Փետրվարի 26-ից մարտի 5-ն Ադրբեջան է այցելելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կրոնի ազատության հարցերով համազեկուցող Էսմա Ջահանգիրը: «Trend»-ը տեղեկացնում է, որ այցի նպատակն Ադրբեջանում կրոնի ազատության իրավիճակի գնահատումն է եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Կրոնական խտրականությունների վերացման հռչակագրի կետերի իրագործման վերլուծությունը: Տիկին Ջահանգիրը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: Հայտնի չէ` արդյո՞ք այցի ընթացքում արծարծվելու է Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման հարցը: