Ողբերգությո՞ւն, թե՞ ունիվերսալություն

24/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Մենք դեռ փորձում ենք համակարգել կատարվածը: Կարող եմ ասել, որ 2006-ը հակամարտության լուծման տարի է: Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Վերջինս` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե 2006թ. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնություն ձեռք չբերվի, պատասխանել է. «Երկու տարվա ընթացքում այնքան դրական աշխատանք է կատարվել: Պատուհանը կա, եւ անհրաժեշտ է համաձայնության գալ: Իսկական ողբերգություն կլինի, եթե կողմերը չօգտվեն այս հնարավորությունից»: Ամերիկացի համանախագահը կտրականապես հերքել է ադրբեջանական մամուլի այն հրապարակումները, թե բանակցությունների երկրորդ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը դուրս են եկել բանակցային դահլիճից եւ առանձնացել, ինչից հետո Հայաստանի նախագահը վերադարձել է եւ անակնկալ կերպով ընդհատել բանակցությունները: «Ես Ռամբույեում եմ եղել եւ նման բան չեմ տեսել: Ես ծանոթ եմ այդ հրապարակումներին եւ կարող եմ ասել, որ այդ պատմությունը հնարած է: Այդ ամենը լեցուն է երեւակայությամբ, եւ չգիտեմ, թե որտեղից է գալիս»,- նշել է Ս. Մանը: Ըստ նրա, Ռամբույեի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին եւ ներկայացրել բանակցությունների մանրամասները: «Ալիեւը եւ Ռայսը բավական մանրամասն են խոսել Ռամբույեի բանակցությունների մասին: Պետքարտուղարը շեշտել է համաձայնագրի կայացման կարեւորությունը եւ վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը բանակցային գործընթացին աջակցելու հարցում»,- ասել է Մանը: Նկատենք, որ բանակցային գործընթացին աջակցելու հարցում իր հավատարմությունը Ռամբույեի բանակցություններից հետո հաստատել է նաեւ Ռուսաստանը: Ավելին` փետրվարի 19-ին այդ երկրի Արտգործնախարարությունը տարածել է ԼՂ-ին վերաբերող մի հայտարարություն, ուր նշվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման երաշխավոր լինելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Վերջին օրերին էլ ռուսական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ԼՂ խնդրի կարգավորման գործում ՌԴ դերի բարձրացման անհրաժեշտության հարցը: Եվ այս օրերին ռուսական ԶԼՄ-ները լեցուն են այդ անհրաժեշտությունը հիմնավորել փորձող բազմաթիվ հրապարակում-վերլուծություններով: Ռուսաստանցի տարատեսակ փորձագետներ, խոսքները մեկ արած, այս օրերին, իրար հերթ չտալով, փորձում են հիմնավորել այն թեզը, թե առանց ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում ՌԴ դերի շեշտակի բարձրացման, ԼՂ հարցը չի լուծվի: Այդ շարքին կարելի է դասել նաեւ Ռուսաստանի «Ազգային ռազմավարության խորհրդի» ներկայացուցիչ Իոսիֆ Դիսկինի նախօրեին հրապարակված վերլուծությունը: Վերջինում մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ վերոնշյալ հայտարարությունը` Դիսկինը կարծիք է հայտնել, թե այն բավականին զգուշավոր է: «Պետք է նկատել, որ Ռուսաստանը չի հայտարարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին իր մասնակցելու հավակնությունների մասին, այլ միայն պատրաստ է երաշխավորել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք կբերվեն նրանց բանակցությունների ընթացում»,- «Regnum»-ի փոխանցմամբ` ասել է Դիսկինը:

 Նկատի ունենալով Բաքու-Ջեյհան նավթամուղը, Դիսկինը նշել է, թե ԱՄՆ-ը վաղուց թափանցել է Ադրբեջան եւ այնտեղ իր կենսական շահերն է պաշտպանում: Նրա խոսքերով` ԱՄՆ-ը կտրուկ վատացրեց հարաբերություններն Իրանի հետ, եւ Իրանը, որտեղ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան Ադրբեջանում, այս իրավիճակում կարող է, օգտագործելով իր ադրբեջանական սփյուռքի ազդեցությունը, ներսից պայթեցնել Ադրբեջանը: Դիսկինի կարծիքով` Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, քանի որ մի կողմից` այդ երկրի քաղաքագետները հասկանում են, որ ԼՂ-ն նրանք երբեք չեն վերադարձնի, մյուս կողմից էլ` նրանք չեն կարող հայտարարել դա, քանի որ երկրում կան բավարար քանակությամբ ծայրահեղական տրամադրված նացիոնալիստներ, որոնք այդ դեպքում կարող են մարդկանց փողոցներ հանել` իշխանություններին մեղադրելով կապիտուլյացիայի եւ ծախվածության մեջ: «Եվ այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարները փնտրում են երկիր, որն իրենց կառաջարկի հարցի խաղաղ կարգավորման ծրագիր եւ դրանով հանդերձ կհանդիսանա կայունության երաշխավոր, ներառյալ Ադրբեջանի ներքին կայունությունը: Եվ այստեղ Ադրբեջանի համար ակնհայտ է դառնում, որ այդպիսի երաշխավոր կարող է լինել Ռուսաստանը, որի մասնակցության դեմ հիստերիա չեն բարձրացնի ո՛չ ներադրբեջանական ընդդիմադիր ուժերը, ո՛չ Իրանը, որը հետաքրքրված է նրա հետ լավ հարաբերությունների պահպանմամբ, եւ ո՛չ էլ ԱՄՆ-ը, որին այդքան հարկավոր է կայունությունն Ադրբեջանի ներսում»,- ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ դերի բարձրացման անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում Դիսկինը: Վերջինիս պնդմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանն արդեն վաղուց է մշակված. այն նույնն է եւ ներկայացվում է արդեն շատերի կողմից: Ըստ այդմ, Ղարաբաղն Ադրբեջանին է հանձնում «ադրբեջանական օկուպացված տարածքները» եւ վերադառնում է ԼՂ նախկին սահմաններ, փոխարենը ստանում է 15 տարով հետաձգված կարգավիճակ` ողջ այդ ընթացքում պահպանելով ներքին ինքնուրույնությունն ու ինքնաղեկավարումը: «Այստեղ միշտ խնդիրը եղել է այն, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում այս ծրագրի իրականացումը կդիտվի որպես կապիտուլյացիա: Եվ այդ իրավիճակում միայն Ռուսաստանի ունեցած հեղինակությունը երկու երկրներում կարող է երաշխավորել ներքաղաքական կայունությունը: Եվ բացի այդ, ոչ ոք, բացի Ռուսաստանից, չի կարող երաշխավորել, որ Իրանը չի մասնակցի Ադրբեջանի ներքաղաքական կոնֆլիկտի անընդհատ եւ աստիճանական ծավալմանը»,- ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ դերի բարձրացման անհրաժեշտության հիմնավորումն այսպես է շարունակում «Ազգային ռազմավարության խորհրդի» ներկայացուցիչը: Ըստ նրա, այս առումով Ղարաբաղի մասին Ռուսաստանի Արտգործնախարարության հայտարարությունը կարելի է դիտարկել իբրեւ վերջերս նախագահ Պուտինի կողմից հնչեցված «Կոսովոյի մոդելի» ունիվերսալության իրականացման սկիզբ: