Մեր ժամանակների հերոսը

25/02/2006 Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մանավանդ, կողքից շատ են խորհուրդները՝ «գործ չունես», «քեզ ամենաշա՞տն է պետք», «ընտանիք, երեխա ունես՝ նրանց մասին մտածիր»՝ հանրածանոթ շարքից: Ես շատ եմ ափսոսում, որ Երեւանի բնակիչ, մասնագիտությամբ գյուղատնտես, նախկին գիտաշխատող, երկու զավակի հայր, հաշմանդամ Վարդան Թեյմուրազյանին քչերն են ճանաչում: Ափսոսում եմ, որ մեր հեռուստաընկերությունները, որոնք եթերը լցրել են բառացիորեն աղբով, նրա դատավարությանը գրեթե չանդրադարձան (բացառությամբ՝ «Երկիր Մեդիայի», այն էլ` էպիզոդիկ): Թվում է՝ Վարդանի մասին պետք է ֆիլմեր ու հաղորդումներ նկարահանվեին, նրա դատավարությունից պետք է հատվածներ հեռարձակվեին, նրանից հարցազրույցներ վերցնեին, որ մարդիկ (այդ թվում` նաեւ ընդդիմությունը) տեսնեին, թե ինչպես է «մեջք» չունեցող մարդը պայքարում եւ հասնում հաջողության: Պատմությունը, ավելի ճիշտ` քրեական զրպարտությունը, որի մեջ հայտնվել էր Վարդանը, իր տեսակի մեջ միաժամանակ եւ՛ անսովոր է, եւ՛ սովորական: Անսովոր, քանի որ հրաժարվել էր պետավտոտեսուչներին 2000 դրամ կաշառք վճարելուց եւ այդ մասին փորձել էր գրել տուգանքի ակտի վրա, սովորական, քանի որ արդյունքում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Պետավտոտեսուչները գրառումը կիսատ էին թողել եւ «չափն անցած» քաղաքացուն ծեծել հենց իր ութնամյա որդու աչքի առաջ, ապա թեւերն ոլորելով մտցրել էին ՊԱՏ մեքենան եւ տարել Ոստիկանություն: Վարդանի մեքենան մնացել էր փողոցի մեջտեղում կանգնած, իսկ երեխան՝ մեքենայի մեջ մենակ նստած արտասվելիս: Բայց ոստիկանները չէին բավարարվել ծեծով (փորձագետներն արձանագրել էին ծեծի արդյունքում ստացած ուղեղի ցնցումը, այտոսկրի կոտրվածքը), նրա դեմ քրգործ էր հարուցվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» ծանր հոդվածով, նրան 45 օր պահել էին մեկուսարանում եւ գործը մտցրել դատարան (Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների, դատավոր` Պարգեւ Օհանյան): Դատավարությունը տեւեց մոտ 6 ամիս՝ շաբաթը մեկ ընթացող նիստերի ժամանակ Դատախազությունն ու «տուժող» պետավտոտեսուչներն ինչե՜ր ասես չփորձեցին՝ էլ փորփրեցին նրա անցյալը, էլ վկաներ բերեցին, որ առաջ էլ է պետավտոտեսուչներին հակադրվել ու հրաժարվել տուգանք մուծելուց, էլ տեղեկանք ներկայացրին, որ հոգեբուժարանում հաշվառման է կանգնած, էլ հայտարարեցին, որ իր օգտին ցուցմունք տվող միակ վկայի հետ նույն դպրոցում է սովորել: Այդ փորձերը մի կողմից` ծիծաղելի էին, մյուս կողմից` նողկալի՝ խեղդվողի ջանքեր, որ ոչնչի առաջ չի կանգնում՝ անգամ ակնհայտ կեղծիքի: Դժվար էր նստել դահլիճում եւ չհիանալ մի հսկա պետական մեքենայի դեմ միայնակ պայքարող մարդու կերպարով: Վ. Թեյմուրազյանը մեկ առ մեկ ջախջախեց մեղադրող կողմի ներկայացրած բոլոր փաստարկները, ընդ որում՝ դա արեց պրոֆեսիոնալ իրավաբանին վայել գրագիտությամբ ու խիզախությամբ: Դահլիճում գտնվողները տեղեկացան, որ նա ժամանակին պայքարել է նաեւ խորհրդային ռեժիմի դեմ, 2 անգամ՝ 1983-ին եւ 1988-ին դատապարտվել (5 տարի անց է կացրել խորհրդային գաղութներում), ապա 2001-ին արդարացվել: Դատելուց հետո խորհրդային Խթը-ն նրան հաշվառման է վերցրել Մոսկվայի հոգեբուժարաններից մեկում, որտեղից կեղծ փաստաթղթերը հետագայում ուղարկվել են Երեւանի Աղի հանքի հոգեբուժարան եւ 2005-ին Երեւանի Կենտրոն դատախազության ջանքերով` որպես «մեղադրանքը հաստատող» ապացույց, հայտնվել դատարանում: «Ամբաստանյալը» ջախջախեց ոչ միայն Խթը-ական վաղեմի մեղադրանքները, այլեւ Կենտրոն դատախազության հյուսած ՃԵԿ կանոնները խախտելու առասպելը: Միջադեպի առիթն, ըստ Թեյմուրազյանի, շտապօգնության մեքենան էր եղել, որին ճանապարհը զիջելով` ինքը մնացել էր կարմիր լույսի տակ կանգնած: Դատախազությունը, քննելով գործը, «պարզել» էր, որ այդ պահին այդ փողոցով շտապօգնության մեքենա չի անցել: Վ. Թեյմուրազյանը չէր զլացել, վերցրել էր շտապօգնության այդ օրվա կանչերի ցանկը եւ ուսումնասիրել դրանք, պարզվել էր, որ նույն ժամին «Երեւան» կինոթատրոնի մոտից կանչ է եղել, եւ դա վայրկյան առ վայրկյան համընկնում է պատահարին: Հաշվարկն առավել քան համոզիչ էր: Բայց ամենահետաքրքիր աշխատանքը նա կատարել էր վկայի՝ Ա. Գրիգորյանի հետ կապված, որը պատահաբար ականատես էր եղել միջադեպին եւ Վարդանի որդուն ու մեքենային տիրություն արել (տարել էր սրճարան, զանգել մորը): Վկան, չնայած բազմաթիվ ճնշումներին, ամբաստանյալի օգտին էր ցուցմունք տվել՝ հաստատելով, որ նա տեսուչներին դիմադրություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ ինքն է ծեծվել: Վկայի ցուցմունքն արժեզրկելու համար մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրեց Մուշեղ Իշխանի անվան դպրոցի տնօրենի գրությունն այն մասին, որ վկան ու ամբաստանյալը 4-7-րդ դասարաններում՝ 1967-1971թթ. միասին են սովորել, այսինքն՝ ճանաչել են իրար, ուստի «վկայի ցուցմունքն անարժանահավատ է»: Պարզվեց, որ դատախազությունը տնօրենին առաջարկել է նման տեղեկանք տալ, քանի որ դա կօգնի «նարկոմանին դատելուն»: Հետագայում տնօրենը` տեղեկանալով, թե իրականում ինչումն է բանը, մի նոր գրություն էր ուղղել դատարանին, որտեղ բացատրել էր իր նախկին՝ ոչ այնքան ճշմարիտ տեղեկանքի պատճառը: Սակայն Թեյմուրազյանը որոշել էր հիմնովին հերքել այս «մեղադրանքը». նա թերթերից մեկում հայտարարություն էր տվել եւ խնդրել, որ արձագանքեն Մուշեղ Իշխանի դպրոցում նշված տարիներին սովորած շրջանավարտները, ապա վերջիններից վերցնելով այդ թվականների դասարանական լուսանկարները, որտեղ կար նաեւ վկան՝ իր նույն թվերի լուսանկարների հետ ներկայացրել էր դատարանին՝ ի ապացույց այն բանի, որ իրենք բոլորովին տարբեր դասարաններում, տարբեր հերթերում են սովորել, միմյանց հետ կապ չեն ունեցել եւ մինչեւ դեպքի օրը միմյանց չեն ճանաչել: Վերջում ուզում եմ նշել, որ «մեր ժամանակների հերոսի» տիտղոսին իրավամբ արժանի է ոչ միայն Վ. Թեյմուրազյանը, այլեւ այս գործը քննած դատավոր Պարգեւ Օհանյանը, որը ՊԱՏ եւ դատախազության համառ ճնշումներին տեղիք չտվեց եւ արդարացման դատավճիռ արձակեց, միաժամանակ հանդես գալով միջնորդությամբ՝ քրգործ հարուցել պաշտոնական լիազորությունները գերազանցած երկու պետավտոտեսուչների նկատմամբ: