Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդունել է իր իրավահաջորդի` Արմեն Հարությունյանի հանդիպման հրավերը: Երկու պաշտպանները, ինչպես վստահեցրեց Լ. Ալավերդյանը, կհանդիպեն հաջորդ շաբաթ: «Ես միտված չեմ տարօրինակ կեցվածք ընդունելուն: Ես չգիտեմ` նա ինչ է հարցնելու, կարող է նրա հարցերը վարչարարական ոլորտից լինեն»,- ասաց նա: Լ. Ալավերդյանի համոզմամբ, օմբուդսմենի հաստատությունը միշտ ունենում է այն դեմքը, որը պաշտպանն է ունենում: «Եթե այն իմիտացիոն բնույթ է կրում, ապա նա լինում է կուսակցականացված եւ ընդունում է այն դեմքը, որն ունի երկրի իշխող ուժը»,- վստահեցնում է առաջին պաշտպանը: «Իսկ հնարավո՞ր է` առաջին պաշտպանը սկսի զբաղվել քաղաքականությամբ» հարցին Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ես միշտ խորշել եմ քաղաքական դաշտից: Խոսքն այն մասին չէ, որ ես դրանից դուրս եմ. Հայաստանում դժվար է գտնել մեկին, որն այբուբեն գիտի ու քաղաքականությունից դուրս է: Կուսակցականացումն այս դրսեւորումներով ինձ հոգեհարազատ չէ: ԽՍՀՄ տարիներին հարազատ չէր, որովհետեւ միակն էր, այսօր էլ, որովհետեւ հարյուրն են: Այս կուսակցական դաշտն ինձ առայժմ չի ձգել: Այդ ամենը կարելի է անել նաեւ հասարակական կազմակերպությամբ: Ամեն մարդ պետք է զգա ընդդիմության այլակարծությունը նաեւ նրա գործունեության մեջ, դա միայն ԱԺ-ով չէ,- ասում է նա։ -Եթե մենք մեր ուժերը չկենտրոնացնենք նորմալ ընտրություններ անցկացնելու վրա, ապա 2007թ. նորից նույն ընտրություններն ենք ունենալու: Եթե այսօր չսկսենք` կուշանանք ու ավելի քիչ արդյունք կունենանք: Մենք մուտացիա ենք ապրում, որի դեմը պետք է առնել: Իրական կուսակցություններ, որով կայացել են արեւմտյան երկրները, մեզ մոտ դեռ չկան»: Անդրադառնալով նորաստեղծ կուսակցություններին, Լ. Ալավերդյանը նկատեց. «Ի՞նչն է նրանց մղում նոր կուսակցություններ ստեղծելուն, երբ նման հարյուրավորներն արդեն կան, եթե ոչ իրենց թիմն ունենալը»: