Արոնյանը տարավ երկրորդ հաղթանակը

25/02/2006

Լինարես քաղաքում շարունակվում է ամենամյա շախմատային սուպերմրցաշարը, որը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի է։ Հզոր կազմ ունեցող այս մրցաշարին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը, որը բավական հաջող է հանդես գալիս։ 5-րդ տուրում աշխարհի գավաթը նվաճած մեր հայրենակիցը պարտության մատնեց առաջատարներից մեկին՝ ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին։ Նշենք, որ Արոնյանը, Սվիդլերը եւ բուլղարացի Վեսելին Թոփալովը մասնակիցների մեջ ունեն ամենաբարձր վարկանիշը։ Թոփալովն այս տուրում նույնպես 1 միավոր է վաստակել՝ պարտության մատնելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին։ Ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովն ու Իսպանիան ներկայացնող Ֆրանսիսկո Վալախոն հանդիպումն ավարտել են ոչ ոքի։ Խաղաղ ելքով է ավատվել նաեւ Էթյեն Բաքրո (Ֆրանսիա) – Պետեր Լեկո (Հունգարիա) պարտիան։

Այսպիսով, 5 տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3 միավոր եւ ներկա դրությամբ զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Միանձնյա առաջատարը Լեկոն է, որն ունի 4 միավոր։ Սվիդլերը վերջինիս զիջում է 0,5 միավորով եւ գտնվում է 2-րդ տեղում։ Իվանչուկը, Թոփալովը, Ռաջաբովն ու Բաքրոն 2-ական միավորով բաժանում են 4-7-րդ տեղերը։ Ետնապահը Վալեխոն է, որն իր ակտիվում ունի ընդամենը 1,5 միավոր։