոլորտում աշխատելու փորձ ունեմ: Լավ գիտեմ «ԱրմենՏելի» տնտեսությունը: