«Գույք` պարտքի դիմաց» ծրագիրը 2006-ին հայտնվելու է ԱԺ Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: Այս մասին երեկ «Ազդակ» ակումբում հայտարարեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Վերջինս երեկ ներկայացնում էր ԱԺ Վերահսկիչ պալատի 2005թ. գործունեության արդյունքները:
Իսկ այդ գործունեության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, գումարների փոշիացման դեպքեր, օրենքի բազմաթիվ խախտումներ եւ այլն: Սակայն թե ինչո՞ւ էր պարոն Ոսկանյանն իրենց այդ բացահայտումների մասին հայտնում մինչ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելը, մնաց անհայտ: Ինչեւէ, երեկ Գ. Ոսկանյանը տեղեկացրեց, որ 2005-ին առաջին անգամ ԱԺ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, սակայն այդ ուսումնասիրության արդյունքները հասարակությանը չեն ներկայացվելու, նկատի ունենալով ոլորտների գաղտնիությունը: Գ. Ոսկանյանը չգիտեր, թե ՎՊ կողմից 2005-ին կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված օրինախախտումների փաստերը կփոխանցվե՞ն Գլխավոր դատախազությանը, թե՞ ոչ, սակայն հիշեցրեց, որ, օրինակ, նախորդ տարի հայտնաբերված խախտումների մասին փաստերը Դատախազությանը չեն ներկայացվել: Իսկ անդրադառնալով արդեն կոնկրետ բացահայտումներին, Գ. Ոսկանյանը նշեց, որ, ասենք, գիտական թեմաները, որոնք ֆինանսավորվում են պետական պատվերի շրջանակում, գնահատված են 400 հազարից մինչեւ 10 մլն դրամ: Բանախոսը չէր պատկերացնում, թե գիտնականն ինչպե՞ս կարող է 400 հազար դրամով գիտական հայտնագործություն անել: Նրա պնդմամբ` պետական փողով ֆինանսավորված գիտական հետազոտությունների եւ գիտությունների հետագա ճակատագրի վերաբերյալ որեւէ հաշվետվություն չկա: «Քանի՞սն են դրանցից ներդրվել տնտեսության ոլորտում, քանի՞սն են վաճառվել արտասահմանում, ոչինչ հայտնի չէ այդ ուղղությամբ»,- նկատեց նա, ավելացնելով, թե գիտությանը տրվող այդ գումարն ընդամենը սոցիալական խնդիր է լուծում: «Կամ պետք է ավելի շատ տան, որպեսզի իրական արդյունք լինի, կամ ընդհանրապես չտան»,- կարծում է Գագիկ Ոսկանյանը: Վերջինս նշեց նաեւ գիտության բնագավառում ֆինանսական կասկածելի գործարքների կոնկրետ օրինակներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է արտադրական-հետազոտական ձեռնարկություններին: Գ. Ոսկանյանի պնդմամբ` դրանք վաճառվում են գնահատված արժեքից մի քանի անգամ ավելի ցածր գնով: Արդյունքում, 2005-ին ոլորտի մասնավորեցված 62 ձեռնարկություն վաճառվել է իր գնահատված արժեքի ընդամենը 16%-ին համապատասխան գնով: Օրինակ, ըստ ՎՊ նախագահի, «Օրբիտա» ընկերությունը գնահատվել է 3 մլրդ դրամ, բայց վաճառվել է ընդամենը116 մլն դրամով: Սակայն կան նաեւ դեպքեր, երբ կառավարությունը գիտահետազոտական ձեռնարկությունները գնահատել եւ վաճառել է համեմատաբար թանկ գնով: Դրանք «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված երեք գիտահետազոտական ձեռնարկություններն են:
Գ. Ոսկանյանի փոխանցմամբ` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ առողջապահության ոլորտում պետպատվերը գործնականում չի կիրառվում եւ չարաշահումների տեղիք է տալիս: «Պետպատվերը ձեւական բնույթ է կրում: Բժիշկները կեղծ հիվանդությունների պատմություն են գրում, որ պետպատվեր ստանան»,- նշում էր նա: Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել նաեւ պետական գույքի մասնավորեցման գործընթացում: Ըստ օրենքի, պետական գույքը մասնավորեցվում է մրցույթների եւ աճուրդների միջոցով, սակայն, ըստ Գ. Ոսկանյանի, 2005 թվականի ընթացքում մասնավորեցված 405 ձեռնարկությունների 63%-ն անհասկանալի հիմունքներով մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձեւով: Երեկ ԱԺ ՎՊ նախագահը նաեւ կասկած հայտնեց աղքատության նպաստների բաժանման համակարգի արդյունավետության վերաբերյալ: Նրա փոխանցմամբ` աղքատության նպաստների բաժանումն իրականացնում է «Հայփոստը», ինչը տեղի է ունենում որոշակի օրենսդրական խախտումով: «Հայփոստը», Գ. Ոսկանյանի կարծիքով, ըստ էության մենաշնորհային դիրք է գրավում, ինչն օրենսդրորեն արձանագրված չէ: Ձեռնարկությունը միակամ տնօրինում է շուկան, բայց գրանցված չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: Բացի այդ, պարզվում է, որ դրամական փոխանցումների արդյունքում առաջացած ավել գումարները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասնում հասցեատիրոջը եւ պետք է երեք օրվա ընթացքում վերադարձվեն պետական բյուջե, «Հայփոստն» օգտագործում է սեփական բիզնես նպատակներով եւ բյուջե է վերադարձնում ամիսներ անց: Գ. Ոսկանյանի երեկվա ասածներից պարզ դարձավ նաեւ, որ վարկային ծրագրերի փողերն ավելի լավ են վերահսկվում, քան պետական բյուջեի փողերը: