Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին հայտարարել էր, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: Երեկ այդ առնչությամբ պարզաբանումներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմանավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Ակնհայտ է նաեւ, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին: Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել:
Համենայն դեպս, ընդհանուր պայմանավորվածություն կա համանախագահների հետ, եւ դա նույնիսկ Ադրբեջանն է ընդունում. սկզբունքների ճշտումից հետո Լեռնային Ղարաբաղը որպես կողմ իր մասնակցությունն է ունենալու համաձայնության մանրամասների շուրջ ընթանալիք քննարկումներին»,- ասված է Վ. Օսկանյանի տարածած պարզաբանման մեջ:
Նկատեք, որ ԼՂՀ-ն ցանկանում է մասնակցել հենց «սկզբունքների ճշտման» գործընթացին։