«Որբ դեղերի» ճանապարհը

24/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Դեղորայքի ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները շուկայում չգրանցված դեղորայքի վաճառքի իրողությունը պատճառաբանում են դեղերի գրանցման համար հաստատագրված բարձր վարձավճարներով: Քանի որ դեղորայքի փորձաքննության եւ գրանցման արժեքը վճարում է արտադրող կազմակերպությունը, ուստի ինքն էլ որոշում է՝ որտեղ արտահանել իր արտադրանքը:

Հայաստանյան շուկան այս առումով արտադրողների համար գրավիչ չէ, ուստի նրանք այս տարածաշրջանում իրենց ապրանքի օրինական վաճառքի համար գերադասում են հիմնականում Վրաստանը, որտեղ գրանցման համար անհամեմատ քիչ գումար է անհրաժեշտ: Եթե Հայաստանում մեկ անուն դեղի գրանցումը կարող է արժենալ մոտ 2000 ԱՄՆ դոլար, ապա Վրաստանում այն կազմում է մոտ 400 ԱՄՆ դոլար: Ահա այս պատճառով էլ հայկական շուկայում հայտնվում է չգրանցված դեղորայքը: «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանի հավաստմամբ, սակայն, Հայաստանում դեղերի փորձաքննության համար սահմանված վարձավճարներն աշխարհում նվազագույններից են (կառավարության հատուկ որոշմամբ հաստատագրված է՝ վերարտադրված դեղերի գրանցումն արժե 900.000դրամ, յուրաքանչյուր դեղաձեւի գրանցումը՝ 450.000դրամ, յուրաքանչյուր դեղաչափը՝ 250.000դրամ եւ այլն): «Երկու տարի առաջ Վրաստանում չգիտես ինչ պատճառներից ելնելով միանգամից իջեցրին դեղերի փորձաքննության վարձավճարները՝ 1500 դոլարից հասցնելով 400 դոլարի, եւ կոպիտ սխալ թույլ տվեցին, որքանով ես տեղյակ եմ, հիմա նրանք նորից բարձրացրել են գները՝ վերադառնալով նախկին մակարդակին»,- ասում է Ա. Սահակյանը: Պրն Սահակյանը` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկումներն այս ոլորտի վերաբերյալ՝ նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված օրենք է՝ եթե դեղերի փորձաքննության եւ գրանցման վարձավճարները որեւէ երկրում ցածր են, ուրեմն պատշաճ փորձաքննություն չի անցկացվում: «Դեղերի փորձաքննության վարձաչափերի բարձր լինելն ինքնանպատակ չէ, դրա տակ մեծ աշխատանքներ են թաքնված, թանկարժեք տեխնոլոգիաներ ու ռեակտիվներ են թաքնված, որոնք բարձր արժեք ունեն եւ, ընդհանրապես, դեղերի փորձաքննության արժեքը բարձր է ամբողջ աշխարհում, մենք վերցրել ենք նվազագույնը, որն այժմ 50-60 դոլարով գուցե Վրաստանից բարձր լինի, սակայն ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում դեղերի փորձաքննությունն արվում է բարձր մակարդակով»,- հավաստիացնում է Ա. Սահակյանը:

Մեր շուկայում վաճառվող չգրանցված դեղամիջոցները հիմնականում աշխարհում «որբ դեղեր» պիտակը ստացած դեղամիջոցներն են: Սրանք այն դեղերն են, որոնք թեեւ անհրաժեշտ, սակայն շատ քիչ պահանջարկ ունեն եւ ոչ արտադրողներին, ոչ ներկրողներին չեն հետաքրքրում, ուստի յուրաքանչյուր պետություն ինքն է շահագրգիռ նման դեղերի ձեռքբերմամբ: Ա.Սահակյանի հավաստմամբ` Առողջապահության նախարարությունն արդեն կազմել է մեր հանրապետությանն անհրաժեշտ «որբ դեղերի» ցանկը, 10 անուն դեղ արդեն պետական միջոցների հաշվին լաբորատոր փորձաքննության է ենթարկվել ու գրանցվել:

Դեղերի ներկրմամբ զբաղվող կազմակերպությունները նշում էին նաեւ մեկ այլ փաստ, որ կարող է խրտնեցնել դեղ արտադրողներին մեր շուկայի հետ գործ ունենալուց՝ դա դեղերի գրանցման հնգամյա ժամկետն է, որ կրկին զիջում է Վրաստանին՝ յուրաքանչյուր դեղ այնտեղ գրանցվում է 10 տարի ժամկետով: «Դեղն այնպիսի ապրանք չէ, որ արտադրեն ու թողնեն. դրա կիրառումն ու դրսեւորած կողմնակի երեւույթներն ու ազդեցություններն անընդհատ հսկվում են, եւ յուրաքանչյուր նոր երեւույթի, ազդեցության ի հայտ գալու հետ մեկտեղ՝ արտադրողն այդ դեղի փաստաթղթերում փոփոխություններ է կատարում, փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են արժեւորել այդ բոլոր փոփոխությունները, ստուգել այդ դեղորայքին վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը, որպեսզի արտադրողը հնարավորություն չունենա հանկարծ թյուրիմացության մեջ գցել այն պետությանը, որտեղ գրանցում է իր արտադրանքը. այս առումով դեղերի գրանցմամբ զբաղվող կազմակերպությունները իրենց երկիրը կեղծ, անորակ դեղերից ու դրանց վտանգավոր հետեւանքներից պաշտպանող ամենահզոր պատնեշն են»,- դեղերի գրանցման ժամեկետայնությունն այսպես է կարեւորում Ա. Սահակյանը:

Չգրանցված դեղերի իրացմանը հաճախ նպաստում են նաեւ բժիշկները: Բժիշկն իրավունք չունի հիվանդի բուժման համար չգրանցված դեղամիջոց նշանակել: «Մենք ուսումնասիրություններ ենք կատարել բժիշկների շրջանակում եւ պարզել, որ նշանակումներ անելիս ոչ բոլորն են օգտվում մեր դեղերի գրանցամատյանից, մինչդեռ նրանք բոլորը պարտավոր են ունենալ այդ գրանցամատյաններից, հատկապես, որ յուրաքանչյուր նոր փոփոխություն, լրացում անպայման առանձին հրատարակվում է պաշտոնական տեղեկագրով»,- ասում է Ա. Սահակյանը, որի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր բժիշկները հատկապես տուրք են տալիս ռուսական հեռուստաալիքներով գովազդվող դեղամիջոցներին եւ առանց հաշվի առնելու՝ այդ դեղը մեզ մոտ գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, նշանակումներ են անում: «Հնարավոր է, որ մեզ մոտ գրանցված լինի այդ դեղորայքի ավելի լավ կամ համարժեք տարբերակը, որն իր արդյունավետությամբ չի զիջում գովազդվող դեղորայքին, սակայն նրանց միշտ թվում է՝ եթե գովազդվում է, ուրեմն ամենալավը դա է»,- նկատում է Ա. Սահակյանը:

Հանրապետությունում այսօր գրանցված է շուրջ 3538 դեղորայք: Սրա մեջ, սակայն, չեն մտնում բուժական նշանակություն ունեցող գեղարարական միջոցները (դեմքի քսուքներ, շպարներ եւ այլ), որոնք պակաս վնասակար հետեւանքներ չեն ունենում: Դեղերի մասին համապատասխան օրենքում դրանց վերաբերյալ որեւէ հիշատակում չի եղել: Սակայն արդեն ԱԺ քննարկմանը ներկայացված նոր օրենքի նախագծում մտցվել է գեղարարական այդ նյութերի պարտադիր գրանցման վերաբերյալ դրույթը:

«Վագա Ֆարմն»` ընդդեմ Առողջապահության նախարարության

Դեղերի ներկրմամբ զբաղվող որոշ կազմակերպություններ, սակայն, որոշակի դժգոհություններ ունեն «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» աշխատանքներից: Յուրաքանչյուր դեղի ներկրման ժամանակ նրանք պարտավոր են ունենալ նախ այս կազմակերպության կատարած փորձագիտական քննության դրական եզրակացությունը, որից հետո Առողջապահության նախարարությունը ներկրման հավաստագիր է տալիս: Մասնավորապես «Վագա Ֆարմ» ընկերությունը անցյալ տարի՝ ունենալով այս կազմակերպությունների թույլտվությունը, ներկրել է «Բիսեպտոլ» դեղամիջոցը: Այս տարի, սակայն, Առողջապահության նախարարությունը նույն դեղամիջոցի ներկրման համար կազմակերպությանը հավաստագիր չի տալիս՝ հիմք ընդունելով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» բացասական եզրակացությունը: Ըստ «Վագա Ֆարմի» հիմնադիր-տնօրեն Վահե Վարսանյանի՝ պատճառը դեղորայքի արտաքին փաթեթավորման մեջ տեղ գտած որոշ գրառումների փոփոխություններն են: «Անցյալ տարի մեզ թույլատրվել էր ներկրել նույն սերիայի եւ նույն արտաքին փաթեթավորման տեսք ունեցող դեղորայքը, սակայն այս տարի այդ նույն դեղի ներկրումն արգելում են՝ պատճառաբանելով, որ փաթեթի գրառումները չեն համապատասխանում գրանցված նմուշին, մինչդեռ «գրանցված նմուշ հասկացություն» ըստ օրենքի գոյություն չունի, կա «գրանցված դեղ» հասկացություն, որի համար պարտադիր բոլոր պայմաններին այդ դեղորայքը համապատասխանում է»,- «Վագա Ֆարմի» տնօրենը «կամայական վերաբերմունք եւ անհարկի բյուրոկրատական քաշքշուկ» առաջացնելու միտում է տեսել վերոհիշյալ կազմակերպությունների կողմից եւ որոշել խնդիրը կարգավորել դատական ատյանների միջոցով: Մարտի 9-ին Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում կլսվի «Վագա Ֆարմի» հայցն` ընդդեմ Առողջապահության նախարարության: «Չնայած բացասական եզրակացությունը «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն է տվել, սակայն Առողջապահության նախարարությունը կարող էր ընդդիմանալ, որովհետեւ մեկ տարի առաջ ինքն էր հավաստագիր տվել նույն դեղորայքի ներկրման համար»,- գտնում են «Վագա ֆարմի» աշխատակիցները, ովքեր մեղադրում էին վերոհիշյալ ՓԲԸ-ին դեղորայքի ոչ պատշաճ փորձաքննություն իրականացնելու մեջ: «Նրանք կարող են դեղի արտաքին փաթեթավորման գրառումներում ինչ-որ տառերի հետուառաջ տպվելը պատճառ բռնել եւ միանգամից, առանց այդ դեղի պատշաճ լաբորատոր փորձաքննության, մերժել դրա ներկրումը, իսկ Առողջապահության նախարարությունն այս դեպքում ընդամենը այդ կազմակերպության կամակատարն է»,- համոզված են նրանք: