«Շներին բաց թողնել չեմ կարող՝ կրակում են»

25/02/2006 Նատալի ՈՍԿԱՆՅԱՆ

Թափառող կենդանիների դեմ պայքարում երկար տարիներ ընդգրկված, նախկինում քաղաքի գլխավոր անասնաբույժ Վիկտոր Աբրահամյանի խոսքով՝ սպանվածները հազիվ կազմեն եղածի 20-30%-ը: «Կարգն էսպես է,- պատմում է քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը,- ամեն օր, երբ սպանված շների դիերը տանում են, հատուկ հանձնաժողով կա, որն արձանագրում, ակտավորում է, որ տվյալ օրն այսքան կենդանի է վերացված: Պոչերը կտրում են, իսկ մարմինները հանձնում հողին. երբ ամիսը վերջանում է՝ հանձնաժողովը գնում է հատուկ հորի մոտ՝ ներսից բետոնապատ եւ 10մ խորությամբ. ձեռնոցներ հագած բացում են պարկերը, հաշվում պոչերն ու գցում հորի մեջ»:

Ըստ Վիկտոր Աբրահամյանի՝ կենդանիներին հրազենով ոչնչացնելը բարբարոսություն է, բայց միանշանակ՝ թափառող կենդանի չպետք է լինի: «Էխինոկոկոս հիվանդությունը գնալով տարածվում է մարդկանց մեջ, եւ դա առաջին հերթին կապված է թափառող կենդանիների հետ»,- նշում է Աբրահամյանը:

Դեռեւս Վանո Սիրադեղյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ խնդրին միջամտել է ինքը` Բրիջիդ Բարդոն: «Բարդոն առաջարկում էր տրամադրել բավականին մեծ գումար, միայն թե կենդանիներին Հայաստանում չոչնչացնեն: Քաղաքապետարանի հետ արդեն համագործակցություն էր գնում. Բարդոն բավականին լուրջ աշխատանք տարավ: Բայց հետո ամենը խափանվեց՝ կարծեմ մեր մեղքով, որովհետեւ շարունակվում էր կենդանիների սպանությունը»,- պատմում է Վ. Աբրահամյանը:

Այսօր հրազենով ոչնչացնելու պրակտիկան ժամանակավոր դադարեցված է, եւ զուգահեռ հայտարարված են թափառող կենդանիների հետ կապված երկու մրցույթներ՝ առաջինը՝ հրազենով ոչնչացման, եւ հետո՝ հատուկ կացարանի ստեղծման ու շների ստերիլիզացման (TNSR -բռնել, չեզոքացնել, ստերիլիզացնել եւ բաց թողնել):

Շներին սպանելու մրցույթին հաղթող ճանաչվելու համար, ըստ Կարեն Գեւորգյանի, տվյալ կազմակերպությունը պետք է ներկայացնի փաստաթղթեր, որ լիարժեք կազմակերպություն է, պետությանը պարտք չի: «Պետք է ունենա փորձառու որսորդներ՝ առնվազն 5-6 տարի այդ գործով զբաղվող, կրակելու լիզենցիա, ժամանակավոր կացարաններ, որտեղ տանեն ու այդ գործողությունը անեն»,- նշում է Գեւորգյանը: Կա շների գերեզմանատուն՝ քաղաքապետի կողմից հատկացված կես հեկտար տարածք, որն էլ պայմանագրով կտրամադրվի հաղթողին:

Թափառող կենդանիների դեմ նման ձեւով պայքարի բավական փորձ Հայաստանում արդեն կա: Անցյալ տարի քաղաքապետարանի համաքաղաքային ծախսերի բյուջեից այս գործին տրամադրվել է 50 մլն դրամ: Մեկ շան ծախսը կազմում է 3695 դրամ՝ «բռնել-տանել-ոչնչացնել»-ով կամ էլ՝ «բռնել-տեղում ոչնչացնել-տանել»-ով: «Դրա մեջ բավական ծախսեր կան՝ որսորդներ, պատրոններ, բենզին, ավտոմեքենայի ծախսը, աշխատավարձ»,- նշում է Կ. Գեւորգյանը:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանի հավաստմամբ, հաճախ խմած վիճակով են գնում սպանելու: «Որոշ դեպքերում, երբ շենքի որեւէ բնակիչ դեմ է կանգնում դրան, ասում են՝ «հեռու, թե չէ քեզ վրա էլ կկրակենք»: Այդ կրակոցներն ու կաղկանձները չեն կարող չազդել նորմալ մարդու հոգեկան վիճակի վրա: Երկու ամսական քոթոթի հետեւից վազես ու կրակես միայն այն պատճառով, որ նա շո՞ւն է. մի՞թե դա մեր ապահովության համար է»,- ասում է Նունեն: Վ. Աբրահամյանի հավաստմամբ՝ եղել են նաեւ դեպքեր, երբ որսորդները եկել են բակ կենդանիներին խփելու, բնակիչները պատշգամբներից նրանց վրա շշեր են նետել:

Կ. Գեւորգյանը, սակայն, նշում է, որ բնակչության շրջանում կա նաեւ մյուս կարծիքը՝ «պետք է թափառող շներին վերացնել, սպանել, սատկացնել, հենց անգամ տեղում՝ չհասցրած գերեզմանատուն, որովհետեւ, ըստ նրանց, այդ շները թշնամիներ են»:

Աշխարհի տարբեր երկրներում կիրառվող TNSR մեթոդով նախատեսվում է հավաքել շներին հատուկ կացարաններում, պատվաստել, ստերիլիզացիա անել (զրկել բեղմնավորման հնարավորությունից) եւ հատուկ բիրկաներով՝ ականջակալներով վերադարձնել փողոց: Կ. Գեւորգյանի խոսքով՝ 2005թ. քաղաքապետարանի կողմից ստերիլիզացիայի գծով հայտարարված տենդերները չունեցան անգամ մասնակից, թեեւ դեռեւս 2004թ.-ին «Եվրասիա» բարեգործական ՀԿ-ն առաջինը նման ծրագիր էր ներկայացրել:

Պոտենցիալ մասնակից-կազմակերպությունների կարծիքով` մրցույթին ձեւակերպված պահանջները խիստ էին: «Հանձնաժողովի կազմում,- նշում է «Եվրասիա» ՀԿ փոխնախագահ Գոհար Սմբատյանը,- ընդգրկվել էին մի բժիշկ կին Առողջապահության նախարարությունից եւ մի տղամարդ` Գյուղնախարարությունից: Նստել-որոշում էին, թե կացարանն ինչպիսին պիտի լինի, եւ բարձրակարգ բժշկական հաստատության պահանջներ էին դնում՝ առանձին վիրահատարան, առանձին ճիճվաթափարան, առանձին վոլյերներ հիվանդ ու առողջ շների համար՝ ընդհանուր առմամբ, մի երկհարկանի առանձնատուն»: «Բացի այդ,- նշում է Գոհար Սմբատյանը, – քաղաքապետարանը մեր քթից տարավ-բերեց՝ ասելով, որ մենք ամենալավն ենք, ու այդպես էլ հող չտվեց»: Իսկ հողատարածքի առկայությունը մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններից մեկն է:

Երեւանում այսօր միայն մեկ կազմակերպություն ունի տարածք եւ պատրաստի կացարան՝ Ն. Մեհրաբյանի գլխավորած «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ-ն: «Հասկացա, որ իմաստ չունի հեռուստացույցով ասել, թե ինչ վատ են անում, որ կրակում են շների վրա, ու որ պետք է փաստացի մի բան անել,- ասում է Նունեն,- ծախեցի ունեցածս՝ սկսած ոսկեղենից: Մարդիկ կային, որ օգնեցին ինձ, որոնց վրա ազդում էր այդ ամենօրյա սպանդը, ընդ որում, դրանք մեծահարուստներ չէին, այլ սովորական մարդիկ»:

Կացարանում փորձնական՝ 10 շան ստերիլիզացիա կատարվեց: «Գումար չկար վճարելու. ծանոթների միջոցով գտա անասնաբույժ Միհրան Լազյանին, որն ինձ նվիրեց այդ 10 ստերիլիզացիան»:

Այսօր կացարանում արդեն գազ եւ էլեկտրականություն է անցկացված՝ ամերիկահայ բարեգործ Հերման Հինթիրյանի աջակցությամբ: «Տարածքի զբոսահրապարակը մի փոս էր,- պատմում է Նունեն: -Հող ենք բերել-լցրել, հետո տրակտորով հարթեցրել: Պրն Հինթիրյանի օգնությամբ ես նաեւ որոշ չափով սնունդ ապահովեցի, աշխատավարձ մարդկանց տվեցի»: Այսօր, բացի Նունեից, կացարանում աշխատում են 4 հոգի՝ 2 կին, որ մաքրություն եւ պահակություն են անում հերթափոխով, մի խնամող երիտասարդ տղա եւ 1 անասնաբույժ: Նունեի խոսքով, պայմանագրեր են կնքված հատուկ մեքենաների հետ, որոնցով էլ այս ու այն տեղից հավաքում են շներին:

Թերթերում զետեղված հայտարարությունների միջոցով կազմակերպությունը շներին հանձնում է հուսալի ձեռքերի: «Ամեն մեկին չէ, որ տալիս եմ. կան մարդիկ, որ հավեսները հանելուց հետո դուրս կնետեն շանը: Բացի այդ՝ գրանցում եմ հասցեն, հեռախոսահամարը: Արդեն շուրջ 45 շուն հանձնել ենք հուսալի ձեռքեր»,- ասում է Նունեն: Այսօր կացարանում բնակվում է շուրջ 100 շուն, այդ թվում` Բանգլադեշում ծառից կախված վիճակում գտնված Արջուկը: «Շներին բաց թողնել չեմ կարող, քանի որ կրակում են,- նշում է Նունեն: Եվ հավելում,- ես չգիտեմ ոչ մի ուրիշ երկիր, որտեղ այսքան արվածից հետո կարող էին չաջակցել ու չընդառաջել»:

Այսօր քաղաքապետարանն ունի 2 տարբեր՝ շներին սպանելու եւ պահելու մրցույթների միաժամանակ անցկացման իր տրամաբանությունը: «Մենք չգիտենք, որքանով նոր տարբերակն իրեն կարդարացնի՝ անգամ, եթե մրցույթով հաղթող լինի,- նշում է Կ. Գեւորգյանը: -Այդ պատճառով զուգահեռ 2 մրցույթ ենք հայտարարել: Ու հնարավոր է, 2 ձեւով էլ հաղթող լինի: Թող մեկը մյուսին օգնի, որ կարողանանք այս կենդանիների վնասազերծման հարցը լուծել եւ տեսնել, թե որ ձեւն իրեն կարդարացնի»:

Սակայն անասնաբույժ Վ. Աբրահամյանի խոսքով՝ սա մի կազմակերպության ու մի կացարանի գործ չէ, եւ ոչ էլ մի քանի որսորդի: «Պետք է պիտոմնիկներ կառուցել, շներին այնտեղ պահել-կերակրել, հետո՝ ժամանակի ընթացքում, կամաց-կամաց բաժանել՝ անհատների, կազմակերպությունների, ինստիտուտների, թեկուզ՝ գիտական աշխատանքների համար: Կոմպլեքս լուծում է պետք տալ: Ես կառաջարկեի, որ բոլոր թաղապետարաններում, մարզերում լինեն նման ջոկատներ, որոնք կզբաղվեն, եւ այդ հարցը միանգամից՝ գլոբալ կլուծեն: Ճիշտ ճանապարհը սա է, իսկ կրակելը, սպանելը նորմալ երեւույթ չեմ համարում: Բայց այդ բոլորի գլխին կանգնած է ֆինանսը»:

ՀԿ-ների հավաստմամբ, սակայն, գումարներ էլ կան, սպոնսորներ էլ, բայց վերջիններս ուզում են համապատասխան պայմանագիր քաղաքապետարանի հետ՝ նախքան գումարների տրամադրումը: