ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը երեկ «իր դիմումի համաձայն», ինչպես սպասվում էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով, արդեն իսկ քննարկվում են մի քանի թեկնածուների անուններ, սակայն ամենահավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանն է, որը նախկինում եղել է աշխատակազմի այլեւս նախկին ղեկավար Ա. Թումանյանի տեղակալը: Մեր տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նաեւ նախագահականի կադրերի բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը, որն անդամագրվել էր Արտաշես Թումանյանի «Նոր երկիր» կուսակցությանը: Հիշեցնենք, որ մեր հարցին ի պատասխան, Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել էր, թե նախագահի աշխատակազմը չի կարող կուսակցականացվել, եւ որեւէ մեկը չի կարող օգտագործել նախագահականի ռեսուրսներն ի շահ իր կուսակցության: