«Մոտ օրերս ես մտադիր եմ կապվել Հայաստանի նախագահի հետ եւ հրավիրել նրան Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրացուցիչ կոսնուլտացիաների», – Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Համաձայն եմ Իլհամ Ալիեւի հետ, որ չնայած բարդություններին, կողմերը կարող են գտնել երկուստեք ընդունելի լուծում, – ասել է Պուտինը եւ ավելացրել,- Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունների արդյունքը դրական լինի: Մենք լիովին բացառում ենք կողմերից մեկի վրա որեւէ ճնշման կիրառումը: Մենք կարող ենք հանդես գալ միայն միջնորդի, կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունները երաշխավորողի դերում»: Իսկ պաշտոնական Երեւանը դեռ չի շտապում մեկնաբանել Պուտինի հրավերը: «Երբ կլինի կոնկրետ հրավեր, այն ժամանակ էլ կլինի մեկնաբանություն: Առայժմ մենք ասելու բան չունենք»,- ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասուլիսում նշել է նաեւ, որ նախագահ Պուտինի հետ «շատ հանգամանալից քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»: «Ադրբեջանն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես հարեւան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, հետագա մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման գործում»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր ընդունել են համատեղ հայտարարություն, որում մտադրություն են հայտնում որակապես նոր մակարդակի հասցնել միջպետական հարաբերությունները՝ «քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը կատարելագործելու ճանապարհով»: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է մշակեն ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ գործակցության ծրագիր, որն «ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ չի հակասելու երկու պետությունների միջազգային պարտավորություններին»: Վ. Պուտինը եւ Ի. Ալիեւը ռազմաքաղաքական համագործակցությունը դիտել են որպես «ռազմավարական գործընկերության կարեւոր բաղկացուցիչ»:
Ա.Ա.