Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության երկրորդ փուլից հետո օմբուդսմենի թեկնածու Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները ԱԺ միջանցքներում սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե իշխանություններին ՄԻՊ ընտրությունները վերահսկողության տակ պահել հաջողվեց ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ջանքերի շնորհիվ:
Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները մասնավորապես մատնանշում էին այն փաստը, որ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ հանվեցին քվեախցիկների վարագույրները: Ու դրանից հետո ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին լայն հնարավորություն ընձեռվեց` կանգնել քվեախցերի արանքում եւ վերահսկել պատգամավորների «բաց» քվեարկությունը: Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պարոն Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ինքը կիսո՞ւմ է արդյոք այդ տեսակետները: «Ես չեմ կիսում այդ տեսակետները, որ ընդդիմության ճամբարից որեւէ մեկը նպաստեց ճնշումներին: Համենայնդեպս, քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմությունից ովքեր եղել են դահլիճում, բոլորն ինձ ձայն են տվել, եւ բացի այդ, ոչ ընդդիմադիր ճամբարից էլ ես բավականաչափ մեծ ձայներ եմ ստացել, եւ կային պոտենցիալ ձայներ, եթե չլինեին այդ տարբերանշանների մեխանիզմն ու խիստ սպառնալիքը»,- իր կողմնակիցների հայտարարությունները հերքեց Հրանտ Խաչատրյանը: Վերջինս մարդու իրավունքների պաշտպանի ընտություններին ավելի մանրամասն խոստացավ անդրադառնալ փետրվարի 27-ին` ԱԺ նստաշրջանի ժամանակ: Իսկ երեկ Հ. Խաչատրյանը հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին ընդդիմության մասնակցությունը որակվեց որպես ձիու քայլ: «Սակայն հետագայում այդ ձիու վրա մենք չհասցրեցինք տեսնել հեծյալին կամ էլ հեծյալին ուղղակի շփոթեցինք ձիու հետ»,- ասաց նա: Ձին, Հրանտ Խաչատրյանի կարծիքով, խորհրդարանական փոքրամասնությունն է, որն առաջադրեց նրան, իսկ հեծյալն` այն ծրագիրը, որով ընդդիմությունը փորձում էր լուծել մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա խնդիրները: Հ. Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ ինքը կընտրվեր օմբուդսմենի պաշտոնում, եթե չլիներ իշխանությունների սահմանած վերահսկողությունը: «Եթե չլինեին տարբերանշաններն ու սպառնալիքները, ինձ պոտենցիալ ընտրողներ կլինեին»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ պետք է այդ ուժերը պահպանեին իրենց ինքնուրույնությունը, սակայն եւ ժողովուրդը, եւ կուսակցությունները բաց թողեցին «այդ պահը»:
Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, որ առաջիկայում ՍԻՄ-ը շարունակելու է իր հանդիպումները քաղաքական կուսակցությունների հետ: «Մենք շփումների մեջ ենք մտնելու բոլոր կուսակցությունների հետ: Բոլոր քաղաքական ուժերի հետ ոչ թե սեղանային, խորովածային, խաշային տերմիններով, այլ քաղաքական տերմիններով քննարկելու ենք երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերները, լսելու ենք նրանց տեսակետները, որը հիմք կծառայի ավելի ուշ` տարվա երկրորդ կեսին սկսել բանակցություններ նրանց հետ, ում տեսակետների մեջ կտեսնենք ավելի մեծ հոգեհարազատություն»,- ասաց նա: Թեեւ, ըստ Հ. Խաչատրյանի, «ոչ մի քաղաքական ուժ դաշինքային առումով դրական փորձ չունի, այդ պատճառով կփորձենք ավելի հարազատ կուսակցության հետ դաշինք կազմել: Ամեն անգամ փորձում ենք լուրջ դնել խնդիրը, որ լինի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ»,- գտնում է ՍԻՄ նախագահը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենք դաշինք կազմեն Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցության հետ, մանավանդ, որ նրա առաջնորդի հետ իրենք բավական սերտ հարաբերությունների մեջ են, Հ. Խաչատրյանն ըստ էության չհերքեց: «Համագործակցության համար եւ անձնական կապերը, եւ փոխադարձ օգնության դրվագները կարեւոր դեր են խաղում, բայց մեզ համար ավելի կարեւոր է լինելու ծրագրային ընդհանրությունը: Սամվել Բաբայանի հետ մենք համագործակցել ենք հանուն հայրենիքի, եւ եթե նման ծրագիր նորից լինի, կշահի եւ՛ Սամվել Բաբայանը եւ՛ ես»,- հայտարարեց նա:
Ի դեպ, Հ. Խաչատրյանը համոզված է, որ ապագա խորհրդարանում «Արդարություն» դաշինքը տեղ կունենա, այն էլ` գրեթե այսօրվա կազմով: ««Արդարությունը», կարծում եմ, այդ անվամբ եւ այսօրվա դաշինքի անդամների առումով ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում»,- ասաց նա: Ըստ ՍԻՄ նախագահի, այսօր ընդդիմությունը պասիվ չէ: «Պասիվությունը ես տեսել եմ միայն մի բանում` երբ խոստացանք հեղափոխություն իրականացնել, ու չհաջողվեց»,- ասաց նա, թեեւ, դեռ հույս ունի, որ ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:
Ի դեպ, ՍԻՄ նախագահը երեկ անդրադարձավ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին ու ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախօրեին արած հայտարարությանը, թե բանակցություններին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: «Եթե Արցախը պետք է անհամաձայնություն հայտնի կամ ակնարկի, որ Հայաստանի իշխանությունները՝ անձամբ առաջին դեմքն, իրեն դուրս է թողնում բանակցությունների գործընթացից, ապա արցախահայությունը պետք է կանգնի իր նախագահի թիկունքին»,- հայտարարեց Հրանտ Խաչատրյանը: Նրա կարծիքով, Արցախում խնդիրն այս կամ այն չափով կլուծեն, իսկ Երեւանն այդ ուղղությամբ ոչինչ չի անում:
«Արցախի անկախության գաղափարը Հայաստանում չի ծնվել, այն ներմուծվել է Հայաստան՝ Արցախը ՀՀ-ից որոշակի հեռավորությամբ անջատելու համար: Եթե ժամանակին իրականացվեր վերամիավորված երկրի տարբերակը, ապա մենք ավելի մեծ հաջողություններ կունենայինք»,- ասաց Հ. Խաչատրյանը: