Միլիոններ անտառներին

25/02/2006

ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամն անտառների զարգացման համար 2005թ. քաղաքացիներից եւ կազմակերպություններից բարեգործական նվիրատվություններ է ստացել (շուրջ 25 մլն 115 հազար դրամ): Համեմատաբար զգալի նվիրատվություններ կատարողների թվում են «Զանգեզուրի ՊՄԿ» (10 մլն), «Երեւանի կոնյակի գործարան» (4 մլն 655 հազար), «Մաքուր երկաթ» (2 մլն 500 հազար), «Արմենիա Քափր Փրոգրամ» (2 մլն), «Աշտարակ կաթ» (1 մլն), «Գրանդ տոբակո» (920 հազար) եւ այլ ընկերություններ: «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի միջոցների հաշվին ֆինանսավորվել է նաեւ «Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի Ապարանի ջրամբարի հարակից տարածքի անտառատնկման» ծրագիրը, որի նախագծային արժեքը կազմել է 10 մլն 730 հազար դրամ: Այդ ծրագրով 5 հա անտառ հիմնելու աշխատանքների գնումը կատարվել է «Լանդշաֆտ դենդրոսերվիս» ՍՊԸ-ից, որի հետ բանակցությունների արդյունքում ծրագրի գինը կազմել է 8 մլն 400 հազար դրամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված 233,7 մլն դրամի փոխարեն, հիմնադրամի տարեկան դրամական միջոցների մուտքային մասը կազմել է 216,9 մլն դրամ, ծախսային մասը՝ 213,7 մլն դրամ: 2005թ. հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար Գյուղատնտեսության նախարարության արտաբյուջետային հաշվից հատկացվել է նաեւ 177,7 մլն դրամ, որից 172,2 մլն-ն ուղղվել է ոռոգման ցանցերի եւ անտառատնկման աշխատանքների ֆինանսավորմանը, իսկ 5 մլն-ը հատկացվել է «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը: 2005թ. նշված ՀԿ-ին ընդհանուր հաշվով տրվել է 10 մլն դրամ: