«Թիկնազորային գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն հասցրել է բավական մեծ աղմուկ հանել: Կառավարության ներկայացուցիչները նախօրեին ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ պահանջում էին շրջանառությունից հանել նախագիծը:
Թերեւս այն, որ մեզանում սափրագլուխների գործունեությունը պետք է կանոնակարգվի օրենքով, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Մեր իրականության մեջ զինված թիկնազորով ման գալը շատերի համար դարձել է պարտադիր ատրիբուտ: Իսկ թիկնապահների գործունեությունը մեզանում «տիրոջ» հրահանգով հանրահավաքների ժամանակ լրագրողներին ահաբեկելուց ու ռազբորկաներից այն կողմ չի անցնում: Եվ հիմա ԱԺ ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները գտնում են, որ եկել է թիկնապահներին իրավական դաշտ բերելու ժամանակը: Սակայն նախօրեին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, իր անհամաձայնությունը հայտնելով օրենքի նախագծի հետ, ասաց, թե «այն միայն ենթադրում է զենք կրելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնում»: Այսինքն, մտավախություն կա, որ այդ օրենքի ընդունումից հետո կտրուկ կշատանա զենք կրողների թիվը: Իսկ թիկնապահի կարիք ունեցողները, ինչպես մատնանշեց Արարատ Մահտեսյանը, կարող են դիմել ՀՀ Ոստիկանության Պահպանության վարչությունում թիկնազորային ծառայություններ մատուցող վաշտ, եւ նրանց կապահովեն թիկնապահով: Թերեւս փոխոստիկանապետի այս պնդումն իր տրամաբանությունն ունի, եթե նկատի ունենանք, որ այդ օրենքի նախագծի հեղինակը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն է: Հենց այս իսկ պատճառով շատերը մտավախություն ունեն, թե դաշնակ սկաուտները, ձեւակերպվելով որպես թիկնապահներ, կրելով մարտական ատրճանակներ, հերթական բանակումից հետո «կորոշեն Ստամբուլը դարձնել արյան ծով»: Մանավանդ, որ իր 115-ամյա պատմության ընթացքում այս կուսակցությունը մշտապես աչքի է ընկել զանազան տեռորիստական ակտերով: Իսկ 1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի վերջո ստիպված եղավ ՀՀ-ում կասեցնել այդ կուսակցության գործունեությունը: Այսօր արդեն շատերի մոտ մտավախություն կա, թե դաշնակցական ընկերները ցանկանում են օրենք ընդունել այդ մասին ու թիկնապահի անվան տակ զինել իրենց կուսակիցներին:
«Որպեսզի ՀՀ-ն անօրինական զենք-զինամթերքի պահեստ չդառնա, ես առաջարկել եմ, որ թիկնապահները կրեն միայն գազային ատրճանակներ: Եթե թողեցին թիկնապահներին մարտական զենք կրել, ապա այդ մարտական ատրճանակը ՀՀ-ի պարագայում կդառնա ականանետ, տանկ եւ այլն: Թիկնապահներն այսօրվա վիճակով զենք չպետք է ունենան»,- համոզված է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղարի խոսքերով, ցանկացած անօրինական զինված կազմավորման գործունեությունը հակասահմանադրական է, եւ այդ անօրինական կազմավորումները պետք է գործ չունենան: «Իսկ թե ով ինչ նպատակ ունի, դա արդեն իր խնդիրն է»,- գտնում է Վ. Դալլաքյանը:
Իրավապահ համակարգից դուրս այլ զինված կառույցների գաղափարին դեմ են նաեւ ՀՀՇ-ում: «Անկախ նրանից, թե ով է հեղինակը, ես գտնում եմ, պետք է այնպիսի օրենք ընդունվի, որ պահպանման ծառայությունը բերվի օրինական դաշտ: Եվ պետք է թիկնապահների գործունեությունը ոստիկանական կառույցից դուրս չլինի: Չի կարելի ոստիկանական կառույցից դուրս զինված խմբեր ունենալ»,- ասում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ կարծում է, որ ոլորտը կանոնակարգելու խնդիր կա եւ իրենց կուսակցությունը կողմնակից է այդ գաղափարին: «Որ յուրաքանչյուր քաղաքացի չմտածի, թե կարող է ապօրինի զինված թիկնազոր պահի»,- ասում է Սահակյանը: Սակայն, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, «ԱԺ-ում վուլգարացրեցին օրենքի քննարկումը: Պետք է դասակարգել, թե որ դեպքում կարելի է զենք կրել, իսկ որ դեպքում` ոչ: Եթե Սահակյան Գալուստը թիկնազոր է պահում, բնականաբար, առանց զենքի է պահում, իսկ եթե մեկը կա, որ սուպերմիլիարդեր է եւ բավական վտանգներ ունի, ապա զենքի խնդիր կլինի»:
Սակայն օրենքի հեղինակները` ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը վստահեցնում են, որ իրենց նպատակը մեկն է` կանոնակարգել իրավական դաշտից դուրս մնացած, սակայն հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող այդ ոլորտը: «Թիկնազորային գործունեությունը դուրս է մնացել իրավական դաշտից եւ այդ պատճառով այն բազմաթիվ խնդիրներ է առաջացնում»,- ասում է ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Իսկ Դաշնակցությունում էլ ամեն կերպ հավաստիացնում էին, որ իրենց նպատակն իրենց կուսակիցներին զինելը չէ: «Օրենքում մի կետ չկա, որ զինված անձանց թիվն ավելանում է, որովհետեւ զենքը տրվում է «Զենքի մասին» օրենքով: Եվ թիկնապահը հավելյալ որեւէ իրավունք չունի»,- վստահեցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ցանկանում էր ստեղծել «Օրինականությունը պաշտպանող ջոկատներ», որոնք «անհրաժեշտության դեպքում» պետք է «պահպանեին հասարակական կարգը»: Բնականաբար՝ զինված: